ԿՐԻՄԻՆԱԼԱՑՎԱԾ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ` ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Արխիվ 12-16ԿՐԻՄԻՆԱԼԱՑՎԱԾ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ`
ՆԵՐՔԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Այժմ թիվ մեկ թեման է դարձել շաբաթ օրը ՙՎերնիսաժի՚ մոտ հնչած կրակոցների զազրելի պատմությունը: Այդ հանցագործությունը առանձնանում է բացառիկ ցինիզմով եւ շրջապատի կյանքի ու առողջության նկատմամբ առանձնահատուկ արհամարհանքով: ՙՀերոսն՚ էլ է հայտնի` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը:
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ
Մի կողմ թողնենք այն ամբողջը, ինչը պտտվում է դեպքի առնչությամբ լրատվամիջոցներում` կատարվածի վարկածների ամբողջ տեսականին քանիցս շրջանառվել է ու ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության չոր տողերի` հանցագործությունը կատարվել է առանց գործարանային համարի ատրճանակով, օրը ցերեկով, եւ ՙՀայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին՚:
Այսինքն` հանցագործություն կատարողը իր մոտ պահում էր ապօրինի զենք, եւ վստահաբար այն գործի էր դրել հանրային վայրում, ու դեռ մի բան էլ ՙբացատրական աշխատանք՚ է պահանջվել, որպեսզի ձերբակալվի: Հինգ վիրավորներից երեքը որեւէ առնչություն չեն ունեցել միջադեպի հետ, ինչպիսի դրդապատճառներով էլ այն լիներ: Ու զարմանալիորեն, ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ մի բան էլ անմեղ է հանում իր կուսակից Կարո Կարապետյանին, թե փեսան է, հո որդին չէ: Նույն ԲՀԿ-ականների հետ կապված, ինչ-որ բավականին շատ են կրիմինալ դեպքերը, սակայն ամենակարեւորը երեւույթն է` անկախ կուսակցական պատկանելության առկայությունից կամ բացակայությունից ու մնացյալ ամեն ինչից:
Նույն վարդանիկները, լիսկաները, բանգլադեշիհամոները եւ այլք իրենց ազգականներով եւ շրջապատով հանդերձ, մասն են մի երեւույթի, որը կարելի է կոչել կրիմինալացված բուրժուազիա:
Այդ տարատեսակի բնութագիրն է` անհայտ ճանապարհով ձեռք բերված հարստությունը, որի առաջին միլիոն դոլարը հաստատ չի կարող լինել օրինականին նույնիսկ մոտ ճանապարհով, եւ հղփացած ազգականներ ու շրջապատ, ովքեր աչքի են ընկնում թանկարժեք ավտոմեքենաներով, լպիրշ պահվածքով ու վստահությամբ, որ իրենց ամեն ինչ կարելի է: Բնականաբար, զինված են կամ ունեն զինված թիկնապահներ, բոլորն էլ, այդ թվում եւ իրավապահները լավ էլ գիտեն դրանց ապօրինի զենքերի ե°ւ տեղը, ե°ւ քանակը, սակայն բավականին հաճախ ոստիկանական կարգախմբերը վախենում են հենց դեպքի վայրում մոտենալ դրանց: Դե, իսկ ՙբացատրական աշխատանքով՚ ներկայանալը արդեն այն դեպքերի համար է, երբ բանը բանից անցել է, ու ստվերային տարբերակով հարցը չի լուծվում: Հիշեցնենք, որ ժամանակին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գլուխ էր գովացել, որ կզինաթափի Գյումրիի ամբողջ կրիմինալ եւ կիսակրիմինալ կոնտինգենտին, բայց դադարե±լ են արդյոք Գյումրիում անընդունելի միջադեպերը...
Հենց այդպիսի` սեփական անպատժելիության մեջ համոզված կոնտինգենտն է մեծագույն սպառնալիքը մեր երկրի հանրային անդորրին եւ ներքին կայունությանը` այսինչ գործարարի կամ միջին կարգի իշխանավորի ազգականներն ու շրջապատը, ովքեր եւ կազմում են կրիմինալացված բուրժուազիա: Օլիգարխների անունն է հիմնականում դուրս եկած, սակայն աստիճանաբար խոշոր բիզնեսին խաղի կանոնների դաշտ բերում են, չինովնիկները լավ թե վատ աստիճանաբար սովորում են քաղաքացու հետ ՙԴուք՚-ով խոսել, ոստիկանի պահվածքից օրինապահ քաղաքացին, որպես կանոն, դժգոհելու տեղ չունի: Սակայն կրիմինալացված բուրժուազիայի պահվածքն է, որ քանդում է մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ, ապականում ամբողջ մթնոլորտը, ձեւավորում անընդունելի վարքի ստանդարտներ, մարդկանց մղում հուսալքության եւ արտագաղթի:
Ոստիկանության եւ դատախազության պարտականությունն է վնասազերծել այդ շերտին, զինաթափել, օրենքի ամբողջ խստությամբ պատժել բեսպրեդել իրականացնողներին: Իրավապահները պարտավոր են եւ կարող են դա ի կատար ածել: Սակայն, եթե կան խոչընդոտներ, որոնք ամեն մի կոնկրետ դեպքում ապահովում են արդյունքում վիճակագրություն դարձող անպատժելիությունը, ապա մնում է օրինավոր քաղաքացիներին զանգվածաբար զինվելու հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրենց կարողանան պաշտպանել: Ի վերջո ե°ւ քրեական կոնտինգենտը, ե°ւ վերը հիշատակված կրիմինալացված բուրժուազիան միշտ էլ հնարավորություն ունեն ձեռք բերել ապօրինի զենքեր, եւ մնում է դա հակակշռել գործունակ եւ դատվածություն չունեցող քաղաքացիներին օրինական, գրանցված զենք ձեռք բերելու հնարավորություն տալ, ինչպես նաեւ օրենսդրորեն էապես ընդարձակել ինքնապաշտպանության իրավանորմի սահմանումը: Ճիշտ է, դա կարող է նաեւ հանգեցնել սպանությունների քանակի աճի, սակայն այդ վիճակագրության մեջ արդեն զգալի տոկոս կկազմեն նրանք, ովքեր այսօր իրենց անպատիժ են զգում: Եվ ամենակարեւորը` քաղաքացին կունենա արդյունավետորեն ինքնապաշտպանվելու իրավունք եւ գործնական հնարավորություն:
ՙՄԱՅԴԱՆԱՅԻՆ՚ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԶՐՈՅԱԿԱՆ ԵՆ
Սակայն բացի ՙգաղջ մթնոլորտ՚ ստեղծող կրիմինալիտետից կան նաեւ ռեալ ներքաղաքական իրադարձություններ, որոնք կարեւոր են հեռանկարի ու ապագայի տեսակետից: Ամենակարեւորը` զրոյին է մոտենում ՙմայդանային՚ տեխնոլոգիաներով իրավիճակն ապակայունացնելու եւ պետական կուրսը կտրուկ փոխելու սպառնալիքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի կառավարության, կարողանում է ելքեր գտնել եւ գործնական լուծումների միջոցով, փոխզիջումների եւ երկխոսության տարբերակներով մարել հնարավոր հանրային ընդվզումների օջախները, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներին: Արդյունքում այն ուժերը, որոնք ձգտում են հանրային հուզումներ բորբոքել, հարկադրված են դա անել այնպիսի խարխուլ հիմքի վրա, ինչպիսին է Մաքսային ու Եվրասիական միությանը դեմ լինելը: Սակայն Եվրասիական ինտեգրման հակառակորդների սոցիալական բազան չնչին է, դա հիմնականում ամերիկյան գրանտներով ապրող կոնտինգենտն է: Ու այդ կոնտինգենտի ներսում էլ, միատարրություն ու միակամություն չկա:
Այսպես, ՙՆախախորհրդարանը՚, ուր առկա են նաեւ Ժիրայր Սէֆիլյանի պես անուն ունեցող մարդիկ, գերադասեց առանձին հանրահավաք անել եւ չխառնվել սաքունցանմանների հետ, ովքեր Հայրիկյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ մեկտեղ` այս կիրակի բավականին խղճուկ տպավորություն թողնող ակցիա իրականացրին ՙընդդեմ պուտինիզմի՚ կարգախոսի ներքո: Ի դեպ, թեեւ, մայիսի 18-ը նշանակված էր միասնական ՙնարնջագույն՚ ակցիաների օր Ռուսաստանում, այդ թվում` Ղրիմում, եւ այլուր, սակայն ամենուրեք արձանագրվեց փայլուն տապալում: Ուկրաինայի ցցուն օրինակը, թե ինչ է Մայդանը, դաս եղավ բոլորի համար, ու մարդիկ պարզապես չեն ուզում սեփական ձեռքով քանդել սեփական տունը, այդ պատճառով էլ ՙեվրոպական երազանքի՚ հետեւից գնացող ժողովուրդ չկա, այդ թվում եւ մեր երկրում: Դրան գումարած, նույն ՙԵվրատեսիլում՚ անհասկանալի սեռի արարածի ցուցադրական հաղթանակը, ինչպես նաեւ տեղեկատվական դաշտում այդ մարդկային աղբին ճիշտ անունով կոչողներին հալածելու փորձերը հանգեցրին նրան, որ հայ հանրությունը հավասարության կայուն նշան է դնում Եվրոպայի ու Կոմայգու միջեւ: Դա արդեն դարձել է մեր հանրության համոզմունքը, որը խարխլելու փորձերը միայն հակառակ արդյունքն են տալիս:
Ուստի, մայդանչիների սոցիալական բազան չափազանց նեղ է եւ անբավարար որեւէ զգալի ցնցում առաջացնելու համար, հանրությունն էլ այնքան կուշտ է եվրոպական հակաարժեքներից, որ կողջունի ցանկացած զտումներ, որոնք ուղղված կլինեն ինչպես պետական, այնպես էլ հանրային կյանքի ցանկացած ոլորտը 5-րդ շարասյուններից եւ, այսպես կոչված, ՙարեւմտյան արժեքների՚ կրողներից մաքրելուն:
Իսկ թե ինչու չենք էլ հիշատակում ԱԺ-ում ոչ իշխանական ՙքառյակը՚, որը երբեմն ՙհնգյակային՚ բնույթ է կրում: Այն պարզ պատճառով, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն միայնակ լուծում է ցանկացած խնդիր` ապահովելով քվեների մեծամասնություն, գումարած դրան էլ, ՙքառյակը՚ չի կարողանում գտնել որեւէ հարմար հիմք փողոցային բողոքներ ծավալելու համար: Իսկ Մաքսային ու Եվրասիական միության դեմ բացահայտ որեւէ քայլ, ռուսաֆոբիայի որեւէ դրսեւորում դա ուղիղ ճանապարհ է դեպի հանրային վարկանիշի լիակատար կորուստ եւ մարգինալացում: Իսկ դա, հատկապես, ԲՀԿ-ի պես ծանրաքաշը, կամ որպես ընդդիմություն վերածննդի ձգտող ՕԵԿ-ը իրենց թույլ տալ չեն կարող:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

