ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ
Արխիվ 12-16ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ
Այսպիսովª երեկ ՀՀ ԱԺ-ն քննության առավ կառավարության գործունեության ծրագիրը:Իսկ թե ինչ է ենթադրում կառավարության ծրագիրը տնտեսության առանցքային ոլորտներում, կներկայացնենք վաղվա մեր համարում: Գնահատականները, այդ թվումª ընդդիմության կողմից, մինչ այս քննարկումները, ասենք, նաեւ երեկվա ԱԺ նիստում, մեղմ ասած, բուռն չէին: Եվ արդյունքում, թեեւ նախնական կանխատեսումներին, ծրագրի քննարկումը, հաշվի չառնելով հատուկենտ դրվագները, դեռ հեռու է մնում քաղաքականացումից: Այսինքնªդրականն ու քննադատականը հիմնականում մնում է տնտեսական հարթությունում, ինչը, անշուշտ, տնտեսական գործընթացներ ենթադրող նմանատիպ փաստաթղթերի համար միայն դրական էֆեկտ կարող է ունենալ:
Այնուամենայնիվ, ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ, եթե ծրագիրն արժանանա ԱԺ հավանությանը, ավելինª ամբողջովին կյանքի կոչվի: Այսինքնª այն ի±նչ տնտեսական պոտենցիալ ունի գոնե առանցքային ոլորտներիª արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար: Առավել եւս, որ արդեն ծրագրի նախաբանային մասին սկսած կառավարությունը խոստանում է, որ ոչ միայն այս փաստաթղթի, այլ, առհասարակ, իր ամբողջ գործունեության գերակայությունն է լինելու. ՙՀՀ քաղաքացու անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը, ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելու, արժանավայել կյանքով ապրելու համար՚: Տնտեսական հարթությունում էլ. ՙՄիայն հավասար պայմանների եւ իրական մրցակցության, կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրումների դեմ կտրուկ եւ հետեւողական քայլերին, արտահանման ներուժի ավելացմանը, անգամ մեկ աշխատատեղ ստեղծող, մեկ նմուշ նոր արտադրանք տվող գործարարությանն աջակցությանը, բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալուն, փոքր եւ միջին բիզնեսի համար հարկային արտոնություններից մինչեւ պարզեցված վարչարարություն ապահովելուն՚ եւ այդպես շարունակ:
Հին ճշմարտություն է, որ եթե ոչ կառավարության այս եւ մյուս բոլոր խոստումները, ապա գոնե դրանց զգալի մասը կարելի է կյանքի կոչել մի քանի պարզ եւ ոչ ֆինանսատար միջոցառումների շնորհիվ: Այն էª տնտեսության համար ապահովել պարզ եւ յուրաքանչյուրի համար միանգամայն հասկանալի ու հնարավորինս քիչ փոփոխվող օրենսդրություն, խոշոր բիզնեսի եւ տարաբնույթ ստուգողների կողմից փոքրերին ֆինանսական եւ տարբեր այլ, նույնիսկª հանցավոր մեթոդներով խեղդելու դեմ հստակ եւ, ամենակարեւորը, պրակտիկայում կիրառվող մեխանիզմներ: Ու եթե դրանից հետո էլ պետությունը հավասար աչքով նայի իր բոլոր քաղաքացիներին եւ պետք եղած պահին օգնության ձեռք մեկնի, ու մի քիչ էլ հաջողություն լինի, շատ բան արագորեն հնարավոր կլինի շտկել:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Այս բոլոր հիմնախնդիրների հետ կապված` մինչ այս ծրագիրն էլ, կառավարությունը տարբեր խոստումներ տվել էր, որոշ դեպքերում կային նույնիսկ որոշ կոնկրետ քայլեր: Եվ, հասկանալի է, որ դրանք հիմնականում տեղափոխվել են կառավարության ծրագիր: Օրինակ. ՙԱռավել ակտիվ եւ հետեւողական գործելակերպի որդեգրումª փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերի պաշտպանության եւ գործունեության պայմանները բարելավող օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում՚, ՓՄՁ ՙսուբյեկտներին ուղղված պետական աջակցության նոր ուղղությունների ներդրում՚, ՙհարկային վարչարարության պարզեցված սխեմաների սահմանում եւ ապահովում՚, ՙֆինանսների հասանելիության եւ մատչելիության բարձրացում՚ ու այդպես շարունակ:
Նմանատիպ ծրագրային դրույթներ է կառավարությունը ներկայացնում նաեւ ներդրումների ներգրավման եւ մեր տեղական ապրանքների արտահանումը դյուրինացնելու նպատակով: Ընդ որում, կան նաեւ բավականին խոստումնալից դրվագներ: Օրինակª կառավարությունը առաջարկում է մեկ փոփոխություն, որը ժամանակին շատ կրքերի տեղիք է տվել. ՙՍահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում, այդ թվումª ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների եւ հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայումª շեմի աստիճանական իջեցմամբ՚: Այս մասին վերջերս էլի էր խոսվել, եւ միանգամայն ողջունելի է, որ միայն բանկերին հարստացնող եւ գործարարներին ու ներդրողներին լուրջ խնդիրների առաջ դնող ԱԱՀ-ի սահմանային գանձման հարցի լուծմանը կառավարությունը տալիս է ծրագրային տեսք: Թեկուզեւ խոստանալով փուլային լուծում, թերեւս հաշվի առնելով, որ միանգամից սահմանային ԱԱՀ-ն շրջանառությունից հանելը մի քանի ամսով լուրջ դիսբալանս կառաջացներ պետբյուջեի եկամուտների հավաքագրման հարցում: Բայց մյուս կողմից էլª տեղին կլիներ, որ կառավարությունը ծրագրում թեկուզեւ ընդհանրական տեսքով ֆիքսեր նաեւ այդ ՙփուլ առ փուլ՚ ասվածի իմաստը, հաշվի առնելով, որ դրա նախապատրաստվելու կարիք ոչ միայն ինքն ունի, այլ նաեւ գործարար հանրությունը:
Մեկ այլ դրվագով կառավարությունը խոստանում է նաեւ ՙներդրումների եւ արտահանման խթանման՚ հատուկ կառույց ստեղծել, ինչպես նաեւ ՙարտերկրում հայկական ապրանքների առաջմղման խոչընդոտների՚ հարցերը տեղափոխել միջպետական հարաբերությունների օրակարգ, ինչի անհրաժեշտության մասին եւս Հայաստանի անկախացումից ի վեր մեկ անգամ չէ, որ խոսվել է:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կան նաեւ որոշ հետաքրքիր նոր գաղափարներ գյուղատնտեսության մասով: Օրինակ. ՙՊետական կարիքների համար ձեռք բերվող մթերքը տեղական արտադրողներից գնելու՚ նախաձեռնություն, որի էֆեկտը հասկանալի է: Խոստումներ կան նաեւ ՙգյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիայի շարունակական արդիականացմանը՚ նպաստելու, ՙգյուղացիական տնտեսությունների ուղղակի սուբսիդավորման նոր մեխանիզմներ՚ մշակելու, ոլորտի մասնագիտական խորհրդատվության համակարգը կարգի բերելու եւ, ամենակարեւորներից մեկը. ՙՍտեղծվելու են նախադրյալներª գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար՚:
Մի խոսքովª հետաքրքիր դրույթների պակաս չի զգացվում: Միայն թե այս ամենը դեռ մնում է թղթի վրա գրված խոստումներ, այն էլª իրականացման ժամկետների, կոնկրետացումների առումով բավականին անորոշ: Չնայածª հաշվի առնելով, որ հազիվ դեռ մեկ ամսվա կյանք ունեցող կառավարությունում, եթե բացառապես վունդերկինդներ էլ լինեին նստած, մեկ է, էլի չէին հասցնի այս բոլոր դրույթներին տալ կատարման ժամկետային, ֆինանսական եւ սպասվող էֆեկտների առումով թվային տեսք: Առավել եւս, որ Եվրասիական եւ Մաքսային միություններին Հայաստանի անդամակցության թեման կարող է շատ բաներ սրբագրել տնտեսական ծրագրերում: Այսինքնª մնում է տեսնել, թե ժամանակի ընթացքում այս խոստումները ինչ գործնական տեսք կստանան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

