ՙԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՏԵՂ ՉԿԱ՚
Արխիվ 12-16ՙԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՏԵՂ ՉԿԱ՚
Երեկ Ծիծեռնակաբերդում Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իուանիս Տագիսը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մի շարք պատգամավորներ, հունական համայնքի ներկայացուցիչներ` ավանդույթի համաձայն հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը եւ եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ այսօր թուրքական կառավարությունը իրականացնում է ժխտողական քաղաքականություն:Անդրադառնալով հույների ցեղասպանությանը` ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ մասնավորապես նշեց.
- Թե° հայերի, թե° հույների ցեղասպանության դեպքում մենք գործ ունենք դասական հայրենազրկման հետ, որովհետեւ թե° հույները, թե° հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ` մենք պետք է համախմբենք մեր ուժերը, որպեսզի պայքարենք թուրքական ժխտողականության դեմ: Դժբախտաբար, հարյուր տարի անց Թուրքիան իր մեջ ուժ չի գտնում, որպեսզի ընդունի թե° հայոց, թե° հույների եւ թե° այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը:
Հույն ժողովրդի ցեղասպանությունը միավորվում է Հայոց ցեղասպանության հետ, որովհետեւ դեռեւս 1911 թվականին երիտթուքական կառավարության ծրագիրն է եղելª բնաջնջել բնիկ քրիստոնյա ժողովուրդներին: Իսկ հույների ցեղասպանությունից հետո Քեմալ Աթաթուրքը լկտիաբար եւ ցինիկաբար` ի լուր ողջ աշխարհի ասաց, որ այսօր արդեն Թուրքիան պատկանում է թուրքերին, որովհետեւ այլեւս բնիկ քրիստոնյա ժողովուրդը գոյություն չուներ: Ինչպես կասեր Ուինսթոն Չերչիլը. ՙԶմյուռնիայում Քեմալ Աթաթուրքին հաջողվեց բնաջնջել ողջ քրիստոնյա ազգաբնակչությանը՚: Մեկ օրվա ընթացքում սպանվեցին 180 հազար հույն եւ 12 հազար հայ` միայն Զմյուռնիայում:
ՀՀ խորհրդարանը, խորհրդարանի նախկին նախագահը դեռեւս 2011 թվականի ապրիլի 24-ին ուղերձով դիմել է աշխարհի բոլոր պառլամենտներին, որպեսզի ճանաչվի հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները: Մենք այսօր պայքարելով Հայոց ցեղասպանության ժխտման դեմ, պայքարում ենք նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման համար, որովհետեւ քանի դեռ կա աշխարհում պետություն, որը ժխտում է Ցեղասպանությունը, վտանգներ կան, որ մենք կունենանք նոր ցեղասպանություններ: Իսկ այսօրվա արարողությանը մեր նոր սերնդի ներկայությունը հուշում է, որ այսօրվա խորհուրդը ապրելու եւ պայքարի մեջ է: Մենք պետք է պայքարենք` հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն արդարության եւ համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին բոլոր այն ազգերը, որոնք ցեղասպանվել են Օսմանյան Թուրքիայում, պետք է մեկ բռունցք կազմեն եւ պայքարեն թուրքական ժխտողականության դեմ: Եվ ես գտնում եմ, որ մենք ամեն օր, ամեն վայրկյան պետք է մեր գործունեությամբ ապացուցենք, որ ֆաշիզմին, նացիցմին, թուրքական ժխտողականությանը այլեւս տեղ չկա: Ժողովրդավարական դարաշրջանում հզորությունը ոչ թե պետական բյուջեի մեծությամբ է որոշվում, այլ այն ներդրումով, որ դու արել ես մարդկային քաղաքակրթությանը:
Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան` ԻՈՒԱՆԻՍ ՏԱԳԻՍՆ էլ նշեց.
- Մայիսի 19-ը հույն ժողովրդի համար ողբերգական էջ է, քանի որ հարյուր-հազարավոր Պոնտոսի հույներ կորցրին իրենց հայրենիքը եւ իրենց կյանքը: Հույները սերտ կապեր ունեն հայերի հետ, քանի որ այդ հույների մեծ մասը եկավ այստեղ, որտեղ ունեն իրենց համայնքները եւ կազմում են Հայաստանի հասարակության մի մասը: Սա մեր ընդհանուր պատմության կարեւորագույն բաղադրիչներից է, որը մեզ ավելի մտերիմ է դարձնում, ավելի մոտ է բերում պատմական եւ դարավոր երկու ժողովուրդներին, որոնք անցել են նույն փորձություններով:
Ընդհանրապես հայերն ու հույները իրար հետ շատ նմանություններ ունեն, երկու ժողովուրդների մտածելակերպը, կյանքի ոճը գրեթե նույնն է: Այսօր շատ հայեր են ապրում Հունաստանում, եւ հավատացեք, նրանք անբաժանելի մաս են կազմում հույն ազգության մեջ. տարբերություն չկա հայերի եւ հույների միջեւ առհասարակ: Մեր պատմության ընդհանուր ուղին էլ ավելի մեծ ընդհանրություններ է ստեղծել մեր երկու ժողովուրդների համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

