ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻՆ
Արխիվ 12-16ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ
ԵՎՍ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳՐԻՆ
Մայիսի 17-ին կայանալիք «Թանգարանային գիշեր» միջազգային տոնին կմասնակցի նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Ավանդատուն թանգարանը, որը ծրագրին մասնակցում է արդեն երկրորդ տարին: Այս տարի թանգարանների այցելունները հնարավորություն կունենան այցելել նաեւ նախորդ տարի աշնանը Մայր աթոռում բացված հայ բանաստեղծ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԻ անվան թանգարան, որտեղ ցուցադրված է այն հարուստ ժառանգությունը, որը բանաստեղծի եղբոր որդին` բարերար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆԸ նվիրաբերել է սրբ. Էջմիածնին: Թանգարանում կլինի նաեւ դասախոսություն հայ արվեստի վերաբերյալ: Այցելուներին սպասվում է նաև համերգային ծրագիր Էջմիածնի մայր տաճարում` տաճարի երգչախմբի մատուցմամբ, ինչպես նաև նախատեսված է երգեհոնային երաժշտություն: Համերգի ընթացքում կհնչի ոչ միայն հայ դասական և հոգեւոր երաժշտություն, այլեւ` արեւմտաեւրոպական դասական և հոգեւոր ստեղծագործություններ:
Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` Հայ առաքելական եկեղեցիներում դեռևս լայնորեն տարածված չէ եկեղեցիներում համերգ անցկացնելու ավանդույթը. «Նախորդ տարի մարդիկ մեծ ոգեւորությամբ ընդունեցին այն փաստը, որ տաճարում անցկացվում է հոգեւոր երաժշտության համերգ: Սա մեզ համար խրախույս է` նման միջոցառումների հաճախակի կազմակերպելը եւ շարունակելը: Նախորդ տարի «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում բավականին մեծ թվով մարդիկ են այցելել
թանգարաններ, ոչ միայն Վաղարշապատից և հարակից գյուղերից, այլև ունեցել ենք ուխտավորներ մեր հեռավոր մարզերից»: Ըստ Տեր Ասողիկի, Մայր աթոռի թանգարաններում դեռեւս չի սկսվել ձեռագրերի թվայնացման գործընթացը, քանի որ այժմ կատարվում է դրանց ուսումնասիրությունը` Մատենադարանի հետ համատեղ կազմելով ձեռագրերի գիտական ուսումնասիությունը.«Բոլոր թանգարանները ունեն համապատասխան պայմաններ, որոնք նպաստում են իրերի ապահով եւ անվտանգ պահպանությանը: Իրականացնում ենք նաեւ թանգարանային արժեքների վերնորոգման աշխատանքներ, այս հարցում համագործակցում ենք Պետական Էրմիտաժի և հայաստանյան թանգարանների հետ: Հավանաբար ամռան ամիսներին կբացենք ցուցահանդես, որի ժամանակ կներկայացնենք նորոգված եւ նոր կյանք ստացած իրեր: Թանգարանային արժեքները պահպանելուց զատ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ գտնում է միջոցներ ձեռք բերելու այնպիսի բացառիկ արժեքներ, որոնք հայ մշակույթի համար միայն պատիվ են եւ կարեւոր է, որ դրանք պահվեն սրբ. Էջմիածնում»,-ընդգծում է տեր Ասողիկ քահանան: Նրա տեղեցկացմամբ` վերջին նմուշը, որով համալրվել է թանգարանը, 17-րդ դարի Արցախ-Ուտիք շրջանի ասեղնագործ մի փոքրիկ գորգ է: Այս նմուշը իր գեղարվեստական արժեքով բացառիկ է եւ դրսում դրանք հիմնականում ներկայացվում են, որպես ադրբեջանական, սակայն այն հայկական է եւ շատ մարդիկ դրա ծագման մասին չեն տեղեկանում:
Էջմիածնում այս բացառիկ նմուշի առակայությունը, ինչպես տեր Ասողիկն է փաստում, կօգնի որպեսզի օտարազգի այցելուները ճանաչեն, որ այն հայկական է:
Նշենք, որ այսօր Մայր աթոռում գործում են հինգ թանգարաններ` Մայր տաճարի, Ռուբեն Սեւակի, Հին վեհարանի, Խրիմյան եւ Ալեք -Մարի Մանուկյան գանձատունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

