ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ» ՆՇԵՑ Է ԻՐ 100 ԵՎ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ (լուսանկարներ)
Արխիվ 12-16ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ «ՎԱՐԴԱՏՈՆԸ» ՆՇԵՑ Է ԻՐ 100 ԵՎ 10-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ (լուսանկարներ)
ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ մեծ աշուղին` Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն» փառատոնը: Արդեն մեկդարյա փառատոնը այս տարի նվիրված էր Վարդատոնի հիմնադրման 100, իսկ Երեւանում՝ 10-ամյա հոբելյաններին: Միջոցառումների շարքը մեկնարկեց քայլերթով, որն ընդմիջվում էր երգ ու պարով: Իսկ քայլերթն ավարտվեց ուշ միջնադարյան հայ խոշորագույն բանաստեղծի` Սայաթ-Նովայի հուշարձան-աղբյուրի մոտ, որից հետո Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի բակում սպասվում էր համերգային ծրագիր:Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ: Նշենք, որ փառատոնին մասնակցում էին «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, «Կարին», «Մարաթուկ», «Ակունք», «Նուբար», «Սասնա ծռեր» ավանդական համույթները, ինչպես նաեւ Ջիվանու դպրոցի «Հավասի» երիտասարդ աշուղների անսամբլը: Ծրագրում ներառված էր Սայաթ-Նովայի ու հայ աշուղների երգեր, հայ ավանդական պարեր: Տոնին ակտիվորեն մասնակցում էին ուսանողներ, որոնք վարդերը ձեռքներին ու ժպիտը շուրթերին մի
յուրահատուկ տրամադրություն էին ստեղծում:
Ի դեպ, այս վարդաշատ տոնի գաղափարը պատկանում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանին, որոնց նախաձեռնությամբ 1914 թվականին Թիֆլիսում առաջին անգամ նշվել է Վարդատոնը` նվիրված Սայաթ-Նովային: 2005 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, ավանդաբար մայիս ամսի նախավերջին կիրակին Սայաթ-Նովային նվիրված տոնը նշվում է նաև Հայաստանում:
Չմոռանանք ավելացնել, որ այս տարի մայիսի 25-ին առավել մեծ շուքով Վարդատոնը կնշվի նաեւ Թիֆլիսիում` Սբ. Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրիմի մոտ:






ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

