''Ձեզ լուսավոր և պայծառ ապագա, սիրելի′ շրջանավարտներ''
Արխիվ 12-16''Ձեզ լուսավոր և պայծառ ապագա, սիրելի′ շրջանավարտներ''
Շուտով կհնչի վերջին զանգը, և ևս մեկ սերունդ կճանապարհենք դեպի կյանք:Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին:
Կրթության իրավունքը պետության վրա դնում է իր բոլոր քաղաքացիներին հիմնական ուսուցման ասպարեզում իրենց կարիքները բավարարելու հնարավորություններով ապահովելու պարտավորություն: Բոլորին է հայտնի, որ երիտասարդ անհատի քաղաքացիական կայացման, երիտասարդ քաղաքացիների սոցիալական, տնտեսական, մշակութային, հասարակական, կազմակերպչական գործունեության պայմանների ու երաշխիքների ապահովումը պետության և պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է: Այդ մասին բազմիցս նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով միշտ պատրաստակամություն է հայտնել աջակցելու երիտասարդությանը, բոլոր միավորումներին և մարդկանց, որոնք բարի նպատակ են հետապնդում, ցանկանում են աշխատել երկրի ամրապնդման, հզոր և բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար: Ինչպես հայտարարել է նախագահը, անհրաժեշտ է ձգտել միասնական ջանքերով կառուցել այնպիսի երկիր և հասարակություն, որտեղ հարգվում է տաղանդը, գնահատվում են մարդու մտավոր ունակությունները և ներուժը: Երիտասարդները մեր ապագան են, նրանք են մեզ փոխարինողները, իսկ ինչպիսին մենք նրանց դաստիարակենք, այդպիսին էլ կլինի մեր ապագան։
Հասարակության և քաղաքականության բոլոր առաջընթացները պայմանավորվում են գիտության և կրթության զարգացմամբ:Վերջին տասնամյակում կրթության զարգացման կարևոր գործոն դարձավ կրթության կատարելագործումը, համաշխարհային կրթական տարածքին ինտեգրումը, գիտելիքի և մեթոդների փոխանակումը տարբեր դպրոցների և ուղղությունների միջև:Գլոբալիզացիայի պայմաններում և տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ աճի հետևանքով պետական քաղաքականության և ռազմավարության մեջ առավել մեծ նշանակություն են ստանում կրթական գերակայությունները:
Այսօր առաջնահերթ խնդիր է դրված, որ կրթությանը հատկացվեն պատշաճ ռեսուրսներ արդարացի և կայուն հենքի վրա: Եվ հույսով եմ, որ իրոք ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր մշակութային կազմակերպական պայմաններ և երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ:Համոզված եմ, որ կառավարության իրատեսական, խստապահանջ և ականջալուր մոտեցումը իր նպաստը կբերի հատկապես երիտասարդությանը, այսինքն՝ մեր երկրի ապագային:
ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի մայիսի 20-ի ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

