Մովսեսի բնակիչ. «ՈՐ ԳՆԱՑԻՆՔ, ԷԳՈՒՑ ՄՈԼԵՆ ԸՍՏԵՂ Ա ՄՏՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16Մովսեսի բնակիչ. «ՈՐ ԳՆԱՑԻՆՔ, ԷԳՈՒՑ ՄՈԼԵՆ ԸՍՏԵՂ Ա ՄՏՆԵԼՈՒ»
Մովսես գյուղում բնակչությունը կարոտ է խոսք ու զրույցի, շատ ընտանիքների երիտասարդներ արտագնա աշխատանքի են մեկնել, բայց գյուղը ամենեւին էլ չի դատարկվել, որովհետեւ մշտարթուն են գյուղի մեծերը: Լրագրողներիս հետ զրույցում արցունքը խեղդելով կոկորդում` անկեղծացավ ծանր տարիների բովով անցած ու այսօր էլ դառը իրականության առաջ կանգնած Մովսես գյուղի բնակիչ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.
- Շատ զոհ ենք տվել` երիտասարդ տղա, երիտասարդ աղջիկ, կին…
- Բայց միեւնույնն է, չենք լքում Ձեր բնակավայրը:
- Հա, քե մատաղ, իմ տունը 100 տոկոսով քանդված ա: Շնորհակալ եմ մարզպետից, էն նեղ ժամանակ, հազար դոլար ա տվել, գոյատեւել ենք: Փառք Աստծո, թոշակ էլ ստանում եմ:
- Գրեթե ամեն օր հակառակորդի կողմից արձակած կրակոցները չե՞ն ստիպում, որ հեռանաք գյուղից:
-Չէ, չէ, չէ, ես պիտի էստեղ էլ մահանամ, իմ պապական գերեզմանում էլ հուղարկավորվեմ: Որ գնացինք, էգուց մոլեն ըստեղ է մտնելու: Մի վագոն աղջիկ եմ ունեցել ու մի պատառ տղա, հիմա արտագնա են, էստեղ չեն: Ես գոյատեւում եմ, կինս էլ ինվալիտ ա: Կրակոցների ժամանակ էլ պատդվալում ենք մնում:
- Ձեր զավակները վերադառնալու ցանկություն չունե՞ն:
- Ունեն, աշխատանք չկա: Աշխատանք լիներ չէի թողի գնան: Կարոտել եմ, թոռնիկս ասել ա պապի չես գալիս տենամ, ի՞նչ ասեմ… Ստացել եմ 3570 քառ. մ հողատարածք, բայց չեմ կարողանում մշակեմ, կրակում են:
- Հաճախ մամուլում Մովսեսի վրա ուղղված կրակոցների մասին հրապարակումներ են լինում…
- Իմ հարեւանի էրեխեն մահացավ սնայպերի կողմից, երեք օր հետո հայտարարեցին, թե հակառակորդը կրակեց, մերոնք հակահարված տվեցին, լռեցրեցին: Էսքան սուտ կլի՞:
- Բայց իրականում կրակոցները շա՞տ են նեղացնում:
-Ուղղակի, սիրտս տալի՞ս է ա, որ ասեմ…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

