«ԻՆՔԸ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԻ, ԲԱՅՑ ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է»
Արխիվ 12-16«ԻՆՔԸ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԻ, ԲԱՅՑ ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է»
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ խորհրդարանական ամբիոնից խոսելով ՀՀ կառավարության ծրագրի մասին` նշեց. «Ինձ համար անհասկանալի է, բայց որպես մարդ, որը կարողանում է վերլուծություններ, հետեւություններ անել, հասկանում եմ, որ այնքան էլ լավ չի տրամադրված ձեր նկատմամբ ձեր մի մասը: Փորձեք առաջին հերթին ձեր մեջ պարզել այդ տրամադրությունների պատճառները, որովհետեւ ՀՀ կառավարություն եք, եթե դուք ձախողվեք, երկիրն էլ է ձախողվում, մենք էլ ենք այդտեղ տուժում` առանց որեւէ կապ ունենալու»: Թե ըստ Գ. Արսենյանի, ովքեր են ցանկանում ձախողել ՀՀ նորակազմ կառավարությանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից: Հարցին ի պատասխան, պարոն Արսենյանը խիստ բորբոքված ցույց տվեց «Ժամանակ» օրաթերթը, որի առաջին էջում ծայրահեղ անպատկառ ծաղրանկար էր` վարչապետի դեմ.
-էս մարդը լավ է, թե` վատ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարն է: Նայեք, ինչ են տպել ու ինչպես են տպել: էս էն թերթն է, որ իրենց կողմից է ֆինանսավորվում ու ընդդիմության թերթ չէ: Հիմա դուք հետեւություններ արեք, թե ինչ են ցանկանում իրենք` կառավարության ապագայի հետ կապված: Ինքը իմ բարեկամը չի, բայց նաեւ իմ վարչապետն է, ինչպե՞ս կարելի է...
- Պարոն Արսենյան, այնուամենայնիվ, կարծես թե, Դուք դրական վերաբերմունք ունեիք կառավարության ծրագրի նկատմամբ...
- Կառավարության ծրագրի նկատմամբ ո՛չ բացասական, ո՛չ դրական վերաբերմունք չունեմ: Սա միջանկյալ ինչ-որ մի բան է, ես ասացի, որ մենք հայտնվել ենք շաբլոնի մեջ ու չենք կարողանում այդ շաբլոնից դուրս գալ: Եթե այդ շաբլոնից դուրս գան, բերեն նոր տեսլական, որը կարող է այս ժողովրդին ու երկրին առաջ տանել, այդ ժամանակ ես կխոսեմ: Այլապես, սրա մասին ինչ խոսեմ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

