ՙՙԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՍԹՐԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ՚
Արխիվ 12-16«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՍԹՐԵՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ»
Մայիսի 17-ին Հայաստանի շուրջ 100 թանգարաններ անվճար իրենց դռները բացեցին այցելուների առջեւ: Արդեն 10-րդ տարին` ըստ ավանդույթի, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այս տարի 10-րդ հոբելյանական ծրագիրը կրում էր «Թանգարաները միավորում են մեզ» խորագիրը: «Թանգարանային գիշերը» աշխուժություն էր ստեղծել ոչ միայն թանգարաններում, այլեւ քաղաքամայր Երեւանում, բոլորը թանգարանից թանգարան էին գնում`դիտելով ոչ միայն մշակութային մեծարժեք նմուշներ, այլեւ վայելելով այն հարուստ մշակութային ծրագրերը, որոնք կազմակերպել էին թանգարանները` իրենց այցելուների մշակութային կյանքն ավելի հարստացնելու համար:
Ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Երեւանի պատմության եւ մի քանի այլ թանգարանների դիմաց գոյացել էին մարդկանց երկար հերթեր:
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է
2007 թվականից «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը մասնակցում է նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը, որն այս անգամ իր այցելուներին ներկայացավ յուրահատուկ ծրագրով: Թանգարանում ցուցադրվում էին Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի որմնանկարները: Կ.Դեմիրճյանի ղեկավարության օրոք Հայաստանում հիմնադրվել է 46 թանգարան: 1983 թվականին Էրեբունի-Երեւան տոնակատարությունների սկիզբը դրել է Դեմիրճյանը, որի մեկնարկը տրվել է Էրեբունի թանգարանից. «Որպես երախտագիտություն` Էրեբունի թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մեր թանգարանին տրամադրեց այդ եզակի ցուցանմուշները, որոնք դեռ կցուցադրվեն թանգարանում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Դեմիրճյանի անվան թանգարանի ավագ գիտաշխատող ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ: Տարեցտարի թանգարանի այցելուների թիվը շատանում է, եւ ըստ Ա. Ղամբարյանի` իրենց հաջողվում է մարդկանց դրսի աշխարհից տեղափոխել նոր` թանգարանային միջավայր: Մեծ գործչի թանգարանի այցելուները նաեւ ունկնդրեցին հայ դասական երաժշտություն:
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ հետեւելով մարդկանց հոսքին` դեպի թանգարան, ուրախությամբ փաստեց, որ թանգարաններ սկսել են այցելել նաեւ ընտանիքներով. «Թանգարանի այս տարվա միջոցառումներին մասնակցել են նաեւ պատանի հնագետների դպրոցի սաները, նրանց պեղումների ժամը համընկավ թանգարան այցելությունների ժամին: Պատանի հնագետների աշխատանքը կարծես թե մեծ հետաքրքրություն առաջացրեց թանգարան այցելած իրենց հասակակիցների մոտ»: Այս թանգարան այցելած մշակութասերներին ներկայացվեց նաեւ նմուշներ, որոնք ցուցադրվում էին առաջին անգամ. «Թանգարանի յուրաքանչյուր նմուշ հետաքրքիր է այցելուներին, տվյալ նմուշի մասին որեւէ տեղեկություն իմանալու համար մոտենում, հարցնում եւ հետաքրքրվում էին»,- հավելեց թանգարանի տնօրենը:
ՀԻՆԳ ՀԱՅԱՑՔ ԵՎ ՀԻՆԳ ՎՐՁԻՆ
«Թանգարանային գիշեր» ծրագրին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանի շենքում (Երեւանի պատմության թանգարան) տեղի ունեցավ ՙՀայացք եւ վրձին՚ խորագիրը կրող ցուցահանդես, որը 5 նկարչուհիները` Նարգիզ Փաշայան, Կարինե Գալստյան, Դոնարա Մխիկյան, Աննա Ադիյան, Լիլիթ Ասլանյան, նվիրեցին մայիսյան հաղթանակներին: Թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ շնորհավորելով բոլորին` տոնի կապակցությամբ, փաստեց, որ «Թանգարանային գիշերն» իսկապես տոն ու ավանդույթ է դարձել. «Եթե այցելեք մեր մյուս սրահները, ապա կտեսնեք, որ թանգարանն այս գիշեր իսկական տոնի խորհուրդ ունի»: Նկարչուհի ԼԻԼԻԹ ԱՍԼԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ հաճելի է տեսնել ե՛ւ մտերիմների, ե՛ւ պարզապես այցելուների, ովքեր գնահատում են արվեստը: Իսկ թե ինչու է ցուցահանդեսը կրում ՙՀայացք եւ վրձին՚ խորագիրը, նկարչուհին բացատրեց այսպես. «Հայացք ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից, թե ինչպես ենք տեսնում աշխարհը, եւ թե ինչպես է յուրաքանչյուրիս վրձինն այդ ամենը հանձնում կտավին: Հինգ նկարչուհիներից եւ ոչ մեկս չունիընդհանուր ձեռագիր, ընդհանուր թեմա ու ասելիք, բոլորս անկախ ստեղծագործողներ ենք, մեր ոճով, աշխարհայացքով»: Նկարչուհի ՆԱՐԳԻԶ ՓԱՇԱՅԱՆՆ էլ փաստելով, որ նկարչի համար չցուցադրվելը նույնն է, ինչ դերասանի համար բեմ դուրս չգալը, ասաց. «Ցուցահանդեսը նվիրվում է մայիսյան հաղթանակներին ու ազատությանը, նկարիչներիս մասնակցությունն էլ այսպիսին է հաղթանակների տոնին»: Ցուցահանդեսի իր հավաքածուի մասին խոսելով` նկարչուհի ԿԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ հավելեց, որ ներկայացրել է 2 տիպի աշխատանք` Կոնդի շարքը եւ ժամանակակից ոճի աշխատանքներ` տարբեր գույներով ու ոճով, ու թեեւ անհատական ցուցադրություն չի ունեցել, բայց խմբային շատ ծրագրերի, այդ թվում նաեւ «Թանգարանային գիշերին» ակտիվ մասնակցություն ունեցել է:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՎԵԼԻ
ՔԱՆ 2000 ԱՅՑԵԼՈՒԻ
«Թանգարանային գիշերը» եւ Թանգարանների միջազգային օրը Երվանդ Քոչարի թանգարանն ընդունել է ավելի քան 2000 այցելուի: Ըստ թանգարանի տնօրեն ԼԱԼԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՔՈՉԱՐԻ` մարդկանց հոսքը, ինչպես նախորդ տարիներին, չի դադարել նույնիսկ մինչեւ աշխատանքային վերջին րոպեները` ժամը 1:00-ը: Առաջին հայացքից ուրախալի թվացող այս դիպվածով, սակայն, թանգարանի տնօրենը մտահոգ է. «Մեր թանգարանը, տարածքային պայմաններից ելնելով, շատ ծանր, դժվար ու վտանգավոր է դառնում, ու թանգարանային արժեքները լուրջ սթրես են ապրում: Ի դեպ, մեր այցելուների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է, ինչը նաեւ թանգարանի գիդ-էքսկուրսավարների աշխատանքի արդյունքն է: Մեզ մոտ հաճախ գալիս են այս կամ այն գիդի բացատրությունը լսելու, ունենք նաեւ օտար լեզուներով ներկայացնող աշխատակիցներ: Ի դեպ, Լեւոն Արոնյանն է հաճախ մեզ մոտ լինում»:
Զրուցելով նաեւ թանգարանային միջոցառումների օրերին ներկայացված ծրագրի մասին, տեղեկացանք. «Կարեւորելով թանգարանների միջազգային համագործակցությունը` արդեն 10 տարի է` Երվանդ Քոչարի թանգարանը մասնակցում է համաեվրոպական ակցիայի շրջանակներում կազմակերպվող «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Մենք առաջին իսկ տարվանից եղել ենք մասնակիցների խմբում, եւ այս հոբելյանական տարվա կապակցությամբ մեզ մոտ բացվեց «Քոչարի 10 արեւելուհիները» ցուցահանդեսը: Ինչու 10, քանի որ փարիզյան «Թանգարանային գիշերի» կոորդինացնող հանձնախումբն առաջարկել էր այս տարվա միջոցառումների խորագրում ներառել 10 թիվը, մենք էլ Քոչարի ստեղծած կանացի հրաշալի կերպարների շարքից ընտրեցինք լավագույն 10-ը: Այն յուրատիպ արձագանքն է` անցած տարի Փարիզում կայացած «Մոդեռնի բազմազանությունը» ցուցահանդեսի, որը բացվեց հոկտեմբերի 22-ին` ներառելով Երվանդ Քոչարի «Արեւելուհիներ» ստեղծագործությունը` ձեռք բերված 1938 թվականին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից: Շուրջ 70 տարի ընդմիջումից հետո Քոչարը կրկին իր հանրահռչակ արվեստակից ընկերների շրջանակում է, այդ մասին են պատմում նաեւ մեր ցուցադրությունում տեղ գտած նրա փարիզյան շրջանի ցուցահանդեսային գործունեությունը ներկայացնող փաստաթղթերը, արժեքավոր վավերագրերը, մեծերի հետ ունեցած առնչությունների մասին պատմող փաստաթղթերը»:
«ԷՍՏԻ՜ ՀԱՄԵՑԵՔ»` Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Չենք սխալվի, եթե ասենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանն առավել շատ մանուկների հյուրընկալած թանգարանն էր: Ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել փոքրիկների` մեկը հիացմունքով հեքիաթների գրքերը ներկայացնող անկյունն էր զննում, մյուսը` «Շունն ու կատվին» էր հանդիպել, երրորդն էլ` Լոռվա ձորի մակետն էր ապշած նայում: Դե իսկ նկարագրված պատկերն ամբողջացնում էր բակում մատուցվող քաղցրավենիքը, հրուշակագործներն «էստի՜ համեցեք»-ով ու Թումանյանի քառատողերը երգելով, այցելուներին հյուրասիրության էին կանչում: Թանգարանային գիշերվա ավարտն էր առավել հեքիաթային` թանգարանի այգում ներկայացվեց տիկնիկային թատրոն:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

