ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՖԵԿՏԸ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՖԵԿՏԸ
Եվ այսպեսª կառավարությունը երեկ հաստատեց իր գործունեության ծրագիրը, որն այսօր քննության կառնի Ազգային ժողովը: Խոշոր հաշվովª մինչ այս եղած նման բազում ծրագրերը, ասենք, նույնիսկ շատ ավելի պրակտիկ փաստաթուղթ համարվող պետական բյուջեները Հայաստանում երբեք էլ հասարակության լայն շերտերին առանձնապես չեն հետաքրքրել: Դա հասկանալի է. այդ փաստաթղթերը միշտ էլ խոստացել են առավելագույնը, բայց դրանց բոլորի հանրագումարում ունենք ներկայիս փաստացի վիճակը:
Պարզ է, ելնելով անցյալի փորձերիցª նույնն է կառավարության ծրագրի նախագծի նկատմամբ վերաբերմունքը այս դեպքում եւս: Բայց ամեն դեպքում տեսնենք, թե դեռ միայն փաստաթղթային տեսքով ինչ է այն իրենից ներկայացնում, եւ ինչպիսի շանսեր կան այն գործնական այնպիսի տեսքի բերելու համար, որ Հայաստանի բնակչությունը կարողանա դրանից գոնե նվազագույնը ստանալ:
ԻՍԿ ՈՒՐ ՄՆԱՑԻՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Ամեն դեպքում, դեռ մինչ կառավարության կողմից ծրագրի ընդունումը` դրա հետ կապված մեկ դրական հանգամանք կար: Խոսքն այն մասին է, որ սա այն եզակի դեպքերից էր, երբ կառավարության ծրագրի նախագծում իրենց տեսակետը ներկայացնելու հրավիրվեցին իշխող կուսակցությունից կամ կոալիցիայից դուրս գտնվող ուժերը, այդ թվումª ընդդիմության արմատական հատվածը: Ինչ կերպ քաղաքական ուժերն օգտվեցին այդ առաջարկից, դա հարցի մյուս կողմն է. հայտնի է, որ մասամբ մերժեցին որեւէ բան քննարկել, ուժերի մի մասն էլ մասնակցեցինª իրենց առաջարկները ներկայացնելով: Բնականաբար, տրամաբանական կլիներ, որ մշտապես երկրի սոցիալ-տնտեսական տարբեր հարցերի մասին խոսող ընդդիմությունը պաշտոնապես առաջարկեր այդ խնդիրների լուծման շուրջ իր տեսակետը, ամեն կերպ փորձեր հասնել այդ մոտեցումները կառավարության ծրագրում ներառելուն եւ հետո էլ հսկեր ու պետք եղած տեղն էլ աղմուկ բարձրացներ, թե` տեսեք, այս մի դրույթը ընդունվել է, բայց այն կյանքի չի կոչվում, կամ կան թերություններ: Չէ, դա չեղավ, կամ եղավ մասամբ, ինչը, միգուցե, բացասական առումով որոշ ազդեցություն կթողնի ծրագրի եւ դրա կիրառման ընթացքի վրա, բայց նաեւ առնվազն տարօրինակ երանգներ է պարունակում ամեն ինչից միանգամից ետ քաշված եւ իրեն բացառապես քննադատողի անհամեմատ ավելի հեշտ գործը վերապահած ընդդիմադիր համապատասխան հատվածի հանդեպ:
ՈՏՔԵՐԸ ՎԵՐՄԱԿԻ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Մեկ առանձնահատկություն էլ ունի այս ծրագիրը: Այն, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա Մաքսային ապաª Եվրասիական միության անդամ, թերեւս արդեն քչերի մոտ է կասկած հարուցում: Նույնը հենց իր ծրագրում ֆիքսում է նաեւ կառավարությունըª իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ ներառելով ՙԵվրասիական տնտեսական միությանը եւ վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը՚: Այն, որ այդ գործոնը խորքային էֆեկտ է ունենալու Հայաստանում` կյանքի գրեթե բոլոր ուղղությունների վրա, դա էլ է միանշանակ: Եվ հենց այս առումով էլ կառավարության ծրագիրը եւս տրամաբանորեն պետք է դառնար երկրի տնտեսությունն ու մյուս առանցքային ոլորտները մինչեւ առնվազն այս տարեւվերջ շարունակվելիք անցումային փուլի հետ կապող օղակի պես մի բան: Դրանից հետո արդեն, երբ Հայաստանը կդառնա այդ ինտեգրացիոն համակարգի անդամ, կարող են ի հայտ գալ բոլորովին այլ իրողություններ, որոնք, միգուցե, անգամ կառավարության նոր ծրագրի կամ եղածը էականորեն փոխելու անհրաժեշտություն առաջացնեն:
Այս առումով, հասկանալի է, որ կառավարության այս ծրագրում ՄՄ-ին անդամակցության գործոնը մի շարք առանցքային դրվագներով հաշվի առնված է: Օրինակ, որ. ՙՊայմանավորված Հայաստանի համար Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի շուկաների առավել մատչելիությամբ՚ª կբարելավվի մեր երկրի ներդրումային միջավայրը: Կամª փաստացի ՄՄ-ին անդամակցության հետ կարելի է կապել նաեւ հետեւյալ ծրագրերը. ՙՀայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքների իրականացում, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին՚, ՙՇարունակական աշխատանքների իրականացումª Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման եւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ ՙՊետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում կմշակվեն ՙՀարավային երկաթուղի՚ ¥Իրան-Հայաստան- Հեղ¤ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը՚, ՙՇարունակական ջանքեր կգործադրվեն դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ՚ եւ այլն:
Մյուս կողմից էլ, թեեւ հենց կառավարության ծրագրով է նախատեսված Եվրասիական եւ Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում այս կամ այն չափով բարելավումներ` սկսած մաքսային վարչարարությունից, վերջացրած առեւտրի, ֆինանսական քաղաքականության, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բազում այլ առանցքային ուղղություններով, սակայն հայաստանյան ՀՆԱ-ի համար մինչեւ 2017թ. տարեկան սահմանված է 5 տոկոսանոց աճ: Այն դեպքում, երբ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մակրոտնտեսական էֆեկտը, որը հաշվարկվել էր դեռ անցած տարի` հեղինակավոր մասնագետների կողմից նախատեսում է անդամակցության էֆեկտը` հայաստանյան ՀՆԱ-ի վրա 4 տոկոս հավելյալ աճի տեսքով: Իսկ դա նշանակում է, որ գոնե ՀՆԱ-ի մասով ՄՄ-ին անդամակցությունը կառավարության ծրագրում ամբողջությամբ նախատեսված չէ: Այսինքն, ծրագրի թվային մասը հիմնականում կազմված է ներքին ռեսուրսների հաշվարկով, որից հետո ինչքան բարձր արդյունքներ կունենանք, այնքան` լավ: Սա էլ է տարբերակ, առավել եւս, որ խոսքը պաշտոնական փաստաթղթի մասին է, իսկ ՄՄ-ին անդամակցության պաշտոնական որոշում այս պահին չունենք: Չնայածª ոտքերը վերմակի չափով մեկնելու սկզբունքով իրատեսական ծրագիրը նաեւ այն լավ կողմն ունի, որ թեեւ չկան ՙոգեւորող՚ բարձր թվեր ու ճոխ-ճոխ խոստումներ, սակայն հետագայում էլ չենք բախվելու դրանք չիրականացնելուց առաջացող հուսահատությանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Իսկ թե ինչ է ենթադրում կառավարության ծրագիրը տնտեսության առանցքային ոլորտներում, կներկայացնենք վաղվա մեր համարում:

