ՙՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ ՆՐԱՆՑ ԿԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐԵՆ՚
Արխիվ 12-16ՙՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ ՆՐԱՆՑ ԿԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐԵՆ՚
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այդքան սպասված, տարաբնույթ քննադատությունների ու վերլուծությունների արժանացած կառավարության նոր ծրագրի քվեարկությունը: 70 կողմ, մեկ դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրն արժանացավ հավանության: Ինչպես նախապես հայտարարել էին ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ խմբակցությունները` չեն մասնակցելու, այսինքն` այս կերպ բոյկոտելու են քվեարկությունը: Դե իսկ ՀԱԿ խմբակցությունից մշտապես առանձնացող Հրանտ Բագրատյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ ինքը եւ Ալիկ Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու` հաշվի առնելով կառավարության ծրագրում տեղ գտած մի շարք դրական ծրագրերի ու տեղաշարժերի փաստը: Դեմ քվեարկեց ընդամենը ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Իսկ ամենաուշագրավն այն էր, որ ՕԵԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Կարեն Բոթոյանը քվեարկությունից հինգ րոպե առաջ պարզապես հայտարարեց, որ նա դուրս է գալիս խմբակցությունից եւ կողմ է քվեարկելու կառավարության նոր ծրագրին: Ստեղծված իրավիճակի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:ՀՀԿ-Ն ՉԻ ԴՐԴՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
-Պետք է նշեմ, որ ի պատիվ ընդդիմության շատ ներկայացուցիչների, եղան շատ առողջ քննադատություններ, որոնք զգոն են պահում իշխանություններին, որն էլ մեր կողմից ընդունելի է, որն էլ կարծում եմ, որ կառավարությունը հաշվի կառնի: Կային նաեւ բացառություններ, որոնց համարժեք պատասխանները այս օրերին տրվեց, որոնք պարզապես փորձեր էին բնականոն աշխատանքները խաթարելու` սկսած հայհոյանքներից, անձնական վիրավորանքներից` այն էլ քաղաքական այդ կարեւորագույն քննարկումների ժամանակ: Այդ ամենը ՀՀԿ-ի կողմից անընդունելի է, մենք պատրաստ ենք բանավիճելու, օրենքներ մշակելու մեր մյուս գործընկերների հետ, իսկ իրենք միայն պնդում են, որ իրենց նախընտրած օրենքները չեն անցնում, իսկ սա միայն նշանակում է, որ նրանք պարզապես չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին:
- Ստացվում է, որ ամբիցիաներո±վ են նրանք առաջնորդվում:
- Այո, դա միայն անձնական ամբիցիայի խնդիր է: Ես չեմ ցանկանում դրան անդրադառնալ, բայց ուզում եմ ասել, որ մեր երեխաները իրար հետ են մեծանում եւ ընկերություն անում, եւ կարող են այս ելույթներն ու հայհոյանքներն ու անձնական ամբիցիաները կոմպլեքսների մեջ պահեն նրանց: Մենք Ազգային ժողովում կոչված ենք քաղաքական խնդիրներ լուծելու, եւ որեւէ մեկ անգամ մեր կողմից դրդում չի եղել գնալ ձեռնամարտի կամ պրովոկացիաների:
ՙԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՆ ԻՐԵՆՑ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է՚
-Պարոն Բաղդասարյան, եթե կառավարության ծրագիրը ոչ իշխանական խմբակցություններին դուր չի գալիս, տրամաբանությունից ելնելով` պետք է դեմ քվեարկել, իսկ չմասնակցությունը կարող է նաեւ կողմ լինել նշանակել: Չնայած, որ սա նաեւ բոյկոտի տարբերակ է:
- Ինչ է նշանակում բոյկոտել, դա քաղաքական ձեւ է, որը ես ընդունում եմ: Բայց որ բոյկոտում են մի բան, հետեւաբար պետք չէր քննարկումներին մասնակցել: Իսկ իրենց պարագայում նրանք մասնակցում են, հայհոյում են: Այստեղ պարզապես այն մտայնությունն էր, որ կոալիցիա չկա, ՀՀԿ-ն մենակ է, եւ հնարավոր է, որ ձախողվի ամեն ինչ: Նույնիսկ առողջ մտածող ընդդիմադիրները կարողացան արտահայտվել ու կիսվել իրենց տեսակետներով` բացահայտ, այլ ոչ թե գաղտագողի ասելով, եթե դեմ են կամ ձեռնպահ, ապա` ինչի համար: Եթե պետք է բոյկոտեին, ճիշտ կլիներ այդ մասին նախապես հայտարարեին, այլ ոչ թե մասնակցել քննարկումներին, իսկ հետո բոյկոտել:
- ՕԵԿ խմբակցությունը նոր է դուրս եկել կոալիցիայից, ով գոնե մեկ ամիս առաջ հնարավորինս պաշտպանում էր կառավարության ծրագիրը, իսկ հիմա նույն ձեւաչափով բոյկոտին մասնակցելը ի±նչ է նշանակում:
- Այո, գոնե ինձ համար անհասկանալի է իրենց վարվելակերպը, եւ այո, նույն ծրագրի շարունակությունն է ավելի համառոտակի, իրատեսական: Իսկ հիմա հավանությունից միանգամից բոյկոտին անցնելը անհասկանալի է: Իրենք կարող էին պատճառաբանություններն ավելի հստակ ներկայացնել` կոալիցիայից դուրս գալու պատճառների մասին, եւ հետո ասել, որ իրենց բոյկոտելու տրամաբանական շարունակությունն էլ դա էր:
- Հենց երեկ` ծրագրի քվեարկությունից առաջ, իրենց պատգամավորը հրաժարական ներկայացրեց եւ դուրս եկավ ՕԵԿ-ից…
- Այո, ես չգիտեմ նա կուսակցության անդամ եղել է, թե` ոչ, բայց խմբակցությունից դուրս գալը իրենց ներքին գործն է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

