ՎԵՆԵՏԻԿԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐ
Արխիվ 12-16ՎԵՆԵՏԻԿԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐ
Այս տարի հունիսի 5-ին եւ 6-ին կբացվի Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի ազգային տաղավարները, իսկ հանրությունը հնարավորություն կունենա տաղավարներին ծանոթանալ հունիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 23-ը:
Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո եւ նվիրված է ճարտարապետության 1914-2014 թթ.համաշխարհային պատմության եւ քաղաքաշինության ուսումնասիրությանը: Այն ղեկավարվում եւ համադրվում է հանրաճանաչ ճարատարապետ Ռեմ Կուլհասը: Բիենալեին մասնակցող 66 ազգային տաղավարներին նրա կողմից առաջարկվել է «Իրացվող արդիություն 1914-2014» խորագրով թեման, որը նպատակ ունի բացահայտել ազգային մոդեռնիզմների բազմատարությունը:
Բիենալեին Հայաստանն այս տարի մասնակցում է 6-րդ անգամ, սակայն առաջին անգամ է, որ հանդես է գալիս պետական հովանավորությամբ եւ ֆինանսավորությամբ: ՀՀ մշակույթի նախարարությունը հանդիսանալով Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատար, հրավիրել է Ռուբեն Արեւշատյանին եւ Գեորգ Շյոելհամերին (Ավստրիա):
«Այս տարի հայկական տաղավարը կրելու է «Երեւան իղձերի մայրաքաղաք» խորագիրը: Այս տարի հայկական տաղավարները տեղակայված են լինելու Մուրադ Ռաֆայելյան վարժարանի տարածքում եւ լինելու են ավելի մեծ, ներկայանալի, քան` նախորդ տարիներին էր: Հոկտեմբերի 20-21-ը հայկական տաղավարը կունենա նաեւ միջազգային կոնֆերանս` «Տեղային արդիություններ» թեմայով , որին հրավիրված են բավականին լուրջ մասնագետներ` ճարտարապետությունա տեսության ոլորտից»,-փաստեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի համակարգող ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Ըստ Վենետիկի 14-րդ միջզգային ճարտարապետական բիենալեի` Հայաստանի ազգային տաղավարի համադրող ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ, այս անգամ բիենալեում առաջ քաշած մոտեցումները տարբերվում են նախորդ տարիներիից. «Սովորաբար ճարտարապետության բիենալեն զբաղված էր վերջին ճարտարապետական նվաճումները կամ ճարտարապետներին ներկայացնելով, իսկ Ռեմ Կուլասը այս տարի որոշեց անդրադառնալ, ոչ թե ճարտարապետներին, այլ` բուն ճարտարապետությանը»: Վենետիկի 14-րդ միջզգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի հանդիասավոր բացումը տեղի կունենա հունիսի 6-ին, որին կմասնակցեն նաեւ բարձրաստիճան պատոնյաներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

