ԱՐՈՆՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԸ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԸ
Հայ շախմատիստները մարզական այս ակտիվ շրջանում շարունակում են հանդես գալ միջազգային մի շարք մրցաշարերում: Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի առաջնությունում ամերիկահայ շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը նվաճեցին արծաթե մեդալները: Վարուժան Հակոբյանը թայ-բրեյքի առաջին ռաունդում սեւերով առավելության հասավ Ալեքս Լենդերմանի նկատմամբ եւ Գատա Կամսկու հետ վիճարկեց չեմպիոնական տիտղոսը: Արագ շախմատի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հակոբյանը խաղում էր սպիտակներով: Իսկ սեւերով նա պարտություն կրեց եւ Գատա Կամսկին երրորդ տարին անընդմեջ հռչակվեց ԱՄՆ-ի չեմպիոն: Իսկ կանանց մրցաշարի թայ-բրեյքում Տաթեւ Աբրահամյանը 0.5:1.5 հաշվով պարտվեց Իրինա Կրուշին եւ դարձավ ԱՄՆ-ի փոխչեմպիոն:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարում, որտեղ հանդես են գալիս նաեւ հայ շախմատիստները, 6-րդ տուրից հետո առաջատարը գրոսմայստեր Միխեիլ Մճեդլիշվիլին է, իսկ հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը վաստակել է 4,5 միավոր եւ մեկ միավորով է հետ մնում առաջատարից: Իր ակտիվում 4 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող ՙԱշխարհի պատանի աստղեր՚ մրցաշարում իր ելույթներն է շարունակում Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 տուրերից հետո 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը, միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր:
Շախմատային լրահոսն ավարտենք Լեւոն Արոնյանի մայիսյան վարկանիշային ցուցանիշով: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման մայիսյան աղյուսակը, որը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նրա վարկանիշը հասել է 2882-ի: Իսկ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշն ավելացել է երեք նիշովª հասնելով 2815 միավորի: Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ով շրջանցել է աշխարհի չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անանդին:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 62-րդն է, Սերգեյ Մովսեսյանը 71-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանը 76-րդ տեղում է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

