ԲՀԿ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՙՀԱՍՏԱՏ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԻ՚ ՙ ԲՀԿ խմբակցությունում դեռ քննարկում են, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին, բայց հաստատ կողմ չենք քվեարկի, դա` հաստատ: Կա°մ դեմ քվեարկենք, կա°մ ձեռնպահ, կա°մ էլ ընդհանրապես չենք մասնակցի քվեարկությանը՚,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ: - Ինչն է Ձեր նման տեսակետ հայտնելու պատճառը: - Կառավարության ծրագրում բաներ կան, որ ենթադրում էինք` շատ կոնկրետ ցուցանիշներով պետք է լինեին, բայց չկա: Օրինակ` նախորդ ծրագրի հետ համեմատած` այստեղ երեք թիվ կա ընդամենը` 5% աճ, 65 հազ. դրամ նվազագույն աշխատավարձ` 2017թ. եւ աղքատության կրճատում` 10%-ով:
Խոսքը այն մասին է, որ վարվող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը բավարար արդյունքներ չի տալիս: Մենք ունենք մեր մոտեցումները, որը եւ օրենսդրական նախաձեռնությունների եւ ծրագրային նախաձեռնությունների տեսքով ներկայացնում ենք: Ամեն դեպքում, կառավարության ծրագրի մասին ԲՀԿ-ն իր պաշտոնական տեսակետը դեռ կհայտնի, իսկ իմ անձնական տեսակետը հետեւյալն է. ցուցանիշներ կան, որ չափելի չեն: Քանակական ցուցանիշներ արձանագրված չեն, ուղղակի ցանկություններ են: Օրինակ` մենք ասել ենք, որ սահմանից ավելացված արժեքի հարկը հանեն, այնտեղ գրված է` փուլ առ փուլ, բայց կոնկրետ գրված չէ` երբ, ինչ, ոնց: Այս ամենի հետ մեկտեղ` պետք է ասեմ, որ կառավարության ծրագրում ինչ-որ դրական միտումներ էլ կան, բայց այն, ինչ որ արձանագրված է, մենք բավարար չենք համարում: Եվ երկրորդ. չափելի ցուցանիշներ համարյա թե չկանª որքան աշխատատեղեր են լինելու, ներդրումների ծավալներն ինչքան են: Այսինքնª տեսանելի կուրսի փոփոխություն չենք զգում: