ԲՀԿ եւ ՀԱԿ համատեղ մամլո հաղորդագրության համաձայն, մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: Թե ո±ր քաղաքական ուժի նախաձեռնությամբ է կայացել այս հանդիպումը, ՙԻրավունքը՚ նախ փորձեց պարզել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ. - Չեմ ուզում մեկնաբանել: - Իսկ որտեղ է կայացել հանդիպումը: - Դա էլ չեմ ուզում մեկնաբանել: - Իսկ ինչով է պայմանավորված չմեկնաբանելը, գաղտնի հանդիպո±ւմ էր: - Գործի բնույթից ելնելով` չեմ ուզում մեկնաբանել: Ի դեպ, զարմանալիորեն, մեր հարցերն անպատասխան մնացին նաեւ ԲՀԿ առաջնորդի խոսնակի կողմից: Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հանդիպման ընդունող կողմը եղել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ