ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Արխիվ 12-16ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Օրերս բավականին հետաքրքիր փաստ արձանագրվեց համաշխարհային դեմոկրատիայի ջահակիր ԱՄՆ-ում. աշխատանքից ազատվեց այդ ջահակիրության գործում Միացյալ Նահանգների հիմնական բաղադրիչներից մեկը հանդիսացող The New York Times-ի գլխավոր խմբագիր Ջիլ Աբրամսոնը: Պատճառն այն է, որ տիկին Աբրամսոնը թույլ էր տվել իր ղեկավարած լրատվամիջոցում այնպիսի ՙհանցավոր՚ տողերի ի հայտ գալը, ինչպիսին է այն փաստը, թե ուկրաինական Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերը հիմնականում բաղկացած են տեղացիներից, ու ռուսական բանակի զինվորականներ չկան:
Դա քննադատվել էր Պետքարտուղարության կողմից եւ...ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԻ ԳԱԶԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Այստեղ, իհարկե, կարելի էր անդրադառնալ նաեւ այն հարցին, թե ամեն վայրկյան ողջ աշխարհին դեմոկրատիա քարոզող ԱՄՆ-ում ինչ խայտառակ վիճակում է մամուլի ազատություն կոչվածը: Սակայն էականը սա չէ. շատ ավելի ուշագրավ է, որ նման աղաղակող քայլին գնալով` Պետքարտուղարությունը հերթական անգամ ցույց տվեց, թե իր համար ինչ մեծ կարեւորության հարց է Արեւելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ամեն կերպ կապել ռուսական բանակի հետ: Դե հասկանալի է, գոնե եվրոպացիներին պետք է բացատրել, թե Արեւելյան Ուկրաինա ՙհասած՚ ռուսական ՙագրեսիան՚ ինչ արագությամբ կարող է տեղափոխվել Եվրամիության տարածք, այսինքն, թե այդ ՙահեղ վտանգի՚ դեմն առնելու համար պետք է անգամ չմտածել այն զոհաբերությունների մասին, որոնք անխուսափելիորեն սպառնում են եվրոպական երկրներինª ՌԴ-ի հետ տնտեսական պատժամիջոցներ ՙխաղալու՚ արդյունքում: Մինչդեռ, երբ անգամ ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն են գրում, թե Սլավյանսկում ռուսական զինվորներ չկան, դրանից հետո Եվրոպայում էլ ո±վ կվախենա ռուսական տանկերից:
Բայց մեկ էª միայն խմբագիրներին գործից հանելով էլի դժվար է եվրոպացիներին համոզել, որ հանուն իրենց աչքերով չտեսած ռուսական տանկերի հանդեպ վախի` պետք է հրաժարվել, օրինակ, միանգամայն ռեալ եւ ամեն վայրկյան օգտագործվող ռուսական գազից:
Ակնհայտորեն այս տեսակետը Եվրոպայում գնալով ավելի ու ավելի է ձայն բարձրացնում, եւ անգամ արդեն Գերմանիան է ամենաբարձր մակարդակներով սկսել խոսել ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցների անթույլատրելիության մասին: Բայց այդ դեպքում էլ ԱՄՆ-ին չի հաջողվի լուծել ուկրաինական ճգնաժամի հիմնական նպատակներից մեկը եւսª խզել ՌԴ-ի եւ եվրոպական առաջատար երկրների տնտեսական գնալով սերտացող կապերը: Այստեղ, հասկանալի է, առաջնային տեղում գազն է եւ այդ առումով, իհարկե, պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամը նաեւ հստակ ընդգծված գազային երանգ է ստացել:
Անշուշտ այն կուրսը, որ գազի հարցում ընդունել է ներկայիս Կիեւը, ոչ միայն խարակիրի, այլ նաեւ հոգեբուժական հիվանդանոց է հիշեցնում: Մի կողմ թողնելով այս օրերին բազմիցս կրկնված այդ պատմության մանրամասները` նկատենք միայն, որ Կիեւի վերջին սպառնալիքը, թե Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնելու դեպքում իրենք չեն երաշխավորում, որ իրենց տարածքներով դեպի Եվրոպա տեղափոխվող գազը տեղ կհասնի, այսինքն, որ կգողանան, նշանակում է, որ ռուսները ստիպված են լինելու Ուկրաինայի հետ միասին դադարեցնել նաեւ Եվրոպայի գազամատակարարումը:
Այսպիսովª ԱՄՆ-ին կարծես թե դեռ հաջողվում է Կիեւի թեթեւ ձեռքով խորքային հարված հասցնել ՌԴ-Եվրոպա գազային հարաբերություններին: Եվրոպան, պարզ տեսնելով դրա վտանգավոր հեռանկարները, իհարկե, փորձում է բանակցել Կիեւի եւ Մոսկվայի հետ ու մերթ ընդ մերթ հնչում են հուսադրող հայտարարություններ: Բայց միայն այն փաստը, որ եվրոպական առաջատար մայրաքաղաքներն անգամ ոչ մի կերպ չեն կարողանում ներազդել Կիեւի վրաª գնված ապրանքի դիմաց վճարելու եւ եվրոպական գազամատակարարումը վտանգի տակ չառնելու հարցում, հերթական անգամ հիմնավորում է այն տեսակետը, որ հատկապես գազի հարցում ուկրաինական նոր իշխանություններն անգամ իրենց իսկ երկրին խարակիրիի առաջ կանգնեցնելու գնով առաջնորդվում են միմիայն վաշինգտոնյան հրահանգներով:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՌԴ-Ի ԴԵՄՔԸ ՇՐՋԵՑԻՆ
ԴԵՊԻ ՉԻՆԱՍՏԱՆ
Դեռ կտեսնենք, թե Եվրոպային մինչեւ ուր կհասցնի գազային այս գերխնդիրը եւ այն այլընտրանքային եղանակներով լուծելու հնարավորության բացակայությունը: Ռուսաստանի համար էլ, անշուշտ, դա կնճռոտ խնդիր է, բայց լուծումներ կան: Համենայնդեպսª դա ապացուցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիª երեկ մեկնարկած այցը Չինաստան: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, այդ այցը հեռու էր միայն ՙգազային՚ կամ տնտեսական համարվելուց...
Այն մի քանի տասնյակ տնտեսական մեծ պայմանագրերը, որոնք ստորագրվեցին Վ. Պուտինի չինական այցի ժամանակ, իհարկե, վկայում են, որ մասնավորապես էներգետիկայի հարցով Չինաստանը Ռուսաստանի համար, որպես Եվրոպայի այլընտրանք, առավել քան բավարար շուկա է: Բայց այսքանով չէ, որ այդ պայմանագրերի նշանակությունը սահմանափակվում է: Գլխավոր իրմաստներից մեկը, թերեւս, հետեւյալն է. Չինաստանը, որ արդեն ընթացիկ տարում կարող է տնտեսության ծավալներով ԱՄՆ-ից առաջ անցնել ու դառնալ առաջատարն աշխարհում, հայտնի է, որ այդ հարցում ունի հումքի եւ առաջին հերթինª էներգետիկ ռեսուրսների սուր պակասություն: Տարբեր մեթոդներով, այդ թվումª ՙԱրաբական գարնան՚ միջոցով Վաշինգտոնը փորձեց էներգառեսուրսներից եւ հումքից հնարավորինս զրկելու միջոցով կանգնեցնել Պեկինին, հաշվի առնելով, որ Չինաստանի թիվ մեկ տնտեսություն դառնալը նաեւ դոլարի համաշխարհային հեգեմոնիայի վերջն էª դրանից Նահանգների համար բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Եվ ահա Վ. Պուտինի այս այցի շրջանակներում տարածվեցին լուրջ մասնագիտական այն եզրակացությունները, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լուծում են նաեւ չինական հումքի պահանջարկի խնդիրը` առաջիկա առնվազն երկու-երեք տասնամյակների կտրվածքով:
Մյուս կողմից էլ Չինաստանը հանդիսանալով աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը եւ ԱՄՆ-ի օրինակով հսկայական պետական պարտքերի փոխարեն ունենալով ֆինանսական լրջագույն ազատ միջոցներ, նույն պայմանավորվածությունների արդյունքում հնարավորություն է ստանում ներդրումների տեսքով այդ միջոցներն ուղղել ռուսական շուկա: Դրան ավելացնելով տեխնոլոգիական համագործակցության շուրջ պայմանավորվածությունները, տնտեսական հարաբերությունները սեփական վալյուտաներով իրականացնելու ռուս-չինական նախնական պայմանավորվածությունները, այս ողջ համագործակցությունը նաեւ Հնդկաստանի ուղղությամբ ծավալելու հեռանկարները, եւ, վերջապես, ռուսական ռազմական տեխնոլոգիաները, չինական ռազմական հզորությունը, երկու երկրների պատշաճ միջուկային զինանոցը եւ այդ ռազմական բաղադրիչն ի ցույց դնող նույն այցի օրը մեկնարկած համատեղ ծովային զորավարժությունները, ակնհայտ է դառնում, որ սա այն այցն էր, որը միանշանակ արմատապես փոխելու է աշխարհի քաղաքական դեմքը: Համենայնդեպսª համաշխարհային մի շարք գլոբալ հարցերի եւ, մասնավորապես, Ուկրաինայի հետ կապված Վ. Պուտինի եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ այդ ողջ տնտեսական համագործակցության հիմքում դրված են քաղաքական գլոբալ պայմանավորվածություններ:
Այն, որ այս ամենից հետո եվրոպական շուկան չինականի հետ համեմատած` Ռուսաստանի համար աստիճանաբար դառնում է երկրորդական, անգամ եթե հաշվի չենք առնում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ վճարունակ երկրներ ծավալվելու հնարավորությունը, տեսանելի է: Սպասելի է նաեւ, որ այս գլոբալ տնտեսաքաղաքական ծրագրերը Ռուսաստանը կփորձի տեղափոխել նաեւ Եվրասիական միության հարթակ, որի պարագայում եվրասիական ինտեգրացիոն համակարգը դառնում է շատ ավելի հրապուրիչ այլ երկրների համար:
Մյուս կողմից էլ ԱՄՆ-ը թեեւ փորձում է անտարբերություն դրսեւորել ռուս-չինական այս զարգացումների հանդեպ, բայց նաեւ դժվար չէ նկատել, որ մինչ այդ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ վերջին ժամանակներս խաղաղօկիանոսյան տարածաշրջանում Նահանգների աննախադեպ ռազմական ակտիվացումը իր խորքերում հենց այդ համագործակցությունը արգելակելուն էր միտված: Չհաջողվեց եւ հիմա, թերեւս, պետք է փորձի նոր բաներ մտածել: Բայց այս հարցում ռեալ հեռանկարներ կարծես թե տեսանելի չեն, էլ չասած, որ Եվրոպան էլ իր հերթին ամեն պահի կարող է ձեռք քաշել միայն տնտեսական կոլապսներ խոստացող իր անդրօվկիանոսյան դաշնակցիցª նրա փոխարեն անդունդը չգլորվելու համար: Առավել եւս, որ դոլարը համաշխարհային մոնոպոլիան երկար պահպանելու հնարավորությունը գնալով դառնում է զրոյական:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

