Ժամանակ առ ժամանակ...
Արխիվ 12-16
Ժամանակ առ ժամանակ ասպարեզում հայտնվում է եւ իր հեղինակավոր կարծիքը հայտնում ՀՀ նախագահի հավերժական թեկնածու, զրո ամբողջ տոկոսի մշտական դափնեկիր ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Հիմա էլ նա հույժ խուճուճ ՙմիջազգայնագիտական՚ վերլուծություն ներկայացրեց. ՙԴատելով միջազգային քաղաքական օրակարգը ձեւավորող եւ զարգացումներն ուղղորդող համաշխարհային հիմնական ուժային կենտրոնների պահվածքից, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ գունավոր հեղափոխությունների եւ ազգային ՙգարունների՚ փուլը, հիմնականում, ավարտված է: Այս փուլն ուներ նախապատրաստական բնույթ եւ կոչված էր անհրաժեշտ աշխարհաքաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական նախադրյալները ստեղծելու Եվրասիայի վերաֆորմատավորման հաջորդ մակարդակին անցնելու համար, որը շատ ավելի ընդգրկուն ու տեւական է լինելու:
Գործընթացի ընդհանուր տրամաբանությունը ստիպում է ենթադրել, որ այս նոր փուլում կոնֆլիկտայնության մակարդակը շատ ավելի բարձր է լինելու եւ հատելու է զուտ ազգային սահմանները` վերաճելով ծավալուն ազգամիջյան բախումների՚: Զարմանալի է, ինչ է ուզում ասած լինել, եւ ինչու է մտածում, որ անպայման տեղի է ունենալու իրավիճակի սրում մեր տարածաշրջանում: Մի±թե նա հույս ունի, որ եթե նման բան լինի, ապա զրո ամբողջ տոկոսները կտասնապատկվեն կամ կհարյուրապատկվեն:Հարգելի ընդդիմադիրներ, շատ մի զայրացրեք նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, թե չէ ձեզ այնպես կհակադարձի, որ քիչ չի թվա: ԱԺ այս քառօրյային Նիկոլ Փաշինյանի սուր ինքնադրսեւորումը պատճառ դարձավ, որ Աշոտյանը արձանագրեց զարմանալի իրողություն` որ եթե կառավարության ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, էլի կգտնվեին ընդդիմադիրներ, ովքեր այդ պատվիրանների մեջ կգտնեին կոռուպցիոն ռիսկեր եւ արտաքին ճնշումներ. ՙԽնդիրն իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են, որին դիտարկում են որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի: Այստեղ անվստահություն է ստեղծվում մեր եւ նրանց միջեւ, որովհետեւ մենք դասակարգային թշնամիներ չունենք: Առհասարակ քաղաքական դաշտում թշնամիներ չունենք՚: Իսկ վերջում ՀԱԿ խմբակցության պատգամավորներին տված խորհուրդը ոչ միայն զարմանալի էր, այլեւ` սպանիչ: Նախ` Աշոտյանն արձանագրեց, որ համացանցում ունի ավելի շատ հետեւորդ, քան ոմանց ընտրազանգվածը: Եվ եզրափակեց` խորհուրդ տալով ՀԱԿ-իստներին, քանի դեռ պատգամավոր են եւ դրա հնարավորությունն ունեն, ԱԺ շենքի մոտ խմբակային սելֆի (ինքնալուսանկար) անեն, որ հետո մարդկանց ցույց տալու բան ունենան:
Աշոտյանի անգութ դիտարկումները քիչ էին, մի բան էլ ընդդիմադիրների վերքերի վրա աղ ցանեց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ. ՙՄիայն այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում են, որոշ երաշխիքներ ունեն, որ առնվազն մինչեւ 2017 թվականը քաղաքական դաշտում կերեւան, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական առումով նրանք իսկապես հնարավորություն կունենան ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Միակ բացառությունը երեւի թե ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն է, որը պահպանում է ե°ւ իր մարզային կառույցները, ե°ւ իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը՚: Լավ, զարմանալի է, մի±թե կարելի է այդ մարդկանց այիբը երեսներով տալ: Ավելի մարդասիրաբար չէ±ր լինի առանձին ներկայացնել նրանց այդ անփառունակ ապագան, որպեսզի հիմիկվանից գնան ԲՀԿ-ի դուռը աղաչել-պաղատելու, որ ԲՀԿ-ն իրենց ընդգրկի սեփական համամասնական ցուցակում:
Մեր ընթերցողը, անշուշտ, հիշում է պատմաբան ՎԱՀԵ ԱՆԹԱՆԵՍՅԱՆԻՆ, ով ակտիվորեն ընդվզել էր Գառնիի տաճարի տարածքում դուքյան սարքելու ծրագրերի դեմ, իսկ մեր թերթի էջերում պատմել, թե ինչպես գրանտային փողերով որոշ կառույցներ պատմական կեղծիքներ են զետեղում պատմական հուշարձանների ցուցանակների վրա: Հիմա էլ նա զարմանալի երեւույթ է հայտնաբերել իր մյուս ոլորտում` զբոսավարների պատրաստության, ինչի վերաբերյալ էլ զարմանքով ու զայրույթով գրում է. ՙՄեր իրականությունը տարօրինակ է: Մեր իրականությունը չի ենթարկվում ոչ մի օրինաչափության, ոչ մի տրամաբանության... Պատկերացնում եք, մեզ մեղադրում են... ՙՏիր-Ար՚ զբոսավարների վարժանքների ժամանակ հայրենասիրություն սերմանելու մեջ... Տարիների, տասնյակ տարիների աշխատանքային եւ դասավանդման փորձ ունեցող զբոսավարները մեզ մեղադրում են... հայրենասիրություն սերմանելու մեջ... Իմ պատասխանն է հնացած ու մթագնած ուղեղներով այս անձանց. ամեն ոք պարտավոր է հայրենասեր լինել, ամեն հայ, եթե նա չունի գենետիկ շեղում: Առավելեւս` զբոսավարը, ով իմ ազգի, իմ պետության մշակութային դեսպանն է այլոց` հյուրերի մոտ... Ձեր բազմազանությամբ մի պղտորեք իմ երկիրը՚: Դե, ինչ, ամբողջովին կիսում ենք վրդովմունքը, սակայն ինչի վրա զարմանանք` եթե տարատեսակ կոնչիտաներին պաշտպանողներ են գտնվում, ապա հայրենասիրության համար մեղադրողներ կգտնվեն ու կգտնվեն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

