Մայիսի 10-22-ը երեւանյան այգիներում եւ մշակութային հաստատություններում եռուզեռն ապահովվել էր արդեն երկրորդ տարին անցկացվող ՙԱրտ ֆեստ՚ հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որն իր մեջ ընդգրկել էր 6 մշակութային ճյուղեր` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն:
Փառատոնի ավարտին արդեն բրոնզե, արծաթե եւ ոսկե մրցանակների տեսքով իրենց որոշիչ խոսքն ասացին փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամները: Ի դեպ, այս տարի թատերարվեստում սահմանափակվեցին միայն բրոնզե եւ արծաթե մրցանակներով: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ոսկե մրցանակի արժանի աշխատանք հանձնախմբի անդամները չգտան: Իսկ արդեն կինոյի ոլորտում կարծես ամեն ինչ դրական էր` մեկ ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մրցանակակիրներ: ՙԻրավունքի՚ հետ զրույցում կինոգետ՚ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՙԱրտ ֆեստ՚ փառատոնի հանձնախմբի անդամ, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ կարեւորելով փառատոնը` շեշտեց. ՙՊետք է ասեմ, որ ՙԱրտ ֆեստը՚ բացառիկ փառատոներից է եւ հետաքրքիր է նրանով, որ իսկապես արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացված: Երիտասարդներն ունեն բացառիկ հնարավորություն` իրար հետ շփվելու, կարծիքներով կիսվելու եւ իհարկե, ամենակարեւորն այն մթնոլորտն է` միջավայրը, որ ստեղծվում է այս փառատոնի շրջանակում: Այսինքն` հավաքվում են երիտասարդներ, ցուցադրում իրենց աշխատանքները, քննարկում, ինչն անշուշտ խթանում է իրենց հետագա գործունեությունը: Կարեւորում եմ նման փառատոները, արդեն երկրորդ տարին փառատոնը ցույց տվեց, որ կա առաջընթաց: Իսկապես, կինոյի մասով այս տարի մենք դիտեցինք 2 անգամ ավելի շատ ֆիլմեր, քան` անցյալ տարի, եւ պիտի ասեմ, որ ընտրության հնարավորությունն ավելի մեծ էր: Երիտասարդները ներկայացնում են իրենց ֆիլմերը եւ ակնկալում` հանդիսատեսի կարծիքը լսելու, նաեւ հանձնախմբի, որն իր վերջնական կարծիքն է արտահայտում մրցանակների ձեւով: Գնահատելի է անշուշտ, եւ այն կունենա շարունակություն: Հուսամ, որ փառատոնը կընդլայնվի, գուցե նոր ձեւաչափեր կընդգրկի` սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք կբարձրացնեն արդի արվեստի հարցերը եւ ինչու` ոչ, որոշ լուծումներ ու պատասխաններ կգտնվեն՚: Խոսելով փառատոնի շրջանակներում երիտասարդ կինոգործիչների ներկայացրած ֆիլմերի որակներից, Ա. Երզնկյանը հավաստիացրեց, որ դրանք բոլորն էլ իրենց բնույթով տարբեր ֆիլմեր էին. ՙԻնչպես միշտ` ներկայացված ֆիլմերը շատ տարբեր էին: Նկատել եմ, որ ընդհանրապես փառատոների շրջանակներում չես կարող ասել, որ ֆիլմերը լավը կամ վատն են, նրանք այնպիսին են, ինչպիսին կան, բայց կա ընտրելու հնարավորւթյուն, ինչը շատ կարեւոր է՚: ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ