«ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՓՈՐՁ ԷՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Արխիվ 12-16«ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՓՈՐՁ ԷՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, անդրադառնալով նախկին վարչապետի գործունեությանը, ասաց, որ ճիշտ չէ ասել՝ նա ընդհանրապես չի աշխատել ու տնտեսության բոլոր խնդիրները չպետք է բարդել նրա վրա. «Չեմ արդարացնում Տիգրան Սարգսյանին, անփորձ էր արտադրության մեջ, մի քիչ էլ մարդիկ տրամադրված էին նրա դեմ, անփորձ արտահայտություններ էր անում»:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի քվեարկությանը կառավարության ծրագրին՝ նշեց. «Հաշվի էինք առել նաեւ դա: Բոյկոտը, չմասնակցելը ինքնանպատակ չի լինում, պետք է ունենա արդյունք կամ արվում է տպավորություն թողնելու համար: Հիմա բոյկոտողները գիտեին, որ արդյունք չի տալու իրենց չքվեարկելը»:
Ինչ վերաբերվում է քառյակի գործունեությանը պատգամավորը նկատեց, որ փորձում են միավորվել, քանի որ. «Չորսն էլ հասկանում են, որ առանձին ուժ չեն ներկայացնում: Առանցքային հարցերի շուրջ կհամախմբվեն, բայց հակված չեմ մտածելու որ արմատական միավորում կլինի»: Հարցին, ինչո՞ւ չեն միավորվի, որովհետեւ ԲՀԿ-ն կվերադառնա պրոիշխանական դաշտ, ասաց. «Ինչու միայն ԲՀԿ-ն: Կառավարության փոփոխությունը ցույց տվեց, որ քաղաքական ուժերը տարբեր սկզբունքներ ունեն. Տակտիկական, ռազմավարական սկզբունքների շուրջ տարաձայնություններ ունեն: Կառավարության ծրագիրը հենց այնպես չի ստեղծվում, այն նախագահի, կուսակցության նախընտրական ծրագրից է վերցված: Ծրագրում սկզբունքները չեն փոխվել: 23 տարվա կուտակած բեռը միանգամից լուծել հնարավոր չէ: Շատ- շատ խնդիրներ գալիս են հնուց: Այսօր պետք է մթնոլորտը, խաղի կանոնները փոխվեն»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

