«ՈՄԱՆՔ ՀԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԲԻԶՆԵՍ»
Արխիվ 12-16«ՈՄԱՆՔ ՀԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ ԲԻԶՆԵՍ»
100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում կատարելու մասին ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ նախ դիմեց ՀՅԴ-ին. «Ասում եք մեծամասնական ընտրակարգից հրաժարվենք եւ իշխանական համակարգը հիմնենք քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության հիման վրա, ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները...»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղից շտապեց պատասխանել, թե` ՀՀԿ-ն: Մ. Բադեյանն էլ իրեն չկորցրեց. «Բացի Հանրապետականից, Հանրապետականը, այսպես թե այնպես, անում ա: Հիմա հիշեք, թե ինչպես եք կազմում այդ ցուցակները ընտրություններից առաջ, ավելի կոռումպացված համակարգ դուք երբեւիցե տեսե՞լ եք: Մեղադրում եք բիզնեսմեններին, ովքեր եկել են Ազգային ժողով` իբրեւ թե պաշտպանեն իրենց բիզնեսը»:
Ապա դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին. «Պարոն Խաչատրյան, քանիցս ունեցել ենք ընդհարումներ` հաջողվե՞լ է ինձ պաշտպանել իմ բիզնեսը, երբեք: Մինչդեռ իրենց քաղաքական ուժ հռչակող ոմանք հենց այդ քաղաքականությունն են դարձրել իրենց համար բիզնես եւ շատ էլ լավ բարգավաճում են դրա վրա: Եկեք, ուրեմն` իրերն իրենց անուններով կոչենք: Ցույց տվեք էդ ձեր կուսակցությունների մեջ մարդկանց, որոնց հանրությունը ճանաչում է»:
Հետո էլ հիշեց ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս եւ քաղաքական գործիչ, այլախոհ Ա. Սախարովին. «Անդրեյ Սախարովը, օրինակ, պետք է դաշնակցության մեջ ընդգրկվե՞ր, որ դառնար պատգամավոր: Եթե նա դաշնակցության լուծը չի վերցնում իր վրա, ուրեմն` իրավունք չունի՞ դառնա պատգամավոր: Խոսում եք դեմոկրատիայի, մարդու ազատությունների մասին ու միեւնույն ժամանակ պարտադրում եք, թե եթե ուզում ես զբաղվես քաղաքականությամբ, դառնաս պատգամավոր, պիտի գաս էս կամ էն կուսակցության դրոշը կպցնես ճակատիդ»,- կեսկատակ ու բարկացած ավելացրեց Մ. Բադեյանը` արժանանալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շնորհակալություններին` անկեղծության համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

