ՙՙԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԱՐՏԵԼ ԴՊՐՈՑԸ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԱՐՏԵԼ ԴՊՐՈՑԸ
Վերջին զանգի օրվա հետ կապված ձեզ ենք ներկայացնում պաշտոնատար անձանց հուշերը` դպրոցական տարիների եւ այդ անմոռաց միջոցառման մասին: Թե ինչ հուզումով են պատրաստվել եւ սպասել այդ օրվան, հիշողությունների ինչ դրվագներ կան պահպանված դպրոցից… Նրանք վերապրում են իրենց ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ:ՙՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՍ ԿՈՂՄԻՑ ՄԻՇՏ ՍԻՐՎԱԾ ԵՄ ԵՂԵԼ՚
Բնականաբարª ուղղակի պարտավոր էինք մեր զրույցները սկսել ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ, ով ուսումնական ութ տարիները սովորել է Գոգոլի անվան ռուսական թեքումով թիվ 35 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումն արդեն շարունակել է հայկական թիվ 45 միջնակարգ դպրոցում:
Վերապրելով դպրոցական տարիները` Արմեն Աշոտյանն իրեն նկարագրում է որպես ուսումնատենչ, օրինակելի աշակերտի: Բայց նաեւª լինելով գերազանց առաջադիմությամբ սովորող դասարան` միեւնույն ժամանակ շատ չարաճճի են եղել, հաճախ են միասնական կազմակերպել փախչել դասերից, ինչի համար էլ պատժի են ենթարկվել տնօրինության կողմից: Պարոն Աշոտյանը ջերմ հարաբերությունների մեջ է եղել նաեւ ուսուցիչների հետ. ՙՈւսուցիչներիս կողմից սիրված եմ եղել...՚:
Խոսելով իր Վերջին զանգից` Արմեն Աշոտյանը հետեւյալն է ասում. ՙԿյանքիս լուսավոր պահերից են այդ օրերը, հիշում եմ, թե ինչպես էինք սցենար գրում, հումորային բեմադրություններ պատրաստում, երգի բառեր փոխում, եւ այս ամենի մեջ անմիջական մասնակցություն եմ ունեցել, քանի որ էությամբ նախաձեռնող էի եւ կազմակերպչական ջիղով օժտված՚:
ՙՄԵՐ ԴԱՍՂԵԿԸ ՆԵՂԱՑԵԼ ԷՐ ԵՎ ՈՉՆՉԻ ՉԷՐ ԽԱՌՆՎՈՒՄ՚
Մարդու իրավունքների Պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հասցրել է երեք դպրոց հաճախել` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցը, Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը, իսկ ավարտական տարիները անցկացրել է Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: Խոսելով իր դպրոցական Վերջին զանգից` պարոն Անդրեասյանը հետեւյալը պատմեց.
- Այդ օրն ինձ երբեք չի հուզել, ոգեւորվածությամբ կամ որեւէ էմոցիաներով չեմ սպասել Վերջին զանգին, մեքենաներով կամ ոտքով քաղաքով գոռալով չեմ շրջել, նույնիսկ չեմ էլ հիշում` բանաստեղծություն ասել եմ, թե ոչ: Օրն անցկացրել եմ ինչպես բոլորը` ավարտական հանդես, հավաքույթ, որոնք լավ անցան, տեղեկացնեմ նաեւ, որ մեր դասղեկը մեզանից տարօրինակորեն նեղացել էր եւ ոչնչին չէր խառնվում, իսկ մենք ստիպված էինք բոլոր կազմակերպչական հարցերն ինքներս լուծել:
ՙԴՊՐՈՑՈՒՄ ՄԱՅՐՍ Է ԻՆՁ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ՚
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ երանությամբ է հիշում Երեւանի թիվ 102 միջնակարգ անգլիական թեքումով դպրոցում սովորելու տարիները: Տիկին Աճեմյանի կյանքում անջնջելի հետք է թողել հատկապես իր դասղեկը` Մարիետա Գրիգորյանը, ով պատգամավորի համար եղել է պարկեշտության, խոհեմության մարմնացում: Նրան դպրոցում մայրն անգլերեն է դասավանդել, եւ նրա հանդեպ ընդգծված խստապահանջություն է ցուցաբերել, ինչն էլ աղջկան բնավ չի խանգարել, այլ առավել կարգապահ եւ ուսման հանդեպ սիրով լցվելու պատրաստակամությամբ է օժտել: Տիկին Աճեմյանը մինչեւ այժմ սրտի թրթիռով է հիշում դպրոցական Վերջին զանգի հանդեսը, որին մեծ խանդավառությամբ է պատրաստվել.
- Ծնողներս արտասահման կատարած ճամփորդությունից ինձ համար անակնկալ կերպով երեկոյան զգեստ էին բերել, որը շատ էի հավանել, մեծ հաճույքով կրեցի, քանի որ շատ էր սազում ինձ:
Ինձ համար ուրախալին այն էր, որ դասընկերներս ինձ չէին մոռացել եւ հրավիրել էին մասնակցելու Վերջին զանգի միջոցառմանն ու խնջույքին` չնայած այն հանգամանքին, որ իրենց հետ արդեն չէի սովորում. տեղափոխվել էի` ուսումս շարունակելու երաժշտական ուսումնարանում:
Մեծ ոգեւորությամբ էինք պատրաստվում Վերջին զանգի միջոցառմանը, ջանք ու եռանդ չէինք խնայում, որպեսզի լավ անցներ այդ օրը եւ բարձր պահեինք դասղեկի պատիվը: Ավարտական հանդեսի երաժշտական դաշնամուրային բոլոր կատարումները ինձ էր վստահված: Իսկ հետո դասընկերների եւ ուսուցիչների հետ միասին մինչեւ ուշ երեկո ուրախ եւ անկեղծ մթնոլորտում ուրախանում էինք, մինչեւ դիմավորեցինք արեւածագը:
ՙԻՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ ՀԻՎԱՆԴԱՑԵԼ ԷԻ ՈՒ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ՚
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հուշերը Վերջին զանգի մասին ուրախ չէին.
- Իմ վերջին զանգի օրը ես հիվանդացել էի` թունավորվել էի ու չկարողացա մասնակցել, ու մինչ օրս շատ վատ հիշողություններ ունեմ` այդ օրվա հետ կապված: Դրա համար միշտ ամեն ինչ արել ու անում եմ, որ մեր շրջակայքում գտնվող դպրոցները միշտ, ինչպես հարկն է, տոնեն իրենց Վերջին զանգը, որպեսզի իրենց շրջանավարտների հիշողություններում Վերջին զանգը իր ուրույն տեղն ունենա:
Արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, իր խոսքով, շատ բան չունի հիշելու.
- Ես Գյումրիում էի սովորում եւ 1988 թվականի ողբերգական դեպքերի ժամանակ, ցավոք, նույն դպրոցը, որտեղ սովորում էի, չկարողացա ավարտել: Տեղափոխվեցի Հոկտեմբերյան, ավարտել եմ տեղի 4-րդ դպրոցը, եւ շատ սովորական էր Վերջին զանգս, որովհետեւ, պատկերացրեք, տասը տարի սովորում ես մի դասարանում, բայց այդ միջոցառումն անցկացնում ես մարդկանց հետ, որոնց հետ ընդամենը հինգ-վեց ամիս ես սովորել:
Բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ի տարբերություն արդարադատության նախարարի, շատ լավ հիշողություններ ունի` Վերջին զանգի հետ կապված.
- Շատ վառ հիշողություններ ունեմ, եւ այսօր անպայման պետք է գնամ Ավշարի միջնակարգ դպրոց, որը որ ես ավարտել եմ, կգնամ կզրուցեմ ուսուցիչներիս հետ, որոնցից շատ իմաստուն, ինչու չէ նաեւ հետաքրքիր բաներ եմ սովորել:
ՙԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՈՆՅԱԿ ԽՄԵՑԻ ԻՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՕՐԸ՚
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ առաջին անգամ իր Վերջին զանգի օրը կոնյակ է խմել.
- Շատ ջերմ հիշողություններ ունեմ` իմ Վերջին զանգի հետ կապված: Դա 1965 թվականին էր: Ողջ դասարանով հավաքվել եւ ուրախանում էինք` առանց գիտակցելու, որ դա ոչ թե ուրախանալու, այլ տխրելու առիթ է, որովհետեւ ամենաանհոգ, ամենաերջանիկ օրերին էինք հրաժեշտ տալիս: Ի տարբերություն այսօրվա շրջանավարտների, մենք ունեինք մի զգեստ, որը միայն հատուկ օրերի էինք հագնում: Վերջին զանգի օրը ինձ մոտ տպավորվել է հատկապես նրանով, որ այդ օրն առաջին անգամ սպիրտային խմիչք` կոնյակ խմեցի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ, Վերջին զանգի օրը լի էր ապագայի նկատմամբ հույսերով.
- Շատ պայծառ զգացումներ են ինձ պատում, երբ հիշում եմ Վերջին զանգիս օրը: 1975թ. էր, եւ հիշում եմ այն հոգեկան ուժը, որ կրում էինք մեր մեջ, ցանկանում էինք շուտ ընդունվել համալսարան, մտնել կյանք եւ կյանքի դժվարությունները հաղթահարել:
ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ եւս հիշելու շատ բաներ ուներ.
- Այսօրվա պես հիշում եմ իմ Վերջին զանգը: Դա 1977 թվականն էր, պայծառ արեւոտ եղանակ էր: Մեր ծնողներն ամեն ինչ արել էին, որ մենք ունենայինք արժանապատիվ եւ հաճելի հուշերով լի Վերջին զանգ: Հագել էինք դպրոցական համազգեստ, ունեինք այն հայտնի ժապավեններով զանգակները... Հանդեսի սցենարը ես էի գրել, քանի որ դեռ դպրոցական տարիներից շատ անմիջական ու ակտիվ էի, ունեի ստեղծագործական հակումներ: Հիշում եմ, Վերջին զանգից հետո` երեկոյան հավաքվեցինք եւ գնացինք Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի այգին: Ուսուցիչներին հրաժեշտ տալուց` Վերջին զանգի օրն արտասվել եմ...
ԱԺ պատգամավոր, գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ, իր Վերջին զանգից հիշելու շատ բան ուներ.
- Շատ-շատ լավ, անմոռանալի հիշողություններ են` այդ օրվա հետ կապված, բառերով նկարագրել չեմ կարող:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ եւս այսօրվա պես հիշում է Վերջին զանգի օրը.
- Դա այն եզակի օրերից է, որը երբեք չես կարող մոռանալ: Շատ ջերմ ու տպավորիչ հիշողություններ ունեմ այդ օրվա հետ կապված, այդ օրը հասկանում ես, որ թեւակոխում ես կյանքի մեկ այլ փուլ, որը լի է դժվարություններով ու խոչընդոտներով:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ հիշում է, որ Վերջին զանգի օրը սիրահարված է եղել, չնայած, ինչպես պատգամավորն է նշում, դեռ մանկապարտեզից հաճախակի է սիրահարվել.
- Արտառոց ոչինչ չկար: 1984 թվականին եմ ավարտել, այդ օրը կարծես բոլոր զգացմունքները միախառնվել էին` կար ե°ւ ուրախություն, ե°ւ նորի սպասում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆ

