Ներքին Կարմիրաղբյուրի մարզիչ. «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍՊՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ»
Արխիվ 12-16Ներքին Կարմիրաղբյուրի մարզիչ. «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍՊՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ»
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում «Զորակն» ռազմա-մարզական ակումբի նախաձեռնությամբ դեռեւս 2013 թվականի մայիսին ստեղծվել է տղաների 18 հոգանոց ֆուտբոլի թիմը, իսկ արդեն սեպտեմբերից գործում է նաեւ աղջիկների բասկետբոլի թիմը, որի կազմում են 12 աղջիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հպարտությամբ տեղեկացրեց գյուղի ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ, ֆուտբոլի եւ բասկետբոլի մարզիչ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
-Պարոն Գալստյան, այսօր ինչի՞ կարիք ունեն երիտասարդ մարզիկները:
- Մի քիչ խաղադաշտի կարգավորման կարիք ունենք: Այն պետք է հարթեցվի, ցանկապատվի, որ մեջը անասուններ չմտնեն: «Զորակնի» տղաներն ամեն պարագաներով ապահովել են մեզ, մնում է գնդակների հարցը: Ճիշտ է, շատ գնդակներ ունեինք, բայց փչացել են:
- Պարապմունքները վճարովի՞ են:
- «Զորակն» հիմնադրամն է վճարում երեխաների փոխարեն, ամեն ինչ անվճար է:
- Իսկ երեխաների մեջ կա՞ ցանկություն դառնալու պրոֆեսիոնալ մարզիկներ:
- Եթե ցանկություն չունենան, չեն գա պարապմունքի: Օրինակ, աղջիկները 4 ամիս է, ինչ սկսել են պարապել, բայց շատ մեծ ոգեւորությամբ մասնակցում են մարզումներին:
- Հնարավո՞ր է մի օր այս երիտասարդներին տեսնենք տարբեր հայտնի առաջնություններում:
- Մենք ապրում ենք մի շրջանում, որտեղ սպորտը գտնվում է նախնադարյան վիճակում: Միգուցե մի քանի տարի հետո փոխվի, ինչ-որ դրական տեղաշարժեր կլինի, այնպես որ, շատ հնարավոր է:
- Առաջիկայում ի՞նչ ֆուտբոլային կամ բեսկետբոլի հանդիպումների են պատրաստվում թիմերը:
- Իջեւան պիտի գնան եւ բասկետբոլի ընկերական հանդիպումներ պետք է անցկացվեն, հետո ֆուտբոլի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նշենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էին այցելել 140 ուխտավոր ու լրագրող:

