ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ, ՕԶԲԻԼԻՍԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ, ՕԶԲԻԼԻՍԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
Եվս մեկ Ֆուտբոլային մրցաշրջան ավարտվեց, հայտնի են ֆուտբոլային տարվա հաջողակներն ու անհաջողակները: Անդրադառնանք Հայաստանի հավաքականի առաջատար ֆուբոլիստների նվաճումներին եւ ձախողումներին:
Սկսենք Յուրա Մովսիսյանից, ում համար Ռուսաստանի ֆուտբոլի 2013-2014թթ. առաջնության հատկապես երկրորդ մասը բավականին դժվար ստացվեց: Ընդհանուր առմամբ, Մովսիսյանի համար տարին բարեհաջող էր, հաշվի առնելով ՙՍպարտակում՚ ստեղծված դժվար իրադրությունը, Մովսիսյանին կարելի է համարել թունելից ելքի ճանապարհն իմացող միակ ֆուտբոլիստը: Այս առաջնության ընթացքում Մովսիսյանը բազմիցս ապացուցել է իր կարեւոր դերն ու նշանակությունը ակումբի համար, բայց եւ հիասթափությունից երկրպագուները չխուսափեցին, դժգոհության ալիք բարձրացնելով Մովսիսյանի եւ թիմի դեմ:
Ինչեւէ, Ռուսաստանի ֆուտբոլի այս տարվա առաջնությունն ավարտվեց, Մոսկվայի ՙՍպարտակը՚ հայտնվեց 6-րդ տեղումª մնալով առանց եվրագավաթների, եւ մոսկովյան ակումբին ճգնաժամից դուրս բերելու Մովսիսյանի ջանքերն արդյունք չտվեցին: Յուրան 18 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված Սեյդու Դումբիանին, զիջեց ընդամենը երկու գոլով:
Պրեմիեր լիգայից դուրս մնաց Մախաչկալայի ՙԱնժին՚, որտեղ վարձավճարով հանդես է գալիս ազգային ընտրանու կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Ի դեպ, հայ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել շարունակել ելույթները ռուսական ակումբի կազմում: Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը Վիլնյուսի ՙԺալգիրիսի՚ կազմում դարձել է ֆուտբոլի Լիտվայի գավաթակիր: Գավաթի խաղարկության եզրափակիչում ՙԺալգիրիսը՚ 2:1 հաշվով հաղթել է ՙԲանգային՚: Եդիգարյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Իսկ ահա ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երկարաձգել է Եկատերինբուրգի ՙՈւրալի՚ հետ գործող պայմանագիրը: Մանուչարյանը, ով իր կարիերայի վերջին շրջանում վնասվածքների պատճառով մշտապես պահեստային նստարաններին էր տեղ զբաղեցնում, եւ անգամ կես տարի չի խաղացել հավաքականի կազմում, այժմ փորձում է լիարժեք ուժերով վերադառնալ խաղադաշտ: Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մանուչարյանը ճանաչվել է ՙՈւրալ՚-ՙԿուբան՚ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ու կես տարի դադարից հետո դարձյալ հրավեր է ստացել ազգային ընտրանուց: Այսպիսովª Բեռնարդ Շալանդն իր պատկերացրած Հայաստանի հավաքականում տեսնում է նաեւ Մանուչարյանին, թեեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ ամիսներ առաջ հանդես էր եկել շատ կտրուկ հայտարարությամբ, թե Մանուչարյանը, բացի ֆուտբոլից, զբաղվում է ամեն ինչով, այդ պատճառով էլ, թիմում տեղ չունի:
Միջազգային հարթակում հայկական ֆուտբոլի միակ ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանի համար ֆուտբոլային տարին ոչ միանշանակ դրսեւորումներով էր: Ազգային ընտրանու կիսապաշտպանի խաղը Բունդեսլիգայում տարբեր կարծիքների տեղիք էր տալիս. ֆուտբոլային մասնագետները Մխիթարյանից պահանջում էին ավելին, երկրպագուները` երբեմն հուսախաբ լինում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում էր Մխիթարյանին վստահել եւ հավատալ նրա ուժերին: Արդյունքումª այս մրցաշրջանը Մխիթարյանի համար կարելի է համարել ստացված: Նա դիմանալով իր վրա գործադրվող ճնշմանը` Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի մի շարք հանդիպումներում հաստատեց իր բարձր կարգը:
Եվս մեկ կարեւոր իրադարձություն հայկական ֆուտբոլում. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է ոչ ավել, ոչ պակաս անգլիական գրանդի` ՙՄանչեսթեր Յունայթեդի՚ ուշադրության կիզակետում: Թեեւ Օզբիլիսը շարունակում է մնալ Մոսկվայի ՙՍպարտակի՚ ֆուտբոլիստ, բայց հայ կիսապաշտպանի հանդես գալը Անգլիայի առաջնությունում կարող է արդեն մեկ տարուց իրականություն դառնալ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

