ՙՀԻՄԱ ՕԵԿ-Ը ՈՐ ԴԱՇՏՈՒՄ Է
Արխիվ 12-16ՀԻՄԱ ՕԵԿ-Ը ՈՐ ԴԱՇՏՈՒՄ Է
Կենտրոնական բանկի նախագահի ընտրությանը, ինչպես հայտնի է, մասնակցեցին միայն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորները, իսկ մյուս խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Իսկ թե ինչու ՕԵԿ-ը արդեն ընդդիմադիր լինելով` շարունակում է դեռ իր մասնակցությունը ցուցաբերել իշխանության կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը, խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մեկնաբանում է, որ յուրաքանչյուրը քվեարկել է իր խղճի մտոք. ՙԸնտրության մասնակցելը ազատ է եղել: Չեմ ցանկանում վերլուծել քվեարկության արդյունքները, պարզապես կասեմ, որ մենք ազատ ռեժիմով ենք մասնակցել՚:
Չնայած դեռ մեկ ամիս առաջ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, այնուամենայնիվ, այսօր արդեն դեմ է արտահայտվում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու հանգամանքին: Սրա հետ կապված` Հ. Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ այն ժամանակ, երբ կոալիցիայի անդամ էին, կողմ են եղել 100 տոկոս համամասնականի անցնելուն. ՙԱյդ ժամանակ եւս կողմ էինք, եւ գնալով մեծամասնական ընտրակարգը գնալով նվազում է: Մենք կողմնակից ենք եղել, որպեսզի աստիճանաբար անցնենք համամասնականին: Համամասնական ընտրությունները մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի, որ ընտրության արդյունքում հայտնվեն քաղաքական հեղինակություններ, այլ ոչ թե թաղային եւ քրեական հեղինակություններ՚:
Կիսում եք ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այն տեսակետը, ով երեկ պառլամենտում հայտարարեց, որ մեծամասնական տարբերակով ընտրվում են փողով եւ անգրագետները` հարցին Հ. Մարգարյանը այդքան էլ չկիսեց այդ տեսակետը` ասելով, որ դա համատարած բնույթ չի կրում. ՙԱյդ ամենը տեսանելի է ժողովրդի կողմից, եւ դա անձից է կախված: Մենք ունենք մեծամասնական պատգամավորներ, որոնք լավ են աշխատում, եւ ունենք համամասնական պատգամավորներ, որոնք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում: Պատահական չէ, որ ամեն ընտրության ժամանակ պակասեցվում է մեծամասնական տարբերակով ընտրությունը: Հինգ տարի առաջ խորհրդարանական ընտրություններում ամրագրվեց 70-30 հարաբերակցությամբ՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

