ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ԿՈՒԼ ԿՏԱ՞Ն» ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ
Արխիվ 12-16ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ «ԿՈՒԼ ԿՏԱ՞Ն» ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստում արտահերթ կարգով քննարկվում էր ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ՍԴ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ էության, ՀՅԴ-ականներն առաջարկում են վերացնելով մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած պատգամավորների ընտրությունը: Արդյունքում` յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն կկարողանա առաջադրել վարչապետ եւ այլ լիազորություններ կստանա, այսինքն, ինչպես ժողովուրդը կասեր, կլինի «կաշ-կալամաշ»:
Այս նախագծերի փաթեթից խիստ ոգեւորված էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որը չխնայելով գործընկերներին եւ անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին` նշեց, թե նրանք մեծամասամբ անգրագետ են ու իրենց ֆինանսների միջոցով են ընտրական ձայներ հայթայթում: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես իր նախընտրական ծրագրում նշել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու տարբերակը: Ես ինքս` որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, կողմ եմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ նաեւ 2012 թվականի ընտրությունների նախաշեմին այդ մասին խոսել եմ: Հիմնական խնդիրն այն է, որ դրանով ավելորդ լարվածությունը, թշնամանքը դուրս են գալիս, իսկ աշխատող պատգամավորը` անկախ նրանից, թե համամասնական ընտրակարգով է ընտրվել, թե մեծամասնականով, միեւնույնն է, աշխատելու է: Չէ՞ որ արդեն կուսակցության դեմք ներկայացնող պատգամավորը իր հետագա լավ աշխատանքի շնորհիվ է համամասնական ցուցակում ընդգրկվում: Այնպես որ, ես համամիտ չեմ այն պատգամավորների հետ, որոնք գտնում են, թե 100 տոկոսանոց համամասնականի դեպքում պատգամավորները կդադարեն աշխատել, որովհետեւ կրկնում եմ` եթե պատգամավորը պասիվություն դրսեւորի, բնականաբար, համամասնական ցուցակում չի կարող հայտնվել: Չաշխատող պատգամավորը չի աշխատելու, այնպես որ, մեծ հաշվով չեմ կարծում, որ 100 տոկոսանոց համամասնականի անցնելու դեպքում ինչ-որ լուրջ բան կփոխվի, աշխատողը կաշխատի:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների վերաբերյալ, Ա. Մանուկյանի հնչեցրած գնահատականներին:
- Իհարկե, այդ տարբերակներն էլ կան, բայց միանշանակ այդ ուղղությամբ թեքել այս ամենն ու ասել, որ 100 տոկոսանոց այդպես է, դրա հետ ես համամիտ չեմ: Բայց որ Ա. Մանուկյանի ասած տարբերակն էլ կա, դա էլ անժխտելի է: Թեպետ այդ նույն համամասնական ցուցակներում նույնպես ֆինանսական եւ այլ տարբերակներով Ազգային ժողով հայտնված պատգամավորներ կան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

