«ՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԻ»
Արխիվ 12-16«ՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՆՊԻՍԻ ԿԱՌՈՒՅՑ Է,
ՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉՈՒՆԻ»
Որքան էլ ցավալի է այս փաստն արձանագրելը, բայց 19 միլիարդ 350 միլիոն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքն իր հարակից տարածքներով: Նշենք, որ «ԲԱՄՈ» ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրը, ըստ ԴԱՀԿ-ի, գրավադրվել է բանկում, իսկ գույքը հանդիսանում է գրավի առարկա: Այսպիսով` համալիրի բախտը կորոշվի ընդամենը երկու օրից, քանի որ աճուրդի վերջնաժամկետը մայիսի 29-ին է: Համալիրի եւ կարծես մեկ օր շուտ իր փրկությունը աղերսող «Լեռնցիների պար» խմբաքանդակի հետագա ճակատագրի մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
ՙ
«ՇԱՏ ՀԱՃԱԽ ՄԵԶ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ»
-Տիկին նախարար, արդյոք մտավախություն չունեք, որ մշակութային արժեք դարձած Համալիրը նոր գնորդի կողմից որեւէ կերպ կարող է խեղաթյուրվել:
- Գիտեք, Համալիրն այնպիսի կառույց է, որ կարծում եմ` այն խեղաթյուրվելու տարբերակ իրականում չունի էլ, որովհետեւ մարդու մտքով անգամ չի կարող այլ տարբերակ անցնել, եւ այն մեկ ուրիշ նպատակների համար ծառայեցնել: Ամեն դեպքում կարծում եմ` գնորդը, ըստ երեւույթին, պատրաստ է այդ ծավալով պահպանմանը եւ շահագործմանը: Եվ վստահ եմ, որ այլ նպատակներ այստեղ չեն կարող լինել:
- Այնուամենայնիվ, երաշխիքներ կան, եւ ակնկալիքները չարդարացնելու դեպքում ի՞նչ է սպասվում:
- Իհարկե, այդ երաշխիքները միշտ կան, որովհետեւ այդ ամենը պետք է պայմանագրի մեջ հստակ ֆիքսվի, իսկ մենք նախկինից փորձ ունենք` խնդիրները եւ պայմանագրային կետերը հստակ սահմանելու: Կարծում եմ` այս անգամ շատ ավելի ուշադիր կլինենք այդ բոլոր պարտավորությունների նկատմամբ, որովհետեւ ժամանակի ընթացքում դու փորձ ես ձեռք բերում, եւ պրակտիկ կյանքը հուշում է, թե որտեղից կարող է խնդիր բարձրանալ:
- Մի՞թե աճուրդի հանելը լավագույն տարբերակն էր:
- Այս ձեւով էլ չէր կարող շարունակվել: Այդ շենքը խնդիր ուներ` ռեալ շահագործվելու եւ օգտագործվելու, որպեսզի ուղղակի չքայքայվի: Դա շատ կարեւոր խնդիր է, եւ բոլոր շենքերն ունեն այս խնդիրը: Դրանք պետք է շահագործվեն նորմալ ռեժիմի տակ, այլապես կկանգնենք պահպանման խնդրի առաջ:
ՙ
«ԼԵՌՆՑԻՆԵՐԻ ՊԱՐ» ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ»
- «Լեռնցիների պար» խմբաքանդակի հեղինակն ու մի շարք մտավորականներ թեպետ բազմիցս բարձրաձայնել են, որ այն նախկին «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքների պատճառով վերացման եզրին է հայտնվել, բայց խնդիրը որեւէ լուծում չի ստանում: Ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը:
- Այդ ներդրումային ծրագիրն իրականացնողները պարտավորվել են, եւ իրենք էլ պատրաստ են այդ խնդիրը լուծելու: Իհարկե, մենք հետեւում ենք գործընթացներին, եւ եթե ինչ-որ խնդիր ծագի, մենք այլընտրանքային լուծում կգտնենք:
- Ո՞րն է այլընտրանքային լուծումը:
- Այլընտրանքային լուծումը տեղափոխման եւ ամբողջական վերականգնման հարցն է:
- Իսկ վաղուց արդեն ժամանակը չէ՞ այլընտրանքային տարբերակին անցնելու:
- Ոչ, որովհետեւ դա ամենավատ տարբերակն է, դուք էլ գիտեք, որ շատ հաճախ մեզ դրա համար քննադատում են: Չէ որ իր պատմականորեն ստեղծված տեղից տեղափոխում ես: Դա լավագույն տարբերակը չէ, «Լեռնցիների պար» խմբաքանդակի տեղափոխումը պետք է լինի ծայրահեղ միջոց: Բայց, այնուամենայնիվ, եթե գործընթացը բնական իր ռեժիմի մեջ չընկավ, ուրեմն` պետք է այլընտրանքային ճանապարհն ընտրենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

