ԻՆՉՆ ԷՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԵՇՏԱԴՐՎԵԼ ՀՀԿ 15-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՉՆ ԷՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԵՇՏԱԴՐՎԵԼ ՀՀԿ 15-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Բնականաբար, ներքաղաքական կարեւոր իրադարձություններից է շաբաթ օրը տեղի ունեցած իշխող կուսակցության համագումարը: Կոնկրետ կուսակցության վերնախավում փոփոխությունները մեծ չէին` ՀՀԿ գործադիր մարմնում Տիգրան Սարգսյանը (ով, ի դեպ, համագումարի էր եկել առանց ՀՀԿ կրծքանշանի) իր տեղը զիջեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
ՀՀԿ փոխնախագահների կազմն էլ մնաց անփոփոխ, իսկ ընդունված բանաձեւում էլ հաշվի առնվեցին ելույթներում հնչած առաջարկները: Բայց ամենակարեւորը այն շեշտադրումներն էին, որոնք հնչեցին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում: Իսկ այդտեղ առկա էին ուղերձներ ե°ւ կուսակիցներին, ե°ւ ամբողջ քաղաքական դաշտին: ԱՆՊԱՏԵՀ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ ԲԱՐԻ ՊՏՈՒՂ ՉԻ ՏԱ
Բնութագրելով ՀՀ քաղաքական դաշտը` երկրի ղեկավարը արձանագրեց, որ համախմբման գործընթացներ են տեղի ունենում ե°ւ ընդդիմադիր հատվածում, ե°ւ իշխող կուսակցությունում: Ու ՀՀԿ-ի վրա դրվեց պարտավորություն` նպաստելու այդ երեւույթներին, քանի որ ՙՄենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:
Իշխող քաղաքական ուժը եւ ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է ե°ւ աջը, ե°ւ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ:
Հանրապետականը նման հեռանկար մեր պետության համար թույլ չի տա: Հանրապետականը շարունակելու է ամրապնդել իր տեղն ու դերակատարությունը մեր երկրում, սակայն դա չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին: Ավելին, Հանրապետականը խրախուսելու է նաեւ այլ քաղաքական դերակատարների համախմբումը` քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են՚:
Միաժամանակ արձանագրվեց եւ այլ իրողություն. ՙԳաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են` իրենց համար թիրախ ունենալով 2017-2018 թվականների ընտրությունները: Դա թաքնված կամ անթաքույց անում են բոլորը: Այն, որ ընդդիմադիր կուսակցություններն այսօրվանից արդեն զբաղված են ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելով, ես բնական եմ համարում:
Մեր դիրքերը, կառավարող կուսակցության պատասխանատվությունն ու խնդիրները բոլորովին այլ են: Առաջիկա երեք-չորս տարիները հսկայական ժամանակ են գործ անելու եւ երկիրն առաջ մղելու համար: Մենք հենց դա° ենք անելու: Մինչեւ հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել: Դեռ պետք է ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, դեռ պետք է ապահովել տնտեսական, սոցիալական ու քաղաքական զարգացումը: Այս ժամանակահատվածը մենք պարտավոր ենք օգտագործել արդյունավետ:
Ասեմ ավելին: Եթե ընդդիմադիրները կարող են ընտրությունների գնալ ոչ էական փաստացի արդյունքներով եւ միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ՚: Եվ ՀՀ նախագահը հատուկ շեշտեց. ՙԻմ հորդորն է` քիչ պայքար, շատ գործ:
Ասվածը չի նշանակում, թե Հանրապետականը չպետք է պարզաբանումներ ու մեկնաբանություններ տա իր քայլերի վերաբերյալ: Ընդհակառակը, մեր պարտքն է զեկուցել եւ մանրամասնել, թե ինչ ենք անում եւ ինչու: Բայց դա չպետք է կրի քարոզարշավի բնույթ: Չի° կարելի թույլ տալ, որ ողջ հասարակությունը ժամանակից շուտ ներքաշվի նախընտրական թոհուբոհի մեջ: Երբ մի ամբողջ երկիր, իր բան ու գործը թողած, զբաղվում է քաղաքական պայքարով, ընդ որում` անպատեհ ժամի, դժվար է բարի պտուղներ ակնկալել՚:
Դա, թերեւս, նախեւառաջ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ճամբարին ու հատկապես ԲՀԿ-ին, որ փաստացի հիմիկվանից մտել են նախընտարական պայքարի ռեժիմ: Եվ դիտողությունը, որ վաղաժամ նախընտրական թոհուբոհը երկրի կյանքի վրա ունենում է քայքայիչ ազդեցություն:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՇՐՋԵԼԻ է
ՀՀ նախագահի հորդորը` չծավալել վաղաժամ ընտրարշավներ, կապակցվում է նաեւ այն իրողության հետ, որ Մաքսային միություն մուտք գործելը անշրջելի է, եւ դա էական ազդեցություն է ունենալու շատ ու շատ ոլորտների վրա: Եվ եթե հաշվի ենք առնում, որ սահմանադրական փոփոխություները զուգակցվում են հենց Մաքսային եւ Եվրասիական միության հետ կապված աշխարհաքաղաքական-քաղաքակրթական մեծ փոփոխությունների հետ, ապա ընտրարշավային գործընթացները դառնում են մի բան, որ վերածվում են մթնոլորտ փչացնող եւ ուժեր վատնող ինքնանպատակ պայքարի մի բանի համար, որը դեռ ձեւավորման փուլում է: Եվ այսպես. ՙՄաքսային միությանն անդամակցելու հարցում մենք արդեն մտել ենք ավարտական փուլ: Մենք ակնկալում ենք Մաքսային միության լայն շուկայի ձգողականության ազդեցությունը մեր տնտեսության վերելքի վրա: Վստահություն ունենք, որ ներդրումների ու արտահանման աճի տեմպերը նկատելիորեն բարձր են լինելու: Այս ուղղությամբ կլինի նաեւ հասցեական աշխատանք մեր գործարարների եւ արտերկրյա ներդրողների հետ՚:
Ու պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանը կապակցում է հենց սոցիալ-տնտեսական խնդիրների ու նաեւ Մաքսային միության հետ. ՙՄեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքը սերտորեն կապված է նաեւ համակարգային փոփոխությունների հետ: Այդ առումով էական նշանակություն կունենան հատկապես սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները որակական նոր փուլ կլինեն երկրում կայուն ժողովրդավարական համակարգ հաստատելու եւ իրավական պետություն կերտելու առաջնահերթ խնդիրներում: Մենք պետք է հստակ, նաեւ ինքնաքննադատաբար, արձանագրենք, որ անկախության ձեռքբերումից հետո ավելի քան երկու տասնամյակ անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով, մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք առանց վարանելու պնդել, որ ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալիորեն պաշտպանված են, իսկ դատարաններն անկախ ու անաչառ են՚:
ԱՆՑՈՒՄ ԴԵՊԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մատնանշելով այսօրվա կիսանախագահական համակարգի անհավասարակշիռ եւ անկատար լինելու հանգամանքը, ՀՀ նախագահը առանձնահատուկ կարեւորեց, որպեսզի սահմանադրական բարեփոխումները չկապակցվեն եւ պայմանավորվեն օրախնդիր քաղաքական շահով. ՙԴուք գիտեք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որպես հնարավոր այլընտրանք, առաջարկել է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Անկախ իմ նախասիրություններից, այս հարցը պետք է դարձնել լրջագույն եւ անաչառ քննարկումների առարկա` վեր ամեն կարգի իրավիճակային շահարկումներից: Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ եւս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ. ՙՄարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է՚:
Բնականաբար, ակնարկը, որ որոշ ուժեր ու գործիչներ պահանջում էին համակարգի փոփոխություն, սակայն հիմա պնդում են, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, վերաբերում է ԲՀԿ-ին եւ վերջինիս ՙ5-րդ անիվի՚ վերածված ՀԱԿ-ին: Ի հակակշիռ դրա, օրինակ, ՙԺառանգությունը՚ կարծես թե դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՀՅԴ-ն ընդհանրապես դրանք համարում է իր հիմնական նպատակներից մեկը:
Սակայն 21-րդ դարի պայմաններում միայն Սահմանադրության փոփոխություններով եւ ուղեկից օրենսդրական բարեփոխումներով կառավարման խնդիրը չի լուծվում: Այժմ առավել տարածված են ապակենտրոնացված կառավարման մեխանիզմները, ու ՀՀ նախագահը ՀՀԿ-ի վրա դնում է նաեւ ինստիտուցիոնալ գործառույթ` դառնալ այդ փոփոխությունների առաջատարը եւ, ըստ էության, երաշխավորը: ՙՀասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում` մեծ եւ կազմակերպված կուսակցությունների դերը:
Այս միտումը գնալով միայն խորանալու է: Այլընտրանք չկա: Այն ժամանակի եւ մեր հասարակության հասունության թելադրանքն է, որը նվազեցնում է անհատի, նույնիսկ ամենավառ անհատի դերը եւ մեծացնում խմբերի ու ներգրավման նշանակությունը:
Խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողները եւ գրեթե զրոյի են հավասարեցնում ՙԲարեւ ձեզ, ես այսինչն եմ եւ ես եկել եմ ձեզ կառավարեմ՚ տրամաբանությամբ երեւույթները: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, երբ հիմնական դերակատարները դառնում են ընդգրկուն հաստատությունները:
Չտեսնել այս միտումները, նշանակում է հետ մնալ ժամանակից՚:
Այսպիսով, իշխող կուսակցության համագումարում ամրագրվեցին հետեւյալ իրողությունները.
1. Թույլ չի տրվելու ծավալել վաղաժամ եւ ժամանակավրեպ ընտրապայքար, բայց միաժամանակ ՀՀԿ-ն նպաստավոր պայմաններ է ստեղծելու ընդդիմության համախմբման համար:
2. Մաքսային միություն ու Եվրասիական քաղաքակրթական տարածք Հայաստանի մուտքը անշրջելի բնույթ ունի:
3. Սահմանադրական փոփոխությունները կատարվելու են անկախ գործող քաղաքական անձանց ընթացիկ շահից ու ձգտումներից:
4. ՀՀԿ-ն պարտավորվում է դառնալ հանրային կյանքի ապակենտրոնացման, ցանցային մեխանիզմների ներդրման ամենահզոր ինստիտուցիոնալ կառույցը, ինչը թույլ կտա նվազեցնել կառավարման հարցում եւ հանրային կյանքում այսօր չափազանց մեծ նշանակություն ունեցող անձնավորման գործոնը:
Այսինքն` ե°ւ գործադիր իշխանության, ե°ւ կուսակցության կառույցների առջեւ ծառանում է աշխատանքի մի հսկայական ծավալ: Ի դեպ, ՀՀ նախագահը իր ելույթում արդեն հասցրեց նշել, որ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի անգամ այսքան կարճ ժամանակվա գործունեությունը հասցրել է ձեւավորել դրական սպասումների դաշտ: Ինչեւէ, կարծես թե սկսվում է երկրի այն շրջափուլը, երբ ոչ միայն ռեալ ապակայունացումներ չեն լինում, այլեւ ներքաղաքական մթնոլորտի շիկացումներն են էապես նվազեցվում: Բայց փոխարենը արտաքին մարտահրավերների գործոնն է կարծես առավել կարեւորվում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

