ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ Old Band-Ը ԿՀՆՉԵՑՆԻ ԿՈՄԻՏԱՍ
Հայկական հարուստ ֆոլկլորային երաժշտության պահպանման եւ տարածման շրջանակներն ընդլայնելու անհրաժեշտությամբ փետրվարին ստեղծվեց Old Band էթնիկ խումբը:
Չնայած խումբն ստեղծվել է ընդամենն ամիսներ առաջ, սակայն արդեն հասցրել է ունենալ 2 համերգ ու մի քանի ելույթներ` հանրությանը ներկայանալով ֆոկլորային երաժշտության հետաքրքիր քառաձայն մշակումներով: Խմբի կատարողները փաստում են, որ Old Band-ն ընտանեկան բենդ է, ուստի ստեղծվել եւ շարունակում է այն ավանդույթները, որոնց հետեւում էին երաժշտասեր Հարությունյանները: Հայ էթնիկ երգերի ընտրությունը հենց այնպես չի կատարվում, ընտրում են խմբի անդամները, քանի որ նրանք ունեն երաժշտական կրթություն, բացի այդ` կատարումները պետք է ծառայեն իրենց նպատակին` հանրությանը մատուցել ֆոկլորային այն երաժշտությունը, որը մասամբ մոռացվել է եւ մեր օրերում քիչ է հնչում թե° բեմերից, թե° հեռուստաեթերից: Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի խմբի համերգներն անցնեն լեփ-լեցուն դահլիճներում: Դրա վառ ապացույցը խմբի առաջին մենահամերգն էր` Հ. Մալյանի անվան թատրոնում, որին հաջորդեց ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցած համերգը CIN YOU նախագծի շրջանակում: Խմբի ելույթը ջերմությամբ ընդունվեց նաեւ ՙԱրտ Ֆեստ՚ փառատոնի եւ ՙՀայակ՚ ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ: Old Band խմբի անդամ Լիլիթ Հարությունյանի խոսքով` յուրաքանչյուր երգ իր ունկնդիրն ունի, դրանից անմասն չեն մնում նաեւ էթնիկ երգերը, որոնք լսում են ե°ւ երիտասարդները, ե°ւ տարեցները: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպված ՙՉինար ես, կեռանալ մի՚ խորագրով երաժշտական երեկոյին իր մասնակցությունը կբերի նաեւ Old Band-ը, համերգին կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները եւ ժողովրդական, ազգագրական երգեր: