ՙԴԱՏԱՐԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՀՈՂԻ ԴԻՄԱՑ՚ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՎ ՆԵՐՍԻ ԽԱՂԵՐԸ
Արխիվ 12-16ՙԴԱՏԱՐԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՀՈՂԻ ԴԻՄԱՑ՚ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՎ ՆԵՐՍԻ ԽԱՂԵՐԸ
Եվ այսպես, արցախյան 7 շրջան գործնականում ոչ մի բանի դիմաց առաջարկող ամերիկյան համանախագահ Ուորլիքը Բերձորում եւ այլուր առիթ ունեցավ տեղեկանալու, թե ինչ են դրա մասին մտածում արցախցիները:
Եվ կոնկրետ բողոքի ցույցերի տեսքով նրան դա բացատրեց ժողովուրդը Բերձորում, իսկ այնուհետ իշխանությունները` Ստեփանակերտում: Բացատրեցին պարզ ու հասկանալի` տարածքային զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող: ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ
Ամերիկյան առաջարկները, որոնք կրկնվել են ամենատարբեր մակարդակով, այդ թվում եւ Երեւանում ու Բաքվում գտնվող զույգ դեսպաններով, բավականին պարզունակ են` դուք սկզբում հանձնեք 7 շրջան, այդ թվում եւ Բերձորի (Լաչինի) շրջանի մեծ մասը, իսկ հետո կսկսվեն բանակցություններ կարգավիճակի մասին, որոնք անորոշ ապագայում պետք է ավարտվեն իրավաբանորեն պարտադիր ինչ-ինչ որոշումով: ՀՀ իշխանությունները արձանագրեցին, որ ամերիկացիների առաջարկներում ոչ մի նոր բան չկա, ԼՂՀ իշխանությունները պատասխանեցին չոր մերժումով: Սակայն այդ ամենի ֆոնը նույն Ուորլիքի եւ ԱՄՆ մյուս ներկայացուցիչների մանթրան է, թե, եթե անհապաղ չսկսվի ՙկարգավորման՚ իրականացումը, ապա պատերազմն անխուսափելի է: Այսինքն` դա պարզ շանտաժ է Երեւանի հասցեին: Բաքվի հասցեին էլ էլեմենտար շանտաժ կիրառվեց` սպառնացին, որ Մայդանը կգա Բաքու...
Կարճ ասած, պարզորոշ երեւում է, որ ամերիկացիներին ցանկացած գնով անհրաժեշտ է արցախյան ստատուս քվոյի խախտումը, որպեսզի ինչ-որ բան տեղի ունենա, եւ այդ ինչ-որ բանը միգուցե հնարավորություն ընձեռի խաղաղապահների անվան տակ խցկվել տարածաշրջան: Պատերազմի մասին խոսակցությունները, խոշոր հաշվով, բավականին տարօրինակ են, այն էլ այնպիսի պնդումը, որ եթե տարածքները չհանձնվեն, կլինի պատերազմ: Այսօրվա փաստացի սահմանը հենց այնպիսին է, որ օպտիմալ է ռազմական հավասարակշռություն պահպանելու համար, եւ այդ հավասարակշռությունը խախտելը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ, այլ ոչ թե` ստատուս քվոն: Այնուամենայնիվ, չպետք է բացառել, որ ամերիկացիները կփորձեն Բաքվին դրդել ագրեսիայի` առավել եւս, որ արդեն քանիցս ՀՀ ներսում Մայդան հրահրելու տապալված փորձերից հետո դիմում էին ՙարտաքին Մայդանի՚ տարբերակին` ադրբեջանական սադրանքների ու դիվերսիաների տեսքով: Ու հիմա այն պահն է, որ Հայաստանի մուտքը Մաքսային ու Եվրասիական միություն մի քանի օրից մոտ է անշրջելի փաստ լինելուն: Ու պարզ է, որ փորձեր կարվեն տապալել դա, թեեւ տապալման շանսերը մոտ են զրոյի: Նույն Իլհամ Ալիեւը բավականին պարզ հասկանում է, որ եթե գնա ռազմական արկածախնդրության, ապա բավականին բարձր է հավանականությունը, որ հարեւան երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրինակով հարկադրված կլինի վախից ու հուզմունքից նույնպես ուտել սեփական փողկապը:
Բնականաբար, արցախյան թեմայով ինտրիգներ ու խառնակչություն եփելու փորձերը ձեռնարկվում են ե°ւ դրսում, ե°ւ ներսում: Անչափ շատացել են տարատեսակ ՙվերլուծաբանները՚, ու սադրիչ գաղափարներ տեղեկատվական դաշտ են նետվում նաեւ այդ դաշտի ռուսական հատվածում: Օրինակ, հայտնի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի շուրթերով դաշտ նետեցին վարկած, իբր թե ռուսական կողմը մոտ է ամերկացիների առաջարկին համաձայնելուն, եւ Երեւանին այլ բան չի մնում, քան միաժամանակ հրաժարվել ե°ւ Արցախի բաժանումից, ե°ւ Մաքսային միությունից:
Իսկ իսլամական էքստրեմիստ Հեյդար Ջեմալի հետ մտերիմ ՙեվրասիականության՚ գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի միջոցով էլ, ոչ պակաս սադրիչ գաղափարներ են հրապարակ նետում` իբր կարեւորը Մոսկվայի գերիշխանության հաստատումն է Կովկասում, իսկ դրանից հետո կարելի է մտածել, թե ինչպես կիսել Արցախը:
Բնականաբար, այդ բոլոր տեղեկատվական սադրիչների արտահայտած մարազմատիկ ու քաղաքագիտական տեսակետից ֆանտաստիկ խոսքերը տիրաժավորում, ՙվերլուծությունների՚ նյութ են սարքում եւ մեր տեղական ՙնարնջագույն՚ քարոզիչները` այդ սադրանքները ներկայացնելով որպես վերին ատյանի ճշմարտություն: Մինչդեռ ռեալ ռուսական տեսակետը, ինչքան էլ ոմանց դա դուր չգա, արտահայտում են ոչ թե տարատեսակ դուգիններն ու կոլերովները, այլ` Ռուսաստանի պաշտոնատար անձինք: Եվ այդ պաշտոնատար անձանցից հենց դեսպան Վոլինկինը պարզ շարադրել էր ակնհայտ զուգահեռները Արցախի եւ Ղրիմի ինքնորոշման միջեւ` ինքնորոշման իրավունքը մատուցելով որպես առաջնային իրավունք: Ու հենց Վոլինկինի դեմ առաջին հերթին քարոզչական աղմուկ բարձրացրին մեր 5-րդ շարասյունները:
ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արդեն պարզից էլ պարզ է, որ առանցքային նշանակության փաստաթուղթը` կառավարության ծրագիրը, ԱԺ-ում հնարավոր է հանգիստ ընդունել` բացառապես ՀՀԿ-ի քվեներով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ այն վստահաբար ներկայացրեց խորհրդարանում` շատ կոռեկտ պատասխանելով բոլոր հարցադրումներին եւ անգամ հանուն դեմ հանդես եկող Լեւոն Զուրաբյանին հավաստիացրեց, որ վաղ թե ուշ վերջինս ստիպված կլինի հավատալ վարչապետին: Գալուստ Սահակյանն էլ, պարզ արձանագրեց, որ ԱԺ-ում բարձրացրած ընդդիմադիր աղմուկը ՀՀԿ-ին առանձնապես չի մտահոգում: ՙԵթե դուք մեզ հետ չեք ցանկանում համագործակցել հենց այնպես, միայն նրա համար, որ մեր դեմքերը ձեզ դուր չեն գալիս, ապա դա ձեր խնդիրն է, ոչ թե` մեր: Եթե չեք ցանկանում համագործակցել, մի° համագործակցեք՚:
Ու պատահական չէ, որ հենց այժմ ակտիվացել է եւ հիստերիկ բնույթ է ստացել հակառուսական քարոզչությունը, եւ կիրակնօրյա ծիծաղաշարժ ՙհակապուտինյան՚ ակցիայից հետո հայտնի գրանտածիծներ` ի դեմս Արթուր Սաքունցի, Բորիս Նավասարդյանի, Գայանե Առուստամյանի եւ այլ սաքունցների, կրկին ՙՀրազդան՚ հյուրանոցում կազմակերպում են հերթական խառնաժողովն ընդդեմ Մաքսային միության, այս անգամ նաեւ ներգրավելով ոչ միայն Պարույր Հայրիկյանին (ինչպես դա տեղի էր ունեցել կիրակի), այլեւ գումարելով ՙԱզատ դեմոկրատներին՚, ՙԺառանգությանը՚, Նիկոլ Փաշինյանի ՙՔաղաքացիական պայմանագիր՚ նախաձեռնությանը, ՀՀՇ-ին, Արամ Զ. Սարգսյանի ՙՀանրապետությունը՚, ինչպես նաեւ այլ հակախորհրդարանական խառախուռա: Դե, պարզ է` փորձելու են մոտ օրերս ցուցադրել կամ տպավորություն ստեղծել, իբր գործում է լայնագույն քաղաքական ճակատ` հօգուտ եվրոպական ընտրության եւ ընդդեմ Մաքսային միության:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այդ միավորը ամերիկյան տիկնիկավարներին պետք է ոչ թե անմիջապես թունդ հակառուսական դաշտում, այլ ԲՀԿ-ին ընդդիմադիր տիրույթներ քաշելու եւ կարմիր գծից այն կողմ անցկացնելու փորձերի համար: ԲՀԿ-ին ՙբզբզելու՚ եւ ընդդիմադիր դաշտ ներքաշելու համար քարոզչական հարձակումների պակաս չկա արեւմտյան շահերը սպասարկող ԶԼՄ-ների դաշտում, անգամ նետել են սադրիչ թեզ, իբր այդ կուսակցությունն իրեն պահում է ՙքաղաքական Կոնչիտայի՚ պես ու չի կողմնորոշվում` իշխանամետ է, թե` ընդդիմադիր:
Ինչեւէ, առայժմ բացառությամբ օսկանյանական թեւի, մեծ ակտիվություն կամ կտրուկ քայլեր ԲՀԿ-ի կողմից չի նկատվում: Իսկ թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն կառավարութան ծրագրին, դա արդեն, խոշոր հաշվով, ՀՀԿ-ի պրոբլեմը չէ:
Այնուամենայնիվ, ԲՀԿ-ին ՙնարնջագույն՚ դաշտ ներքաշելու տիրույթում էլ պետք է դիտարկել այն, որ կազմակերպվել էր ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների հանդիպում: Բայց այս պահին հանդիպման մասին առկա է միայն առավելագույնս անորոշ տեղեկատվություն. ՙՄայիսի 20-ին տեղի է ունեցել առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ ազգային կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր՚:
Այսինքն` տարածվել է այնպիսի համատեղ պաշտոնական հաղորդագարություն, որը առավելագույն հնարավորություն է տալիս քաղաքական մանեւրի համար: Բայց արդյո±ք այդ մանեւրը քաղաքական մեծամասնության համար որեւէ բան կփոխի, չէ որ դա չի կարող ազդել ՀՀԿ խմբակցության պատգամավորների պարզ թվաբանական գումարի, ինչպես նաեւ նրանց քաղաքական կողմնորոշման վրա: Ինչեւէ, աղմուկ միգուցե շատ կլինի, սակայն իրական հետեւանքներ` դժվար թե: Այն պարզ պատճառով, որ ամերիկացիները պարզապես ժամանակ չունեն անգործունակ 5-րդ շարասյունների փոխարեն ստեղծել ինչ-որ նոր բան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

