ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՍԵՐՏԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՍԸ
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՍԵՐՏԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՍԸ
ԱԺ-ում ՀԱԿ-ից զզված, բայց մի կերպ նույն խմբակցությունում մնացած պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ շարունակում է Ազգային ժողովում զգալ իրեն ինչպես սեփական բակում, թեպետ այս դեպքում` «հայաթում»: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր բյուջեի կատարողականը, Ն. Փաշինյանն իր ոճի մեջ որոշեց մեղադրանքների շարք տեղալ Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի վրա` հարցախեղդ անելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Բոլոր հարցադրումներին պատասխանելուց հետո, ի վերջո, սպառվեց նաեւ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ համբերությունը. «Ես հակված եմ լսելու բոլոր հարցերը, բայց ես էլ ունեմ իմ մի դիտարկումը: Հարգելի՛ պատգամավորներ, ինքս էլ եմ եղել պատգամավոր` ե՛ւ մեծ դահլիճի, ե՛ւ այս դահլիճի հոգեբանությանը եւ, որպես պատգամավոր, տրամաբանությանը շատ լավ տիրապետում եմ: Չեմ խուսափում պատասխանել պատգամավորների հարցերին, մոտենում եմ շատ խորը հարգանքով եւ ըմբռնումով, բայց կխնդրեի բյուջեից չշեղվեինք շատ: Ես չեմ եկել մամլո ասուլիսի, եկել եմ բյուջեի հետ կապված հարցերին պատասխանելու: Եվ կրկնում եմ` մոտենում եմ բոլոր հարցադրումներին խորը հարգանքով եւ պատասխանում եմ` առանց զլանալու»: Դիտարկմանն անդրադարձավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը` հիշեցնելով ներկաներին, թե ինչի համար են հավաքվել: Նիստը կարծես թե շարունակվում էր իր բնականոն հունով, սակայն Կ. Արեյանի հեռանալուց հետո Ն. Փաշինյանը պայթեց. «Գալիս երկու թուղթ կմկմած ասում ու գնում են: Էս ի՞նչ ձեւ ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են ո՞նց հարց տան, խնդրում եմ այլեւս նման միջամտություններ չանել: Ես գիտեմ` ում ինչ հարց եմ տալիս»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

