ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011 թվականի հունիսին Երեւանում ՀՀ մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջեւ ստորագրվել է «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիր, որի նպատակն է 2011-2014 թթ. իրականացնել հայ մասնագետների վերապատրաստում եւ միջագային, տեղական սեմինարների օգնությամբ, հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների փոխանցման համար: Այս տարիների ընթացքում տեղի է ունեցել «Տեքստիլի վերականգնմանը եւ պահպանմանը» նվիրված 3 միջազգային եւ 5 տեղական սեմինար:
ՀՀ մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջեւ մայիսի 26-ին կրկին ստորագրվեց նոր համաձայնագիր` Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետաոտության ինստիտուտի տնօրեն Նոբուո Կամեին: Համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը, այն վերաբերում է մշակութային ժառանգության պահպանման` նպատակաուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը, հայ փորձագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ խոսքով`այն հետաքրքիր է նրանով, որ միայն հայ-ճապոնական ծրագիր չէ, այստեղ ներգրավված են նաեւ Վրաստանից, Ռուսաստանից. «Մեզ համար շատ կարեւոր է այս ծրագիրը, քանի որ մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ինչպես նաեւ կադրերի վերապատրաստումը շատ կարեւոր են»:
Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի տնօրեն ՆՈԲՈՒՈ ԿԱՄԵԻՆ փաստեց, որ 4 տարի առաջ է եղել Հայաստանում եւ կրկին համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով. «Որախ եմ, որ այսօր Հայաստանում եմ եւ ստորագրում եմ նոր համագործակցության համաձայնագիր: Հայաստանում հավաքվել են ոչ միայն ճապոնացի եւ հայ մասնագետներ, այլեւ տարբեր երկրների մասնագետներ: Հայաստանը այն երկիրն է, որն ունի բրոնզի մշակման ամենահին տեխնոլոգիան, որն իր դռներն է բացել մյուս երկրների առջեւ, ինչի համար շնորհակալ եմ: Մշակութային արժեքների պահպանությունը, բոլոր երկրների համար ընդհանուր խնդիր է, մեր գլխավոր խնդիրն է այդ արժեքների պահպանումը եւ փոխանցումը հաջորդ սերունդներն»:
Նշենք, որ մայիսի 20-27 Երեւանում անցկացվել է «Հնագիտական մետաղի վերականգնմանը եւ պահպանմանը» նվիրված տեղական 6-րդ եզրափակիչ սեմինարը , որին մասնակցել են 4 ճապոնացի մասնագետ, 10 հայ, ինչպես նաեւ 2 ներկայացուցիչ` Վրաստանից եւ Ռուսաստանից: Սեմինարի վերականգնված բրոնզե առարակաները կցուցադրվեն Պատմության թանգարանում`մայիսի 27-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

