«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ ԵՎ Ե՞ՐԲ»` ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Արխիվ 12-16«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ ԵՎ Ե՞ՐԲ»` ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրության համաձայն, մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: Թե ո՞ր քաղաքական ուժի նախաձեռնությամբ է կայացել այս հանդիպումը, «Իրավունքը» նախ փորձեց պարզել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ.
- Չեմ ուզում մեկնաբանել:
- Իսկ որտե՞ղ է կայացել հանդիպումը:
- Դա էլ չեմ ուզում մեկնաբանել:
- Իսկ ինչով է պայմանավորված չմեկնաբանելը, գաղտնի հանդիպո՞ւմ էր:
- Գործի բնույթից ելնելով` չեմ ուզում մեկնաբանել:
Ի դեպ, զարմանալիորեն, մեր հարցերն անպատասխան մնացին նաեւ ԲՀԿ առաջնորդի խոսնակի կողմից: Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հանդիպման ընդունող կողմը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

