Հրանտ Բագրատյանը պատրաստ է օգնել ծնելիությանը
Արխիվ 12-16Հրանտ Բագրատյանը պատրաստ է օգնել ծնելիությանը
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց. «Կառավարության ծրագրում նշե՞լ եք՝ խթանելու եք ծնելիությունը: Այդ ինչպե՞ս եք պատկերացնում՝ շաբաթօրյակնե՞ր եք անելու, թե՞ ինչ, պե՞տք է օգնենք»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ հարց տալը, եւս մեկ անգամ նշեց, որ ինքը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը չի ցանկանում նրա հետ համագործակցել. «Հիմնավորեմ՝ ինչու: Ես ինչպե՞ս կարող եմ ձեր գեղեցիկ խոսքերին հավատալ, երբ Ավետարանն ասում է՝ պետք է քայլերին հավատալ, այլ ոչ թե խոսքերին: Այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ հավատալ ձեր հռչակած բարի նպատակներին»:
«Դուք դատապարտված եք հավատալու, եւ դա ձեր գործն է՝ հավատալ, կամ չհավատալ, միեւնույնն է՝ մենք կատարելու ենք մեր ծրագրերը»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ արել են, որ ունենան արդյունք»:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի նշանակմանը, ապա վարչապետը վստահեցրեց, որ նա պրոֆեսիոնալ պաշտոնյա է, զարգացրել է ՊԵԿ համակարգն ու անձնական ներդրում է ունեցել. «Լավ է, որ մեր երկրում անձնականը դեռ գործում է: Ես եւս մեկ անգամ հիշեցնում եմ՝ նախարար նշանակումից հետո որեւէ մեկը որեւէ արտոնությունից չի օգտվելու, հակառակ դեպքում կազատվի. անփոխարինելի մարդ չկա՝ ինձնից սկսած:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե որ նախարարի մասին ինչ են գրում, նույն այդ մամուլից այդպես էլ չհասկացանք՝ Տիգրան Սարգսյանն ինչ կապ ուներ օֆշորի հետ ու ընդհանրապես՝ օֆշոր կա՞ր, թե՞ ոչ: Եթե գազի մարդը (նկատի ունի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին-խմբ.) գիտի, թող ասի»: Մենք աշխատելու ենք՝ ինչքան էլ դուք ուզենաք, թե ոչ: Ու աշխատելու ենք վատ բաներ չանել, միայն լավ բաներ»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

