ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Այն, որ կիրակի օրը տեղի ունեցած համաեվրոպական ընտրություններում ազգայնական ուժերի արձանագրած լուրջ հաջողությունների արդյունքում խորքային դրական տեղաշարժեր են կանխատեսվում նաեւ ՌԴ-Եվրոպա հարաբերություններում, արդեն ակնարկում են վերլուծաբանները: Սրա հետ մեկտեղ նման բազում ակնարկներ հնչեցրին օրերս Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
Ընդ որում, միջոցառմանը ներկա մի շարք խոշոր գործարարներ ակնարկներ հնչեցրին նաեւ այն մասին, որ իրենք տեսնում են համագործակցության հեռանկարներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ստեղծվող Եվրասիական միության հետ: Իսկ դա վկայում է այն մասին, որ մասնավորապես եվրոպական բիզնես-հանրությունը Եվրասիական միության ստեղծումը ոչ միայն համարում է գրեթե տեղի ունեցած փաստ, այլեւ արդեն իսկ իր կարճաժամկետ ծրագրերում նախատեսում է մոտեցումներª այդ համակարգի հետ համագործակցության ուղղությամբ:
Սրա հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ հաստատեց, որ այդ գործընթացը շարունակվում է նախատեսված ժամանակացույցով. ՙԱյսօր Ռուսաստանն իր հարեւանների հետ լայնածավալ եվրասիական ինտեգրացիոն նախագիծ է իրականացնում: Մաքսային Միության եւ Համընդհանուր տնտեսական տարածքի անդամ-երկրների համար տարվա կենտրոնական իրադարձությունը, միանշանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումն է լինելու, որը մայիսի 29-ին պետք է կայանա Աստանայում՚:
Այսպիսովª չնայած ժամանակին ԱՄՆ-ն իր երբեմնի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շուրթերով հայտարարեց, թե ամեն ինչ անելու է Եվրասիական միության ստեղծումը թույլ չտալու նպատակով, ինչպես նաեւ, որ մինչեւ վերջին ժամանակներս հետխորհրդային տարածաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս ամենախորքային ինտեգրացիոն համակարգի ստեղծման հետ կապված ինտրիգային իրավիճակը պահպանվեց, այնուամենայնիվª արդեն անուղղելի հոռետեսներն անգամ այն մտքին են, որ երկու օրից կստորագրվի Եվրասիական միության հիմնադիր փաստաթուղթը:
Մյուս կողմից էլª Հայաստանը եւս պետք է անդամակցի նախ Մաքսային, ապաª Եվրասիական միությանը, եւ այս թեմայով եւս մինչեւ օրս էլ հակառակ տրամադրություններ ձեւավորելու փորձեր նկատվում են: Եվ ահա, այս քարոզչական հնարքների հիմքերում կանգնածներին թերեւս բավականին հիասթափեցրեց նույն համաժողովում Վ. Պուտինի հնչեցրած այն տեսակետը, թե. ՙԱկնկալում ենք նաեւ, որ ամենասեղմ ժամկետներում Հայաստանի` մեր ինտեգրացիոն միավորմանն ընդգրկվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը եւս, բոլոր գործընկերի համաձայնությամբ, ավարտված կհամարվի՚:
Սրա հետ մեկտեղ շաբաթ օրը ՀՀԿ համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց. ՙՄաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաեւ հասցեական աշխատանք մեր գործարարների եւ արտերկրյա ներդրողների հետ՚:
ՙԱվարտական փուլ՚ ասվածը, թերեւս, նշանակում է, որ ամեն ինչ հստակեցված է, պատրաստ է եւ մնում է կատարել վերջին քայլըª ստորագրել անդամակցության փաստաթուղթը, որից հետո արդեն Հայաստանն անմիջապես հնարավորություն կստանա միանալ Եվրասիական միության հիմնադրման ծրագրին: Սրա հետ մեկտեղ, հաշվի առնելով վերջին ժամանակներս հնչած այն տարաբնույթ հայտարարությունները, որ ավարտական տեսք ունի նաեւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, դժվար չէ կռահել, որ այն մայիսի 29-ին կներկայացվի Աստանայումª ՄՄ-ի ներկայիս անդամ-երկրների նախագահներին: Իհարկեª այս ամենից հետո կարելի է նաեւ ենթադրել, որ փաստաթուղթն այդ օրը կստորագրվի, բայց սպասենք դեպքերի զարգացմանը, հաշվի առնելով, որ միշտ էլ տեխնիկական ինչ-որ անակնկալ առաջանալու հավանականություն կա: Չնայածª երեկ Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն իսկ խոսում էր մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հավանականության մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

