ՙՙ«ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՀԱՋՈՂՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
ՀԱՋՈՂՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ»
Երեկ 70 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ 13-րդ կառավարության ծրագրին: Ըստ էության, ոչ իշխանական ուժերը մեծամասամբ չմասնակցեցին քվեարկությանը, բացի ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից, ով դեմ էր ծրագրին, եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից ու «Ժառանգություն» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից, ովքեր ձեռնպահ քվեարկեցին:
Երկրի կարեւորագույն ծրագրի շուրջ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերի բուռն ելույթների եւ արդյունքում քվեարկությանը չմասնակցելու մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ.
-Ցավոք սրտի, ինձ համար ոչ բոլոր դեպքերում է քաղաքական դիրքորոշումների հետ կապված խնդիրը ընդունելի այս տարբերակով: Օրինակ, նույն «Օրինաց երկիրը», եթե նույն ծրագրին նախկինում քվեարկել է կողմ, հիմա քվեարկում է ավելի վատ: Բայց դա թողնենք մի կողմ, կառավարությունը հավակնոտ ծրագիր է ներկայացրել եւ բացի դրանից, վարչապետն իր ներկայացրած տարբերակով առաջարկում է նոր մոտեցումներ եւ խոստանում էապես փոխել իրավիճակը: Ինձ թվում է` համենայնդեպս մենք պետք է աջակից լինենք, որովհետեւ կառավարության գործունեությունն իր ազդեցությունն ունի ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլ բոլորիս համար: Դրանում համոզված եմ, որովհետեւ այն հիմնադրույթները, այն գաղափարախոսությունները, այն մարտահրավերները, այն դիրքորոշումները, որոնք կոնցեպտուալ առումով կան, կառավարությունը նախատեսել է եւ իրականացնելու է: Ներկա մարտահրավերները առավելագույնս լուծելը կառավարության ցանկությունն է, իսկ չաջակցել այդ ցանկությանը, ինձ թվում է` մի քիչ այնպես չէ: Եվ այստեղից հետեւություն, նորից եմ կրկնում` կառավարությունն այս կարգավիճակում դատապարտված է հաջողված լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

