ՙԻհարկե, Գորիսում բոլոր չորս թեկնածուներն էլ իրենց ձեւով պայքարում են: Չորս թեկնածուներին էլ ճանաչում եմ, չորսն էլ իրենց ձեւով հարգված մարդիկ են:
Այսօրվա դրությամբ, ընտրություններն այնպես չեն, որ ինչ-որ մեկը սատարում է, ինչ-որ մեկը դաբրո է տվել, ուրեմն` այդ թեկնածուն հաստատ կանցնի, դաբրոներով ընտրված քաղաքապետը երկար չի ձգում: Գորիսում լուրջ ընտրություններ են տեղի ունենալու, եւ ընտրվելու է այն թեկնածուն, ով վայելում է ժողովրդի հարգանքը, ով վստահում է ժողովրդին՚,- անդրադառնալով տարածված խոսակցություններին, ըստ որոնց, Գորիսում թեժ ընտրապայքար է սպասվում, ասաց ՀՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հարցին` չորս թեկնածուներից ով է ավելի շատ վայելում ժողովրդի հարգանքը, պատգամավորը հետեւյալ խուսափողական պատասխանը տվեց. - Ես չէի առանձնացնի որեւէ թեկնածուի, չորսն էլ ընտրապայքարի մեջ են, եւ այս պայմաններում առավելությունը տալ որեւէ մեկին` ճիշտ չէ: Այնուամենայնիվ, զգում եմ, որ չորսն էլ պայքարելու են, ես կցանկանայի, որ ոչ ոք իր թեկնածությունը չհանի, եւ չորսն էլ պայքարեն մինչեւ վերջ: Սակայն այս բոլոր ՙհուսադրող՚ խոսքերից հետո, մեկ է, ՙԳորիսում լուրջ ընտրություններ՚ ակնկալելը ֆանտաստիկայի ժանրից է թվում: Բուդաղյանները վկա...