«Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ»
Արխիվ 12-16«Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ,
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ»
Թեպետ ոչ իշխանական ուժերը գրեթե մի ողջ աշխատանքային օր հարցախեղդ էին անում ու ելույթներ ունենում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Կենտրոնական բանկի նախագահի միակ թեկնածուի ընտրության շուրջ, երեկ Ազգային ժողովում 77 կողմ եւ ընդամենը 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Կենտրոնական բանկի նախագահ վերընտրվեց Արթուր Ջավադյանը: ԱԺ պատգամավորների կողմից հերթական ընտրության ընդհանուր պատկերի եւ ոչ իշխանական ուժերի, մասնավորապես քառյակի արդեն ավանդական դարձած բոյկոտների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
«ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ»
-Պարոն Ավետիսյան, բուռն քննարկումներ եղան ԱԺ դահլիճում ԿԲ նախագահի անվան շուրջ, ի վերջո, ովքե՞ր մասնակցեցին:
- Մասնակցել է բնականաբար Հանրապետական կուսակցության թեւը, «Օրինաց երկիրը», անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ մնացած խմբակցություններից` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
- Ըստ էության, պարզվեց, որ Կենտրոնական բանկի նորընտիր ղեկավար Ա. Ջավադյանին ընդամենը երկու պատգամավոր էր դեմ: Ըստ Ձեզ, սա բոյկո՞տ էր հաշվիչ հանձնաժողովի դեմ, ինչպես որոշ պատգամավորներ են պնդում, թե՞, իսկապես, ԿԲ նախագահին առանձնապես ոչ ոք դեմ չէր:
- Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում բոյկոտել հաշվիչ հանձնաժողովին, որովհետեւ հաշվիչ հանձնաժողովն ընդամենը իր գործն է կատարում: Մնացածն արդեն պատգամավորների խնդիրն է, որոնք պարոն Ջավադյանին եւ վերջին վեց տարիների Կենտրոնական բանկի աշխատանքին փորձեցին գնահատական տալ իրենց քվեարկությունով:
- Եվ ստացվեց, որ բացի երկուսից, բոլորը գոհ են Կենտրոնական բանկի աշխատանքից:
- Նմանատիպ քվեարկությունը դրական ազդակ էր եւ աշխատանքի լավ գնահատական: Ես միանում եմ այդ լավ գնահատականին, որովհետեւ, իրոք, եթե մենք փորձում ենք այն ժամանակահատվածը նայել, որի ընթացքում աշխատել է Ա. Ջավադյանը, այսինքն` ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, համենայնդեպս, մեր բանկային եւ ֆինանսական համակարգը կարողացավ դիմանալ, կայուն քաղաքականություն վարել, եւ եթե ուշադրություն ենք դարձնում, որեւիցե առեւտրային բանկ այդ շրջանում չլուծարվեց: Կարծում եմ` սա ամենակարեւորն էր, որն, իհարկե, էապես չանդրադարձավ տնտեսության դրական տեղաշարժի վրա, բայց եւ հիմք ստեղծեց, որպեսզի մենք ապագայում կարողանանք դրա հիման վրա կայուն բանկային համակարգ ունենալ, որի հիման վրա էլ տնտեսությունը նաեւ որոշակի դրական ազդակներ կունենա:
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՊԵՏՔ Է ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԺԱՄԱՆԱԿԻՆ ՏԱ»
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ խորհրդարանական շատ լուրջ հարցերում որոշ քաղաքական ուժեր ընդհանրապես դիրքորոշումներ չեն ունենում:
- Շատ կարեւոր քվեարկություններ ենք մենք անցկացնում, այսինքն` կարելի է ասել, որ Ազգային ժողովին տրված լիազորությունների հիմնական քվեարկությունները մենք այս վերջին ժամանակահատվածում արել ենք: Եվ ցավոք սրտի, այդ քաղաքական ուժերը, որոնք հասարակության մեջ, Ազգային ժողովում, այսպես ասած, որոշակի կշիռ ունեն, հանկարծ բոյկոտում են եւ չեն մասնակցում: Ես դա չեմ ընդունում: Բոյկոտել կարելի է մեկ անգամ կամ ինչ-որ մի պատճառաբանությամբ, բայց հետեւողականորեն ասել, թե` քանի որ մենք մեկ անգամ որոշել ենք, որ չենք մասնակցելու, էլի չենք մասնակցում, չեմ ընդունում: Դա նշանակում է, որ իրենք ընդհանրապես դուրս են մնում բոլոր քննարկումներից ու հարցադրումներից: Ես չեմ հասկանում հարցադրում անելը, հարցադրման պատասխան ակնկալելը կամ ելույթ ունենալը` ակնկալելով, որ քո ելույթի ինչ-որ մասնիկներ կընդունվեն, ինչ-որ մասնիկներ` ոչ, ու հետո ասելը, թե` գիտեք, ես չեմ քվեարկելու: Այդ դեպքում չեմ հասկանում ո՛չ հարցադրումներ անելու, ո՛չ էլ ելույթ ունենալու նպատակը: Պարզ ասեմ, ես շատ վատ եմ վերաբերվում դրան: Նաեւ շատ վատ եմ վերաբերվում, որ հաշվիչ հանձնաժողովում էլ իրենք չեն ուզում իրենց ներկայացուցիչն ունենալ եւ դրանով իրենք իրենց ընդհանուր աշխատանքից դուրս են մղում:
- Մի՞թե չմասնակցելով` առաջին հերթին իրենք չեն տուժում:
- Դա արդեն իրենց խնդիրն է, ու հասարակությունը պետք է այստեղ իր գնահատականը ժամանակին տա: Թող հետո չասեն` ընտրությունների ժամանակ այսպես կամ այնպես: Ի՞նչ են պատճառաբանելու հետագայում` ընտրությունների ժամանակ, ինչի՞ համար են բոյկոտել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

