ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ , ՈՐ ԻՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Արխիվ 12-16ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԻ , ՈՐ ԻՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Կանաչ տարածությունների ոչնչացումով մարդիկ ոչ միայն զրկվում են բնության գեղեցկությամբ հիանալու հնարավորությունից, այլեւ դրանով մեծ վնաս է հասցվում մարդկանց առողջությանը:Բացի այդ, կանաչ տարածությունների կրճատումը ազդում է նաեւ կլիմայի փոփոխության վրա, «Իրավունքի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համակարգող ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ. «Կանաչ տարածությունների կրճատումը կլիմայի փոփոխության տեսանկյունից վնասակար է մարդկանց առողջության համար: Երբ քաղաքում ծառերը քիչ են շենքերը տաքնում են` ջերմությունը վերցնելով իրենց վրա, որի հեռեւանքով էլ ձեւավորվում է ջերմային կղզյակ,այդ պատճառով էլ քաղաքում համեմատած ծայրամասերի ջերմաստիճանի 3-4 աստիճան բարձր է լինում»:
Նրա խոսքով`կանաչապատումը պետք է շատ լինի, որը կարեւոր է որպեսզի մարդիկ հարմարվեն կլիմայի փոփոխություններին: Բնությունը մարդուն հնարավորություն է տալիս այնտեղից վերցնել այն ինչ ցանկանում է, սակայն մարդը պետք է գիտակցի որ բնության բարիքներն էլ անսպառ չեն: «Այն ամենը ինչ մարդը վերցնում է բնությունից պետք է լինի խնամքով եւ չափավոր: Ի վերջո մարդը պետք է գա այն գիտակցությանը, որ ինքը բնության մի մասնիկն է կազմում:Մենք բոլոր հնարավորություններն ունենք մարդկանց այդ գիտակցությանը բերելու համար»,-նշեց Ա.Գաբրիելյանը:
Կանաչ տարածություններից զատ միկրոկլիմայի վրա կարող է ազդեցություն ունենալ նաեւ օդի աղտոտվածությունը: Ըստ Գաբրելյանի բնության մեջ կան նյութեր, որոնք բույսերի աճեցման տեսանկյունից լավ են, սակայն վատ են կլիմայի փոփոխության տեսանկյունից: Այստեղ Ա.Գաբրիելյանի խորհուրդը մեկն է`երկու կողմին էլ չվնասելու համար հարկավոր է պահպանել հավասարակշռություն եւ բնության պահպանման բոլոր գործընթացները պետք է կրեն համակարգված բնույթ: «Առայժմ կլիմայի փոփոխությունը կանխել հնարավոր չէ, սակայն մեղմել հնարավոր է»,-եզրափակեց Գաբրիելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

