՛՛ՎԵՐՆԻՍԱԺԻ՛՛ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ
Արխիվ 12-16՛՛ՎԵՐՆԻՍԱԺԻ՛՛ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ
Շաբաթ օրը «Վերնիսաժի» մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ձերբակալվել է:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության.
«Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղի ունեցած վեճի ժամանակ կրակոցները արձակել է Յուվեցի Կարոյի փեսան, ով դրանից հետո անմիջապես փախուստի է դիմել: Հրազենից վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Հինգ վիրավորների վիճակը, ըստ բժիշկների, միայն այսօր է կայունացել: Մեր տեղեկություններով վիճաբանությունը ծագել է պատգամավորի փեսայի ավտոմեքենան ավելի հարմար տեղ կայանելու առիթով, ով փորձել է մեքենան կանգնեցնել այնտեղ, որտեղ հենց իրեն է հարմար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

