ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Արխիվ 12-16ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Իտալիայի նախկին վարչապետ, սիրային սկանդալների կենտրոնում հայտնված Սիլվիո Բեռլուսկոնին կիսում է այն կարծիքը, որ Ուկրաինայում փետրվարին հակաժողովրդավարական հեղաշրջում է տեղի ունեցել: Նման կարծիք 77-ամյա չինովնիկը հայտնել է երեկ` մայիսի 20-ին:
«Ուկրաինայում չեն դադարում տեղի ունենալ հակաժողովրդավարական իրադարձություններ: Շատերն ասում են, որ իշխանությունն անցել է ազգայնականների վտանգավոր մի խմբի ձեռքը: Կիևը շարունակում է պարտքեր վերցնել, երկիրը փող չունի, որպեսզի վճարի ամենաանհրաժեշտի` օրինակ գազի համար»,-նշել է Բեռլուսկոնին:
Նա նաև բնական է համարում այն, որ տնտեսական ծանր պայմաններում գտնվող Ղրիմի բնակչությունը դիմեց Ռուսաստանի օգնությանը. «Սահմանին կանգնած ռուս զինվորականները երաշխավորն էին այն բանին, որ Կիևից վախեցող Ղրիմում արյունահեղություն չի լինի: Սա ինքնորոշման իրավունքի դրսևորում էր»,-ասել է իտալացին: Իսկ լրագրողի այն հարցին, թե ճիշտ է արդյո՞ք Ռուսաստանի դիրքորոշումը, Բեռլուսկոնին պատասխանել է. «Միանգամայն»:
Եվրոպական քաղաքականության վետերանն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և Արևմուտքի քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանի մեկուսացմանը. «Մեր երկրներում մոռացել են, թե ինչ է «սառը պատերազմը»: Պետք էր անցկացնել «ութնյակի» գագաթնաժողով, իսկ դրանից անմտորեն հրաժարվեցին, սխալ որոշում էր»:

