«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» «ԱՐՏ ՖԵՍՏԻ» ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Արխիվ 12-16«ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ» «ԱՐՏ ՖԵՍՏԻ» ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Մայիսի 10-ին մեկնարկած «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնն այլեւս պատմություն է: Գրեթե 2 շաբաթ արվեստի 6 ճյուղ ներկայացնող (թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն) ստեղծագործություններ ողողել էին երեւանյան այգիներն ու մշակութային կենտրոնները: Այս տարի «Արտ Ֆեստ» փառատոնը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը եւ նվիրված էր փառատոնի հիմնադիր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հիշատակին:
Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ խոսքով` այս տարի փառատոնին ակտիվորեն մասանակցել են նաեւ մարզերը: Նրա հավաստմամբ, աննախադեպ են եղել փառատոնի մասնակիցների թիվը`155 հայտ, 200 մասնակից: Ինչպես Է. Բարսեղյանը փաստեց, 15 օր շարունակ բոլորի մեջ իշխում էր միայն արվեստը, որի շուրջ համախմբվել էին ե՛ւ ստեղծագործող անհատներ, ե՛ւ արվեստասեր մարդիկ:
Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ մայիսի 22-ին`«Թատրոն 32»-ում, որտեղ մասնագիտական ժյուրին մրցանակներ շնորհեց փառատոնում հաղթող ճանաչված լավագույն աշխատանքերի հեղինակներին: Հաղթողները պատահական չէին ընտրվել, քանի որ օրեր շարունակ մասնագիտական հանձնախումբը, որտեղ ընդգրկված էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, ուսումնասիրել էին ներկայացված բոլոր աշխատանքները` ըստ ոլորտների: Արվեստի 6 ճյուղերից յուրաքանչյուրում նախատեսված էր մրցանակ` 3 բրոնզ, 2 արձաթ եւ մեկ ոսկի: Բացի թատերարվեստից մնացած բոլոր ոլորտներում եղան ոսկե մրցանակներ: Մրցանակակիրները ներկայացնում էին տարբեր բուհեր, որոնց առաջին անգամ էր հնարավորություն ընձեռվել հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքերը եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից արժանանալ գնահատականի:
Այս տարի նախատեսված էր նաեւ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակ, որը շնորհվեց «Թատրոն 32»-ին: Փառատոնը մասնակից երիտասարդներից շատերի համար բացեց ճանապարհ` դեպի արվեստ, քանի որ այստեղ նրանք իրավունք ունեին «հետաքրքիր» սխալվելու եւ խորհուրդներ ստանալու պրոֆեսիոնալներից: «Շատ կարեւոր է այս փառատոնի գաղափարային այն մոտեցումները, որը սեր է սերմանում երիտասարդների մեջ»,-շնորհավորելով փառատոնի բոլոր մասնակիցների եւ հաղթողներին` նկատեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Եվ այսպես` Կինոարվեստում բրոնզե մրցանակների արժանացան հետեւյալ ֆիլմերը. «Դեռ կհանդիպենք, տղերք» ռեժիսոր Աննա Բաբայան, «Ստվեր»` ռեժիսոր Նիկոլայ Հովհաննիսյան, «Այստեղ՝ մեր կողքին»`ռեժիսոր Ժաննա Նազարյան: Արծաթե մրցանակի արժանացան. «Հետ հայացք, Քայլ առաջ»`ռեժիսոր Տաթևիկ Զատիկյան եւ «ТОСКА»` ռեժիսոր Նահապետ Սարգսյան: Իսկ Ոսկե մրցանակը բաժին հասավ «Մեքենավարը» ֆիլմին`ռեժիսոր Ստեփան Խաչատրյան:
Կերպարվեստի ոլորտում որպես լավագույն գեղանկար բրոնզե մրցանակի արժանացան Ռիմա Նանյանը` «Ինքնանկար», Էլինա Բարսեղյանը «Դավիթը», եւ Աննա Կրճատյանը «Հոգեվիճակ» աշխատանքներով: Արծաթե մրցանակները հասան Հերմինե Սիմոնյանին` «Հայոց ցեղասպանություն» եւ Էդգար Սահակյանին «Ինքնադիմանկար» աշխատանքների համար: Իսկ Ոսկե մրցանակը` Անի Գևորգյանին «Ինքնադիմանկար» աշխատանքի համար:
Գրաֆիկական աշխատանքների համար, Բրոնզե մրցանակի արժանացան Անահիտ Ըռքոյանը «Մանրանկար», Մերի Մանուկյանը` «Բաբաջանյան» եւ Աստղիկ Աբրահամյանը «Իմպրովիզ» աշխատանքի համար: Արծաթե մրցանակակիր դարձան Ալիսա Ազատյանը «Նատյուրմորտ» եւ Սիրանուշ Աղաջանյան «Սրճարան» աշխատանքների եւ Ոսկե մրցանակակիր դարձավ Լիանա Գևորգյանն իր «Միասնությունը հաղթանակ է» աշխատանքով:
Լուսանկարչության ոլորտում Լիլիթ Միկոյանը «Երևանյան» եւ Աշխեն Գրիգորյան «Գնանք» լուսանկարներով դարձան բրոնզե մրցանակակիր: Աննա Ենգիբարյանն իր «Նոկտյուրն» լուսանկարով արծաթե եւ Նելլի Գևորգյանը «Կորսված մանկություն»-ով արժանացան ոսկե մրցանակի:
Քանդակի ոլորտում Ոսկե մրցանակակիր դարձավ Վարդան Զաքարյան «Նեֆերտիտի» աշխատանքով, Արծաթե մրցանակակիր`Գուրգեն Ծառուկյանն իր «Սուրբ մայրություն» եւ Բրոնզե մրցանակակիրներ դարձան Համլետ Աղաջանյանը եւ Զաքար Բալումյան «Բալետ» աշխատանքի համար:
Թատրոնի ոլորտում` Արծաթե մրցանակի արժանացան «Կես կադր»` ռեժիսոր Ալլա Բունիաթյան եւ «Սեր, ջազ, սատանա» ռեժիսոր Կարո Նաղդալյանը եւ Բրոնզե մրցանակակիրներ Թատրոն 13 «Նվագախումբ»` ռեժիսոր Սամսոն Ստեփանյան, «Դոնոր»` ռեժիսոր Ռաֆայել Ասատրյան եւ «Սիձարու» ռեժիսոր Հայկ Փայտյան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

