ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՑ
Արխիվ 12-16ՍԱՐԿՈԶԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ՀՐԱԺԱՐՎԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՑ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կոչ է անում հրաժարվել Շենգենյան գոտուց, որի մեջ մտնում է 26 եվրոպական երկիր: Այս մասին գրում է Le Point-ը:
Նման հայտարարությամբ նախկին նախագահը հանդես է եկել Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 25-ին` եվրոպական երկրներից մեծ մասում:
ՙ1995 թվականից ուժի մեջ մտած Շենգենը պետք է անհապաղ դադարեցվի եւ փոխարինվի Շենգեն II-ով, որի անդամները կարող են լինել միայն այն երկրները, որոնք ավելի վաղ ընդհանուր հայտարարի են եկել միգրացիոն քաղաքականության հարցում՚,- հայտարարել է Սարկոզին:
Նրա կարծիքով, դա կօգնի Եվրամիությանը վերջ տալ այն պրակտիկային, որ Շենգենի գոտում գոնե մեկ անգամ հայտնված յուրաքանչյուր արտասահմանցի այնուհետեւ կարող է բնակության վայր ընտրել այդ գոտու մեջ գտնվող ցանկացած երկիր, որն առաջարկում է ավելի բարձր սոցիալական փաթեթ:
Բացի դրանից, Սարկոզին նշել է, որ Բեռլինը եւ Փարիզը պետք է ավելի նեղ համագործակցեն տնտեսական ոլորտում: Այդ նպատակի համար Ֆրանսիայի նախագահն առաջարկում է ստեղծել ֆրանս-գերմանական միասնական տնտեսական գոտի:

