ՙՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ` ԻՆՁՆԻՑ ՍԿՍԱԾ, ԲՈԼՈՐՍ ԷԼ ԱՄԲԻՑԻՈԶ ԵՆՔ
Արխիվ 12-16ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ` ԻՆՁՆԻՑ ՍԿՍԱԾ, ԲՈԼՈՐՍ ԷԼ ԱՄԲԻՑԻՈԶ ԵՆՔ
Այս տարվա «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը նախորդող շաբաթներն ավելի բուռն էին, քան` հետ մրցանակաբաշխության փուլը, ինչը սովորաբար բոլոր մրցանակաբաշխություններում հակառակն է լինում: «Հայակի» կազմակերպիչներն ու հատկապես ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կտրականապես չէին ցանկանում խոսել մրցանակաբաշխության շուրջ ծավալված եռուզեռի մասին: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում Է. Բաղդասարյանը ոչ միայն խոսեց այդ մասին, այլեւ ամփոփելով կայացած «Հայակը», շեշտեց` ուրախ է, որ «Հայակն» արդեն դարձել է տոն, որ մարդիկ դեռ չիմացած, թե ով է ստանալու մրցանակը, արդեն միմյանց շնորհավորում էին օրվա հետ կապված:
- Ինչ վերաբերում է ժյուրիի որոշումներին` բնականաբար, մենք չենք կարող գոհացնել բոլորին: Աշխարհում նման բան չկա, որ բոլորը գոհ լինեն մրցանակաբաշխության ժյուրիից:
Չեմ բացառում` լավ ֆիլմեր կային, բայց չեմ ասի, թե շատ լավ ֆիլմեր էին: Կուզենայի, որ ավելի լավ ու ուժեղ ֆիլմեր լինեին: Ամեն
տարի «Հայակն» անցկացնելով` գուցե մենք դրան չկարողանանք գալ, որովհետեւ կինոարտադրություն չունենք, չունի նաեւ Ռուսաստանը, այ, ունեն ամերիկացիները: Մենք ունենք կինո, որ նկարահանում ենք, որովհետեւ լիքը խենթեր կան, որ սիրում են կինոն ու պիտի նկարեն: Կինոարտադրությունը շատ լուրջ բան է, դրա համար գուցե կարելի է քննարկել եւ մրցանակաբաշխությունն անցկացնել 2 տարին մեկ: Շատերը «Հայակը» շփոթում են փառատոնի հետ, որտեղ ով ասես` կարող է մասնակցել: Սա զուտ հայկական մշակութային երեւույթ է, եւ «Հայակը» ցույց է տալիս, թե տարվա ընթացքում ինչ է նկարվել եւ դրան տալիս մասնագիտական գնահատական: Ինչն իմ կարծիքով պետք է լինի օբյեկտիվ, առանց հաշվի առնելու անցած ճանապարհը, նվաճումները եւ կոնկրետ գնահատում կատարած աշխատանքը: Նվաճումների համար կա պատվավոր «Հայակ», ով ուզում է, որ գնահատեն իր նվաճումները, խնդրում եմ, այնտեղ հերթ կանգնել: Այստեղ կապ չունի` սկսնա՞կ ես, թե փառավոր ճանապարհ անցած, դու կարող ես պարտվել քո ֆիլմով սկսնակին եւ` հակառակը. բացի ֆիլմի որակական արժանիքներից` ուրիշ ոչ մի բան: Ընտրությունը դժվար է, որովհետեւ ստիպված ես լինում ընտրել վատի եւ վատագույնի մեջ: Անկեղծ, կա նման բան, մի քանի անվանակարգեր կային, որ չպիտի չլինեին, ինչպես չկար «Կինոյի լավագույն երաժշտություն» անվանակարգը: Իմ կարծիքով, սա «Հայակի» գինն ավելի կբարձրացներ, ավելի կդժվարացներ, որովհետեւ ինչքանով արժեք կունենա մի մրցանակ, որ «ամբաղ-զամբաղ» մարդիկ 5 տարի անց 4-5 հատ ունենան տանը դրված: Գաղտնիք չկա, մեխանիզմն այսպես էր` եթե 13-ից 7-ը դատարկ թերթիկ են գցում, անվանակարգը հանվում է: Հենց այդպես եղավ երաժշտության անվանակարգի պարագայում, երբ 9 դատարկ թերթիկ հանեցինք: Որոշ անվանակարգերում հանեցինք 6 թերթիկ եւ մեկը չէր բավականացնում, բայց անվանակարգը տեղի ունեցավ: Չեմ ասի, թե այդ որ անվանակարգերն էին, որ պիտի հանվեին, քանի որ մարդիկ մրցանակներ են ստացել այդ անվանակարգում, չեմ ուզում իրենց տոնը փչացնել:
- Կարելի է ասել` խառնաշփոթ էր «Հայակի» հրապարակված անվանակարգերում եղած ֆիլմերի ու մասնակիցների շուրջ, նույնիսկ հանվեցին ֆիլմեր:
- Դե, դա էլ նորմալ ընթացք է: Չեմ կարծում, որ դրա մեջ արտասովոր բան կա: Բնականաբար յուրաքանչյուր արվեստագետ` ինձնից սկսած, բոլորս էլ ամբիցիոզ ենք, բոլորս էլ ինչ-որ թերություններ ու առավելություններ ունենք, ծանր ենք տանում, որ մենք չենք լինում առաջին տեղում: Դրա համար այդքան չեմ ուզում անդրադառնալ դրան, չնայած տարօրինակ է ինձ համար անվանակարգից ֆիլմ հանելն այն ժամանակ, երբ արդեն հրապարակվում են անվանակարգերը: Կարելի էր այդ ամենն անել հենց ժյուրիի անձնակազմը տեսնելուց հետո, ասելով` համաձայն չեմ, բայց ոչ սպասել, որ հրապարակվի անուններ, նոր որոշեն հանել ֆիլմը, այդ ժամանակ ավելի կգնահատվեր ամեն ինչ: Ամեն դեպքում, բոլոր նրանք, ում կոմպետենտության մեջ եթե կասկած կար, անշուշտ, դեռ ելույթ կունենան ու կխոսեն այս մասին, եւ պարզ լինի, թե ինչքան պրոֆեսիոնալ մարդիկ են, նրբանկատ` ֆիլմի հանդեպ եւ ինչքան նրբություններ են տեսնում, գնահատում եւ կարողանում են բացատրել իրենց որոշումը: Ասեմ, որ ժյուրիի որոշումները տարբեր էին, միանշանակ կարծիքներ չեն եղել, նույնիսկ վեճերի է հասել: Նույնն էլ` ժյուրիի քանակն է, կարող էինք 230 հոգի դարձնել նրանց քանակը, բայց կարծում եմ` տոկոսային տարբերությամբ միայն 1-2 տոկոս փոփոխություն կլիներ, կարելի է էքսպերիմենտ անել, խնդրեմ, բայց, մաթեմատիկա գոյություն ունի:
- Առաջարկեցիք` քննարկել եւ 2 տարին մեկ անցկացնել «Հայակը»:
- Գուցե ինչ-որ փաստարկներ ն
![]()
երկայացնեն ինձ ու համոզեն, որ ամեն տարի է պետք անել, եւ ես կհամաձայնեմ: Չեմ ասում հենց այդպես անենք, այլ առաջարկում եմ:
- Բայց տարեկան նկարահանվում է մոտ 100 ֆիլմ...
- Այն ժամանակները չեն, որ ժապավենի վրա էին նկարահանում ֆիլմ, հիմա հեռախոսով էլ կարող ես ֆիլմ նկարել եւ 100 չէ, 250 ֆիլմ կլինի, ու չեմ կարծում, որ դրանից կարող է որակը բարձրանալ: Քանակը որակ է բերում` մի քիչ կասկածելի բան է, շատերն են հավատում այդ ֆորմուլային: Ես կարծում եմ, որ այո, քանակը կարող է որակական ինչ-որ երանգներ տալ, բայց որակ բերելու համար մի քիչ ուրիշ բաներ են պետք: Գիտեմ, որ 2-3 ֆիլմ կային, որ չհասցրեցին ավարտել ու այս տարի ներկայացնել «Հայակին»: Ճիշտ է, դրանք միայն կուժեղացնեին մրցանակաբաշխությունը: Պարզ է, եկող տարի կներկայացնեն, բայց իրենք չեն կորչի: Սա փառատոն չէ, որ վերցնես կամ չվերցնես ֆիլմը: Ով ներկայացրեց «Հայակին», քննարկվում է ֆիլմը եւ ընդգրկվում կամ չի ընդգրկվում: Այս տարվա «Հայակով» ցույց տվեցինք նկարագիրը, հայելու նման բան է, ինչպես ռուսն է ասում` եթե դեմքը ծուռ է, հայելին մեղավոր չէ: Այո, փառատոնը պատասխանատու է իր ծրագրի համար, որովհետեւ մենք ենք ընտրում, իսկ «Հայակը»` ոչ, քանի որ «Հայակը» փաստ է: Դրա համար կարող է մի ֆիլմ փառատոնում ոչինչ չշահել, բայց «Հայակում» ստանալ լավագույն ֆիլմ, որովհետեւ չափորոշիչներն ուրիշ են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

