«ՈՉ ՄԵԿԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ՈՐԵՎԻՑԵ ՄԻ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16«ՈՉ ՄԵԿԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ՈՐԵՎԻՑԵ ՄԻ ԱԹՈՌԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ ՉԷ»
Աշխատանքից ազատվել է, թերեւս ՀՀ սփյուռքի նախարարության մամլո քարտուղարի պաշտոնը ստանձնած ամենաերկարատեւ աշխատակիցը` ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ: Իր դիմումի, սփյուռքի նախարարության շուրջ հնչող քննադատությունների ու պատճառների մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Մ.Խուրշուդյանի հետ.
- Ես արձակուրդում եմ եւ արձակուրդին զուգահեռ աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Բնականաբար, պետք է պատճառ լինի եւ պատճառը նոր աշխատանքի տեղավորվելն է, որը կարծում եմ`նորմալ, բնականոն աշխատանքային գործընթաց է:
- Գաղտնիք չէ, որ սփյուռքի նախարարությունում կադրերը շատ հաճախ են փոխվում, հատկապես մամլո խոսնակները, ի վերջո նախարարության հե՞տ կապված խնդիր է, թե` անձերի:
- Մամլո խոսնակի պաշտոնը ի սկզբանե կարծում եմ` բոլոր նախարարություններում հայեցողական պաշտոններ են եւ նրանց նշանակում է նախարարը: Նախկին խոսնակների փոխարեն չեմ կարող որեւիցե բան ասել, բայց կոնկրետ իմ հետ կապված մեր նախարարը շատ նորմալ, դրական, քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտ էր ստեղծել: Անձերի որեւիցե խնդիր չկա, հակառակը, կարծում եմ, որ Հրանուշ Հակոբյանը կլինի իմ քաղաքական կյանքի, գործունեության, քաղաքական գիտակցության մեջ ամենակարեւոր մարդկանցից մեկը, ով մեր երկրի, մեր պետականության կազմավորման ստեղծման ճանապարհին մեծ եռանդ ունի ներդրած: Որպես անհատականություն` իրենից շատ բան սովորեցի: Հուսով եմ այլ աշխատանքում էլ ինձ կկարողանամ նորից դրսեւորել այնպես, ինչպես կարողացա այս մեկ տարին դրսեւորվել: Եթե վատ աշխատակից լինեի, կարծում եմ` մեկ ամիսն էլ էր բավական դա նկատելու համար:
- Արդյո՞ք նույնքան դրական ընդունվեց Ձեր հրաժարականը Հրանուշ Հակոբյանի կողմից:
- Սովորական, այսինքն` այնպես, ինչպես կար: Հրանուշ Հակոբյանն այն անհատականություններից է, որ ինքներդ ասացիք, որ այսքան տարիների ընթացքում նա շատերի հետ է նման համագործակցության սկիզբ եւ ավարտ ունեցել: Կարծում եմ` սա բնականոն ընթացք է, ոչ մեկի անուն-ազգանունը որեւիցե մի աթոռի վրա գրված չէ մշտական եւ հավիտենական: Ուստի` սա էլ առօրյայի մաս կազմող սովորական ընթացք է, որն իր հանգուցալուծումը գտավ: Եվ ասեմ, որ շատ դրական եմ տրամադրված մեր նախարարության աշխատակիցների հանդեպ: Բոլորն էլ հաճելի, բազմիմաց մարդիկ են: Իսկապես յուրաքանչյուրն էլ յուրովի փորձում է նեցուկ լինել մեր հայրենիքի զարգացման, բարգավաճման, ծաղկեցման գործին եւ միաժամանակ հայրենիք-սփյուռք գործակցության մեջ սփյուռքի նախարարության աշխատակիցների դերը այնքան մեծ է եւ այնքան շոշափելի, որ կարծում եմ` դուք` լրագրողներդ, նույնպես տեսնում եք եւ դա ակնհայտ է: Վստահ եմ, Սփյուռքի նախարարի ուշադրությունը այնքան է սեւեռված մեր լրատվական դաշտին, այնքան վերաբերմունքը դրական է, որ հետագայում էլ նույն ձեւ կշարունակվի:
- Հետադարձ հայացք նետելով եւ խոսնակ-լրագրող աշխատանքը ամփոփելով` ի՞նչ եզրահանգումների եք եկել:
- Եթե այս մեկ տարին ամփոփեմ, ապա մեկ տարվա ընթացքում մի շատ կարեւոր փաստ պետք է արձանագրել` մեր լրագրողների համար: Եթե այդքան քննադատում են, այդքան քարկոծում են, կամ եզրեր են գտնում, որ քննադատեն ու քարկոծեն, ապա պետք է նրանց հիասթափեցնեմ այն պարզ պատճառով, որ մոտ 100 հոգանոց նախարարությունում մոտավորապես 50-ը աշխատում են նաեւ շաբաթ օրերին եւ ոչ թե պետության հաշվին, այլ ինքնաբուխ իրենց գրասենյակներից դուրս չեն գալիս` օրնիբուն կապ հաստատելով տարածաշրջանային համայնքների, սփյուռքյան լրագրողների, հայ համայնքների ուսուցիչների, պատմաբանների հետ, որպեսզի կարողանան առաջիկա ծրագրերում, համաժողովներում նրանց հարցերին, խնդիրներին անդրադառնան: Դա այնքան խորը, այնքան բարդ աշխատանք է, չէ՞ որ ինքներդ էլ գիտեք, որ սփյուռքը բազմամիտ է, բազմաբյուր է եւ մարդիկ շատ տարբեր են: Եվ այդ ընթացքում պետք է այնքան զգյուշ լինել, որովհետեւ տարբեր են համայնքները, տարբեր են մտածելակերպերը, տարբեր են դրսեւորումները:
- Վերջերս հենց քննադատությունների կիզակետում էր հայտնվել սփյուռքի նախարարությունը, մասնավորապես պաշտոնական կայքէջում նախարարին ուղղված ծննդյան բարեմաղթանքը: Այս ամենի մեջ իր մեղքի լուման ունե՞ր խոսնակը:
- Չեմ կարծում, որ երբ դու շնորհավորում ես քո վերադասի հոբելյանական տարեդարձը եւ շնորհավորում ես մի մարդու տարեդարձ, ով այդ հոբելյանական տարեդարձի 30-ից ավելի տարիները նվիրել է երկիր պետականության կազմակերպմանը, ձեւավորմանը, կանգնած է եղել պետականության ստեղծման ակունքներում, այդտեղ հանցագործություն է արված: Միաժամանակ չեմ կարծում, որ այդտեղ քծնանքի տարրեր կան: Եվ միաժամանակ չեմ կարծում, որ նման նամակը պետք է այսքան մեծ արձագանք գտներ, որովետեւ այդտեղ հայտնված բառերն անգամ քիչ են: Նման տիկնոջ, կանացի կերպարի, հայուհու համար: Այն, ինչ-որ գրված է, կարծում եմ` դեռ քիչ է շարադրված: Ասեմ ավելին` դա մեր նախարարության, մեր աշխատակազմի կազմակերպած քայլն էր եւ պետք է ավելին անեինք, պարզապես մեր ղեկավարն այնքան խիստ բնավորություն ունի, որ անգամ չէր ցանկանում, որպեսզի մենք նշեինք իր տարեդարձը: Բայց այդ նամակը գրելով, մեր մաղթանքը ասելով` նորից կարող եմ կրկնել եւ հաստատել, որ ուղղակի նման ակնածանքով կենսագրություն ունեցող մարդու մասին որեւիցե մի նյութ տեղադրելը եւ մաղթանքի խոսք ասելը հանցանք չէ: Վերջին հաշվով դա մաղթանք էր, թեկուզ այնտեղ, ըստ ձեզ, մի բան ավել էր կամ պակաս, բայց կարծում եմ, որ քիչ էր ասված: Նա ավելիին էր արժանի եւ իմ կարծքիով այդ մի էջով բավարարվելն էլ քիչ էր: Դա որեւիցե կապ չէր կարող ունենալ իմ աշխատանքից դուրս գալու հետ: Սա պարզապես մեր բոլորի ցանկությունն էր, մաղթանքն էր մեր ղեկավարին եւ կարծում եմ` ավելի լավ է այսպես, այսքան սրտաբաց: Այն, ինչ-որ շատերն անում են բանավոր, մենք դա արել ենք պարզապես գրավոր: Այդտեղ եթե հանցանք կա, խայտառակություն կա, այդտեղ եթե կա մեղադրանքներ կամ որեւիցե մի լրագրողի հասցեին վիրավորանք, դուք կարող եք մատնանշել: Ուղղակի ամոթ է, որ մարդու հասցեին, այն էլ այնպիսի մարդու, ում մասին անգամ գրքերում է գրված, այդկերպ արտահայտվելն ու դա տարածելը: Դա ոչ միայն բացահայտ լկտիություն է, այլ նաեւ անբարոյականություն:
- Այնուամենայնիվ, Ձեր հրաժարականի դիմումը համընկավ նոր կառավարության ձեւավորման հետ եւ գաղտնիք չէ , որ այս ընթացքում բազմաթիվ դիմումներ են գրվել տարբեր նախարարություններում: Սա պարզապես զուգադիպությո՞ւն էր:
- Սա ազատման դիմում է` համաձայնեցված նախարարի հետ: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին պետք է հասկանա` որտեղ ինքը լինի: Ես նորից կրկնվեմ` չեմ զղչում անցած տարվա ընթացքում կատարած իմ աշխատանքից, բայց այնտեղ, որտեղ կտեղափոխվեմ աշխատանքի, կրկին միակ ու ամենակարեւոր նպատակն է ծառայել հայրենիքիս, ծառայել մեր ժողովրդին, իմ լուման ունենալ երկրի հասարակական, քաղաքական կյանքի զարգացման մեջ:
- Իսկ այսօր հիասթափված եք նախարարության աշխատանքի՞ց, խոսնակի առաքելությունի՞ց, թե՞ լրագորղներից:
- Այս մեկ տարվա ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ: Միաժամանակ չեք գտնի մի լրագրող, ով անձամբ ինձ հարցում է ուղարկել, անձամբ ինձ զանգահարելով` բանավոր կերպով հարց է տվել ու մերժում է ստացել: Ավելին` մերժում չեն ստացել այն լրատվամիջոցները, ովքեր ավելի շատ են քննադատել նախարարին, ովքեր, այսպես ասած, համարվում են մեր ընդդիմադիր դաշտի լրատվամջոցները: Ես հասանելի եմ եղել բոլորի համար եւ երբեւէ իմ հեռախոսը անպատասխան զանգ չի ունեցել, դա կարող են փաստել գործընկերներս: Այնպես որ թե՛ դիմացս, թե՛ թիկունքումս ես որեւիցե մի կերպ վատ իրավիճակ չեմ ստեղծել: Ընդհանուր առմամբ շատ շնորհակալ եմ լրագրողներից` իմ գործընկերներից, շնորհակալ եմ մեկ տարվա ակտիվ աշխատանքի համար:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարը` Գ.Սարգսյանի

