ԻՆՉ ԿԱՆԻ ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄª ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԹԻԿՈՒՆՔԸ ՊՆԴԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԻՆՉ ԿԱՆԻ ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄª
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԹԻԿՈՒՆՔԸ ՊՆԴԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Այսպիսովª չնայած ԱՄՆ-ի վերջին բավականին թույլ փորձերին եւ քարոզչությանը, թե Ռուսաստանի եւ Չինաստանի վերջին եւ, հատկապես, էներգետիկ պայմանագրերը Մոսկվային կախման մեջ են գցում Պեկինից, ռուս-չինական ամենաառանցքայինª գազային պայմանագիրը կնքվեց: Պատկերացնելու համար, թե խոսքը ինչ գլոբալ փաստաթղթի մասին է, բավական է միայն հիշեցնել, որ դրա շուրջ ռուս-չինական բանակցությունները ընթանում էին ամբողջ 10 տարի:
ՌԴ-ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ
ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ
Մյուս կողմից էլ, եթե 10 տարի բանակցում եւ լեզու չէին գտնում, իսկ հիմա պայմանավորվեցին, դա նշանակում է, որ քաղաքական իրավիճակը երկու կողմերին էլ պարտադրեցª գնալ այնպիսի փոխադարձ զիջումների եւ լուծումների, որոնց մասին առաջներում լսել անգամ չէին ուզում: Բայց նաեւª այդ տարիներին Ռուսաստանն էր ինչ-որ տեղ ՙոտքը կախ գցում՚ª հաշվի առնելով այն գերբացասական վերաբերմունքը, որը ԱՄՆ-ն ուներ այդ պայմանագրի, ավելի կոնկրետª Չինաստանի էներգետիկ ապահովվածության հարցին այդ միջոցով խորքային լուծում տալուն: Ընդ որում, եթե նայենք այդ նույն 10 տարիների համաշխարհային էներգետիկ պատմությանը, ապա պարզ տեսանելի են ամերիկյան այն բազում գործողությունները, որոնք նպաստում էին աշխարհում էներգակիրների բարձր գների պահպանմանը, ինչը, հասկանալի է, Ռուսաստանին հնարավորություն էր տալիս հսկայական գումարներ աշխատել եւ այդ հաշվին կարգի բերել պետությունը: Այսինքնª ստեղծվել էր ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համար փոխշահավետ իրավիճակ, եւ այդ պարագայում ռուսներն էլ իրենց թույլ էին տալիս չինական ուղղությամբ համեմատաբար պասիվ գործելª հաշվի առնելով ամերիկյան շահերը եւս:
Չինաստանն էլ իր հերթին էր ԱՄՆ-ի հետ մտածում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ մաքսային ռեժիմ ստեղծելու շուրջ, այսինքնª չինացիներն էլ ունեին ռուսական ուղղությամբ գլոբալ տնտեսական ծավալման հարցում որոշ արգելակներ: Եվ ահա այդ ամենից հետո, երբ այսօր Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրում են գրեթե աննախադեպ ծավալներովª 400 միլիարդ դրամի ¥1 տրիլիոն խմ գազ, եւ այդ ծավալները հետագայում էականորեն կարող են աճել¤ պայմանագիր, ապա դա առաջին հերթին նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ կապված թվարկված եւ մի քանի այլ արգելակները արդեն չեն գործում, այսինքն, որ Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ նախկին եռանկյունին դուրս է եկել խաղի նախկին կանոններից եւ կողմերից երկուսը հայտարարում են նոր կանոններով գործելու մասին: Եվ հասկանալի է, որ այդ կանոնները տնտեսականից զատ նաեւ քաղաքական հարթությունում են եւ դրանով փոխվում են նաեւ պետությունների եւ տարածաշրջանների հետ կապված հարաբերությունները:
Անշուշտª Ուկրաինան ու դրա ֆոնին էականորեն սրված ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն ընդամենը առիթ դարձան, որ հենց այս պահին ի հայտ եկավ ռուս-չինական այդ գլոբալ պայմանավորվածությունը: Եվ այստեղ նախ նկատենք, որ միայն գազային պայմանագրի ենթահամակարգերի ստեղծումը նախատեսում է առաջիկա չորս տարում մոտ 70-80 միլիարդ դոլարի ներդրում, այդ թվումª Չինաստանի հաշվին: Դա գործնականում առավել քան լուծում է արեւմտյան պատժամիջոցների արդյունքում ռուսական տնտեսության համար առաջացած խնդիրները, ինչն արդեն իսկ երեւում է գազային պայմանագրի կնքումից անմիջապես հետո նկատվող ռուսական գրեթե բոլոր հիմնական տնտեսական ցուցիչների սկիզբ առած բավականին լուրջ աճի տեսքով: Արդյունքումª ապահովելով թիկունքն ու տնտեսական ներքին իրավիճակը, Մոսկվան արդեն բոլորովին այլ հայացքով կարող է նայել ուկրաինական ճգնաժամին ու դրանից իր նկատմամբ առաջացած մարտահրավերներին:
ՌՈՒՍՆԵՐԸ ԿՄՏՆԵՆ ՈՒԿՐԱԻՆԱ
Թե ռուսական այդ նոր մոտեցումներն ինչ գործնական տեսք կունենան, թերեւս արդեն առաջիկա օրերին կսկսեն տեսանելի դառնալ: Բայց նաեւ հասկանալի է, որ իրենց մոտեցումները միանգամից սկսելու են վերանայել նաեւ Եվրոպան եւ ԱՄՆ-ը:
Եվրոպայի համար ռուս-չինական գազային պայմանագիրը մեկ միանշանակ հետեւանք ունի. չինական մեկուկես միլիարդանոց շուկա նման գլոբալ մուտքը եւ այնտեղ ծավալվելու հեռանկարները ռուսների համար աստիճանաբար երկրորդ պլան են մղելու եվրոպական շուկան եւ, հատկապես, այնտեղ մուտք գործելու ուկրաինական ուղղությունը: Այսպիսովª ՌԴ-ն լուծում է իր գազային այլընտրանքի հարցը, իսկ Եվրոպան, ընդհակառակը, քայլ անգամ չկարողանալով կատարել իր էներգետիկ կախվածությունը գոնե նվազեցնելու ուղղությամբ, կորցնում է նաեւ հիմնական շուկա հանդիսանալու միջոցով ռուսների վրա քաղաքական ազդեցության այդ լծակը: Եվրոպայի գազամատակարարումը դադարեցնելու սպառնալիքով ռուսների վրա ինչ-որ ազդեցություն գործելու հնարավորությունից զրկվում է նաեւ Ուկրաինան: Սրա հետ մեկտեղ, այս նոր իրավիճակում, թերեւս ԵՄ-ի համար արդեն բոլորովին այլ առաջնահերթություն է դառնում Ուկրաինան շրջանցող ՙՀարավային հոսք՚ գազամուղի ծրագիրը: Ռուսաստանն էլ, իր տարածք ներառելով Ղրիմը, արդեն կարող է չմտածել այդ գազամուղը ԱՄՆ-ի ազդեցության գոտովª Թուրքիայի սեւծովյան ջրերով կառուցելու մասին, ինչը նախ էժանացնում է նախագծի իրականացումը, ապաª թուրքական տարանցման դիմաց վճարելու բաղադրիչը ծրագրից հանելու հաշվին նաեւ կարող է էժանացնել Եվրոպային մատակարարվող գազի գինը: Ասենքª դրանով նաեւ հրապուրում է Եվրոպայինª Ղրիմը ոչ հեռու ապագայում ճանաչել որպես ՌԴ-ի մաս:
Այսպիսով. ՙՈւկրաինական հարցը Ռուսաստանի եւ Չինաստանի գազային համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ի համար մղվում է երկրորդ պլան՚,- ենթադրում է ուկրաինացի փորձագետ, Էներգետիկ պետությունների դիտորդական խորհրդի անդամ Յուրի Կորոլչուկը: Այսինքն` Ուկրաինայում, թերեւս, սկսում են գիտակցել իրավիճակի լրջությունը, որ էներգատար տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ, իսկ այն պահին, երբ ռուսական գազը ամբողջությամբ շրջանցի իրենց, նաեւ պետք է հրաժարվեն դեպի Եվրոպա գազի տարանցման բավականին լուրջ եկամուտներից:
Ուկրաինայի իրավիճակի այս անելանելիությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի հանդեպ Եվրոպայի դիրքորոշման կտրուկ փոփոխության հավանականությունը, ինչ խոսք, հազիվ թե Վաշինգտոնում չնկատեն: Եվ կարծես թե մնացել է վերջին տարբերակըª ինչ-որ հնարքով ռուսներին Ուկրաինայում ներքաշել պատերազմի մեջ այն հաշվարկով, որ դրա ելքը կսրբագրի ներկայիս քաղաքական իրավիճակը: Թերեւսª հենց այդ նպատակին էր միտված Ուկրաինայի դե ֆակտո նախագահ Տուրչինովի վերջին հրամանըª մինչ մայիսի 25-ի ընտրությունները հարավ-արեւելյան ՙտարածաշրջանը մաքրել ահաբեկիչներից՚, որից հետո երեկ ուկրաինական զինուժն անցավ հարձակման Լուգանսկի ուղղությամբ: Եվ ահա Դոնեցկում եւ Լուգանսկում, եթե չբավարարեն տեղի ինքնապաշտպանության ուժերը, ապա ՌԴ-ին, թերեւս, այլ ելք չի մնա, քան Լուգանսկի ինքնապաշտպանության ղեկավար Վալերի Բոլոտովի օգնության կոչի համաձայն. ՙԿիեւի ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից անցկացվող պատժիչ արշավանքի՚ պատճառով ՙհումանիտար կատաստրոֆայի առաջացում՚ թույլ չտալու նպատակով ՙվճռականություն ցուցաբերել եւ խաղաղարար ուժեր մտցնել՚ Լուգանսկ եւ, բնականաբար, Դոնեցկ: Թիկունքն ապահովելովª Ռուսաստանը, հնարավոր է, արդեն ծայրահեղ դեպքում կգնա այդ ՙխաղաղապահ առաքելությանը՚: Սակայն այս պահին դեռ Դոնեցկ-Լուգանսկի ուժերը միանգամայն բավարարում են, այսինքնª գոնե երեկվա դրությամբ դեռ վաղ էր խոսել Դոնեցկ եւ Լուգանսկ ռուսական զորքեր մտցնելու մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

