«ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՎԱՀԱՆ` ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԹԱՔՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16«ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՎԱՀԱՆ` ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ
ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԹԱՔՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) նախկին մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը նամակ էր հղել ԱԺ պատգամավորներին, թե երիտասարդ դասախոսներին նախկինի պես սպառնում են ազատել աշխատանքից` պարտադիր կուտակայինի չանցնելու դեպքում: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրինագծի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին ԱԺ քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանի կողմից վերոնշյալ նամակը «լավագույնս» շահարկվեց ՀՀ ԿԳ նախարարի դեմ: Թե ինչ է կատարվել իրականում, եւ ով է ստիպում անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, «Իրավունքը» պարզեց ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ.
-Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող 255 հիմնարկներից մեկի նախկին աշխատակցի դիմումն է եղել, որին պատասխանել է բուհը: Որեւէ բան ավելացնելու չունենք, դա ներբուհական խնդիր է: Եթե աշխատակիցը մտածում է, որ իր իրավունքները խախտվում են, ապա կարող է դիմել դատարան: Որքանով ես գիտեմ` այդ կադրային որոշումները բացարձակ կապ չունեն տվյալ նախկին աշխատակցի քաղաքացիական դիրքորոշումների հետ, որովհետեւ այլ դիրքորոշումներ հայտնող մարդկանց թիվը մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանց քանակը, ովքեր դժգոհում են եւ կոնկրետ վերջին փոփոխությունները վերագրում են իրենց քաղաքացիական կեցվածքին: Պետք է եւ ողջունելի է ունենալ քաղաքացիական կեցվածք, բայց այն չի կարող դառնալ վահան` բոլոր տեսակի այլ խնդիրներից կամ հարցերից ու լուծումներից խուսափելու համար:
- Որոշ պատգամավորների մոտ մտահոգություն կար, որ մինչ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակը ուժի մեջ կմտնի, կշարունակվեն այս դեպքում ՀՀ ԿԳ նախարարի որոշմամբ` բուհերում պարտադիր կուտակային համակարգի անցնելու գործընթացը կիրառել:
- Պատգամավորները արդեն երեք օր է ունեին հնարավորություն` սոցիալական ոլորտի քաղաքականության այդ ծրագրի հետ կապված հարցերը ուղղել ոլորտային նախարարին: Կրթության նախարարությունը դրա գլխադասային մարմինը չէ, եւ զարմանալի է, որ որոշ պատգամավորներ ծանոթ լինելով պետական կառավարման ապարատին, մեխանիզմներին եւ ամբողջ համակարգին` այդ տարբերակումը իրականում չեն կարողանում բարձրաձայնել այստեղ: Սոցիալական քաղաքականություն մշակող, իրականացնող մարմնի ղեկավարին բազմաթիվ հարցեր ուղղվել են, իմ գործընկերը սպառիչ պատասխանել է: Իսկ կրթության ոլորտը այն ոլորտներից մեկն է, որտեղ որդեգրված քաղաքականություն իրականացվել է, որեւէ հատուկ որոշումներ, հատուկ լուծումներ ո՛չ ունեցել ենք, ո՛չ էլ ունենալու ենք: Մենք կառավարության մաս կազմող նախարաություն ենք, որը այս հարցի համար գլխադասային չէ եւ իրականացնում է այն քաղաքականությունը, որը մշակվում է գլխադասային մարմնի կողմից: Իսկ Ազգային ժողովը օրենքին հավանություն է տվել: Ինչպիսի քաղաքականություն վարել ենք, որեւէ թաքուն բան չենք արել:
- Այսինքն` անհիմն են պատգամավորական այն տեսակետները, թե ՀՀ ԿԳ նախարարի անունից ուսումնական հաստատությունները «սպառնում են» իրենց աշխատակիցներին` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չանցնելու դեպքում ազատել աշխատանքից:
- «Կիկոսի մահ» ֆենոմենը, իհարկե, հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչու են չափից ավելի հաճախ հիշատակում տարբեր հարցեր` հենց այդ ֆենոմենի շրջանակում: Ո՞ւր է խնդիրը, որտե՞ղ է այն: Ինձ զեկուցել են, որ կոնկրետ վերոնշյալ աշխատակցին առաջարկվել է այլ աշխատանք, քանի որ կառուցվածքային փոփոխութունների շրջանակներում տվալ նախկին պաշտոնը վերացվել է: Իսկ այդպիսի մարդիկ, որոնք դեմ են եղել ՙկուտակայինին՚ բոլոր բուհերում էլ մի քանի տասնյակ կան, եթե` ոչ ավել: Բայց այդ դեմ լինելու հանգամանքը չի կարող լինել վահան` մնացած բոլոր խնդիրներից թաքնվելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

