ՙ«ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ՎԵՑ ԱՄԻՍ ԱՊՐԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ՎԵՑ ԱՄԻՍ ԱՊՐԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Շուրջ 22 տարի Բելգիայում բնակվող դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից` որպես հայտնի փաստաբան Կարեն Օհանյան, իրականում նույնպես զբավում է փաստաբանական գործունեությամբ` միեւնույն ժամանակ չմոռանալով զբաղվել հայկական պարով ու նոր ծրագրեր մշակելով հետագա դերասանական կարիերայի համար:
Հեռուստասերիալի, իրական ապրուստի եւ իր ներկայիս աշխատանքի մասին «Իրավունքը» զրուցեց Ս. Սիմոնյանի հետ:
-Ի՞նչ տվեց եւ ի՞նչ վերցրեց քեզնից հեռուստասերիալը:
- Այսպես ասեմ` շատ տվեց, քիչ վերցրեց: Ճիշտն ասած, առաջին հերթին տվեց ջերմություն եւ զգացի ինձ ավելի մոտ մեր հայրենիքին: Շատ կարեւոր էր այն փաստը, որ վեց ամիս ապրեցի Հայաստանում, որը կարծում եմ, քիչ ժամանակ չէ: Հեռուստասերիալը այլ ասպարեզ էր, երբեմն շատ տարօրինակ էր ինձ համար ե՛ւ սցենարը, ե՛ւ նկարահանման փուլերը, ե՛ւ հատուկ ուշադրությունը կոլեկտիվի կողմից: Իսկ թե ինչ է վերցրել ինձնից, երեւի թե, միայն էներգիա, որովհետեւ նոր էր ինձ համար դա: Ճիշտ է, հայերեն կարդում ու գրում եմ, բայց կարդալ-գրելը այլ բան է, իսկ սցենար բեմադրելը` այլ: Չէ՞ որ դու ունես կարճ ժամանակ, որ պատրաստես քո դերը:
- Մի փոքր էլ խոսենք Բելգիայի կյանքից, արդյոք Սարգիսն այդտեղ էլ «դժվար ապրուստի՞» մեջ է, թե բոլորովին այլ միջավայր է:
- Կլինի «Դժվար ապրուստ», թե այլ նկարահանում, էական չէ, երբեք պետք չէ, որ զգացմունքները տեղ գրավեն կերտածդ կերպարի մեջ: Կերպարը եւ իրական կյանքը տարբեր են: Իհարկե, ինչպես ամեն երիտասարդ, ես էլ եմ տեսել դժվարություններ, բայց դժվար ապրուստի տեսանկյունից չեմ բողոքում: Միշտ էլ ինքնուրույն եմ եղել եւ ամեն ինչ փորձել եմ ինքնուրույն անել եւ ստեղծել: Փառք Աստծո, ունեմ հոյակապ ծնողներ, որոնց մինչեւ կյանիքս վերջը շնորհակալ կլինեմ, որ տվել են այդ հնարավորությունը, որ գամ այս երկիր, մեծանամ եւ ստեղծեմ ապագա:
- Իսկ այսօր ինչո՞վ ես զբաղվում:
- Միշտ սիրել եմ երկու գործով զբաղվել: Երբեք չեմ կարողացել կենտրոնանալ մի ուղղությամբ: Գիտեմ` ապացուցված է, որ երբեք մարդ չի կարողանում կենտրոնանալ երկու գործի վրա, բայց պատկերացրեք` կարողանում եմ: Մոտ 2 տարի աշխատել եմ որպես տնտեսագետ, ապա որոշեցի կրկին ուսումս շարունակել օրենքի գծով, որովհետեւ մինչեւ տնտեսագետ դառնալը ես դեռ մտածում էի օրենքի գիծը շարունակելու կամ էկոնոմիկայի ոլորտում աշխատելու մասին: Հետաքրքրականն այն է, որ երբեք ոչինչ պատահական չի կատարվում: Երբ Կարեն Օհանյանի կերպարը կարողացա կերտել, այն ինձ հուշեց, թե ինչում եմ ամենաուժեղը:
- Փաստորեն` ինչ-որ չափով «Դժվար ապրուստը» նաեւ ճակատագրակա՞ն եղավ քեզ համար:
- Այո, իհարկե, լիովին ճակատագրական, մինչ այդ չէի էլ պատկերացնում, որ կարող եմ փաստաբան աշխատել:
- Այսինքն` հեռուստասերիալում այլեւս Սարգիս Սիմոնյանը չի՞ հայտնվի:
- Եթե նորից սերիալներում նկարահանվելու առաջարկներ լինեն ու եթե սյուժեն հետաքրքիր լինի, միայն այդ դեպքում հայկական սերիալներում կնկարահանվեմ, բայց ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Անգլիայում եւ ո՛չ էլ Բելգիայում նման նկարահանումների չեմ համաձայնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. Սարգիս Սիմոնյանի անկեղծ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Զարուհի» ամսագրի հունիսյան համարում:

