ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇԱՐՔԵՐԸ ՉԻ ՀԱՄԱԼՐԻ
Արխիվ 12-16ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇԱՐՔԵՐԸ ՉԻ ՀԱՄԱԼՐԻ
Հունիսի 28-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նոր վարչություն կընտրվի, եւ ըստ մամուլում տարածված տեղեկությունների` չի բացառվում, որ նաեւ կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի:
Թե ով կարող է լինել «Ժառանգության» համար ընդունելի ղեկավար, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Բայց ո՞վ ասաց, որ կուսակցության նոր նախագահի ընտրություն է լինելու: Համագումարն իր բնականոն գործընթացն է իրականացնելու` կլինի վարչության, թե այլ խնդիրների հարցերով: Բայց ես կուսակցական չեմ, ինձ թվում է, որ ճիշտ կլինի իրենց հարցնել:
- Ամեն դեպքում, մամուլում հրապարակումներ կան, թե «Ժառանգության» երիտթեւում բողոքի ալիք է բարձրացել: Այսօր Դուք տեսնո՞ւմ եք որեւէ մեկին, ով կարող է ղեկավարել կուսակցությունը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Բացառապես նա՞:
- Ինձ չի թվում, որ ինչ-որ այլ խնդիր է առաջացել, եւ այսօր պետք է իրավիճակը փոխվի: Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարում է այդ կուսակցությունը, եւ լավ կլինի, որ շարունակի իր գործը: Բայց քանի որ նորից եմ կրկնում` ես կուսակցական չեմ, էթիկայից ելնելով` ճիշտ կլինի բոլոր այդ հարցերը ուղղեք կուսակցականներին: Դա խմբակցության հետ այդքան էլ կապ չունի, քանի որ ներքին կուսակցական խնդիրներ են:
- Իսկ հնարավո՞ր է, որ այս համագումարին Դուք էլ կուսակցության շարքերը համալրեք:
- Այդ տեսակի ծրագրեր չունեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

