ՙԵՐԲ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԸ ԹԻՎ ԿԱԶՄԵՑԻՆ ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐՈՒՄ, ԱՍՏՎԱԾ ԶԱՅՐԱՑԱՎ ՈՒ ԱՎԵՐԱԿԻ ՎԵՐԱԾԵՑ ԱՅԴ ՔԱՂԱՔՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԲ ԿՈՆՉԻՏԱՆԵՐԸ ԹԻՎ ԿԱԶՄԵՑԻՆ
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐՈՒՄ, ԱՍՏՎԱԾ ԶԱՅՐԱՑԱՎ ՈՒ ԱՎԵՐԱԿԻ ՎԵՐԱԾԵՑ ԱՅԴ ՔԱՂԱՔՆԵՐԸ՚


Երեկ Ազգային ժողովում կառավարության կողմից առաջարկվեց մի օրինագիծ, որը նպատակ ունի էլ ավելի զարգացնել հանրապետության պատվավոր կոչումների` վաստակավորի, ժողովրդականի եւ այլ պարգեւատրումների համակարգը: Մեզանում հայտնի արեւմտասեր ու անհայտ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ումից եւ սպասելի էր, ոչ տարավ, ոչ բերեց ու հայտարարեց, որ դրանք ժամանակավրեպ ու ատավիստական հետամնաց հարցեր են, եւ որ զարգացած երկրներում պատվավոր կոչում հասկացություն չկա: Արզումանյանից անմասն չմնացին նաեւ այլ պատգամավորներ, որոնք հարցադրումից նաեւ խորհրդային կարգերի հոտ առան, իսկ դրա համար Արզումանյանը խորհուրդ տվեց պատուհան բացել: Թե ինչու են որոշ պատգամավորներ այդքան թույնով լցված կոչումների հանդեպ, երեկ իր ելույթում բավական կտրուկ հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ: Մեզ հետ զրույցում նա ասաց.
-Ցավոք, այս մոտեցումը շատ վտանգավոր է  այն պարզ պատճառով, որ փորձում են վերացնել ուզածդ ոլորտի աշխատողների բարոյական շարժառիթները. հիմքում պահելու միայն փողն ու նյութական շահը: Ստացվում է, որ, ասենք, մանկավարժը չպետք է ձգտի կատարելության իր գործում` վայելելով աշակերտների, ծնողների կոլեկտիվի, առհասարակ հասարակության պատշաճ գնահատականը եւ արժանանալով իր վաստակի համարժեք ճանաչման` պետության կողմից: Նույնը վերաբերում է նաեւ շինարարների, մշակույթի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներին, ովքեր պետք է գործեն այն գիտակցությամբ, որ երկրի համար մի լավ բան են արել եւ իշխանությունների ու ժողովրդի կողմից արժանացել համապատասխան: Իսկ այս ամենի դեմ հակաճառող պատգամավորները փաստորեն ճգնում են մարդկանցից թոթափել լավի ձգտումը, ցանկությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ոլորտի առաջընթաց մեր երկրի պաշտպանվածության ու անվտանգության երաշխիքներից է: Մարդն իր էությամբ այնպիսին է, որ անկախ նրանից, թե արարման ինչ ոլորտ է ընտրել, պետք է ունենա որոշակի սոցիալական սպասումներ, եւ եթե այդ սպասումները չունի, կամա-ակամա իր կյանքը որոշ առումով բովանդակազուրկ է դառնում: Եթե բացակայում է այն գիտակցումը, թե իր աշխատանքը, վաստակը պետք չեն հասարակությանը, ապա կարող է բթանալ սիրո եւ պատասխանատվության զգացումը առ հայրենիք, որն էլ Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում հայտնված երկրի համար, անշուշտ, վտանգավոր է:
Այստեղ կա նաեւ սերունդների փոխկապակցվածության ապահովման անհրաժեշտությունը, որ, ցավոք, գնալով թուլանում է, բայց չէ որ մենք ունենք բժշկների, մանկավարժների, հանքափորների, շինարարների, արվեստագետների գերդաստաններ, որ սերնդեսերունդ շարունակվում են ավանդույթները: Բնականաբար, նրանց արժանավոր ժառանգները պետք է արդարացի ձգտում ունենան` բարձունքներ նվաճելու: Ոմանց թվում է, թե սա հասարակ բան է, առավել եւս, որ ընդունված չէ աշխարհի զարգացած շատ երկրներում: Բայց ամեն ինչ չէ, որ պետք է կույր-կույր ընդօրինակել: Ցավոք, հենց նույն այդ երկրներում այսօր ավելի շատ խոսում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, քան գործազրկության կամ աղքատության մակարդակն իջեցնելու մասին:
Կոչումների շնորհման կարգավորման հարցի կարեւորությունը նաեւ այն է, որ ցանկություն է նշմարվում պղծել դեռ ընդդիմացող մեր հայկական ընտանիքի ավանդական բարքերը: Դրա համար ես հարկադրված էի այդ մասին Ազգային ժողովում կոշտ ելույթ ունենալ: Այստեղ տրամագծորեն հակառակը պնդողների մեկ այլ մոլորություն էլ է թաքնված. եթե դա իրոք մոլորություն է, այլ ոչ թե` գիտակցված քայլ, որը, ինչ խոսք, պարսավելի է: Այո°, շատ աշխարահռչակ մեծություններ Սեզանը, Վան Գոգը, Պոլ Գոգենը չեն ունեցել որեւէ պատվավոր կոչում, սակայն ցուցադրվել են 19-րդ դարավերջի փարիզյան ամենախստապահանջ սալոնում, եւ նման իրավունք վաստակողը մեր այսօրվա պատկերացմամբ հենց վաստակավոր նկարիչ էր: Հիմա մեր վաստակավորների, ժողովրդականների ստեղծագործությունները ցուցադրվում են շատ հայտնի թանգարաններում, իսկ նշանավոր երաժիշտները հանդես են գալիս առաջնակարգ սրահներում, մինչդեռ հենց երեկ ԱԺ-ում ինքը` կոչումների մոլեռանդ հակառակորդ հռետորն ինքն իրեն հակասեց` պնդելով, որ ցարական Ռուսաստանի բարքեր են դրանք` կայսերական կոչումների բաշխմամբ` պալատական նկարիչ, պալատական ճարտարապետ, կայսերական թատրոնի արտիստ եւ այլն: Բայց չէ որ հիմա կայսերական կարգերի բացակայությունը չի ենթադրում նման արվեստագետների վաստակի անտեսում, եւ ըստ արժանվույն նրանց շնորհվում են պատվավոր կոչումներ: Այս կերպ մի ավելորդ փորձ է արվում պատեհ ու անպատեհ սեւացնել անցյալը: Այն, որ նախկին կարգերի օրոք շատ սխալներ են արվել, դա անվիճելի է, չլինեին դրանք, չէր փլուզվի Խորհրդային Միությունը: Բայց դա չի նշանակում, թե պետք է մերժել այն ամենը, ինչ 70 տարի շարունակ ստեղծվել է մեր հայրերի ու պապերի ձեռքերով: Ես հարկադրված էի իմ ելույթում ասել, որ այդ կարգերի վերացումից հետո, երբ ՀՀ նոր իշխանությունները տասը տարի զբաղված էին թալանով ու ավերով, շատ ու շատ շինություններ դիմացան, որովհետեւ դրանց կառուցողները հենց վաստակավոր շինարարներն էին: Ունենք այնպիսի կոթողներ` Հանրապետության հրապարակի անսամբլ, օպերային թատրոն, կասկադ եւ այլն, որոնց թիկունքում կանգնած էին պատվավոր կոչումների արժանացած մարդիկ: Կրկնենք` այս կերպ փորձ է արվում կացնահարել սերունդների պատմական, մշակութային հիշողությունը, որը շատ վտանգավոր հետեւանքներ ունի: Չինգիզ Այթմատովի հայտնի վեպում ասվում է, որ եթե մարդուն ուզում եք դարձնել անիմաստ եւ ապարդյուն կյանքով ապրող մեկը, զրկեք նրան հիշողությունից, դարձրեք մանկուրտ: Հիմա նման քայլերը, որոնք թշնամաբար արվում են հայտնի կենտրոններից ֆինանսավորվող մարդկանց կողմից, հետապնդում են մի նպատակ` հայերիս մոտ բթացնել պատմական հիշողությունը, որպեսզի մոռանանք, թե ինչ է նշանակում գիտություն, արվեստ, մշակույթ, մանկավարժություն, շինարարություն եւ ովքեր են այդ ոլորտների ամենայն մեծարման, այդ թվում` նաեւ պարգեւների արժանի մեր նվիրյալները:
- Կարելի± է ասել, որ այդ պատգամավորների պատկերացումները` զարգացած երկրների մասին, հավասարազոր են ՙԵվրատեսիլ 2014՚-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի ՙտեսակի մեծարմանը՚:
- Ես այդքան պարզունակ չէի ընդունի այդ մարդկանց աշխարհայացքային մոտեցումները: Այստեղ, հավանաբար, ներքին ընդվզում կա իրենց իսկ գիտակցության մեջ: Մի կողմից փորձում են ամեն գնով սեւացնել այն, ինչ ստեղծվել է, իսկ երբ դա չի հաջողվում, նշանակում է, որ իրենք առանց խոստովանելու, գիտակցում են սեփական գաղափարախոսության, իրենց դավանած բարոյազուրկ արժեհամակարգի սնանկությունը: Դրա համար էլ, կատաղի կռվում են անցյալի հետ` ջանալով ժողովրդի վզին փաթաթել վնասակար ՙնոր՚ գաղափարներ:
Ինչ վերաբերում է Կոնչիտային, ՙԵվրատեսիլին՚, սա պարզապես մեկ նպատակ էր հետապնդում, թե` տեսեք Եվրոպան որքան տոլերանտ է, որքան լայնախոհ ու հակված` մարդկանց, այսպես կոչված, գենդերային հավասարության պաշտպանությանը: Բայց սա` առաջին հայացքից: Մինչդեռ, եթե մարդիկ ավելի ուշադիր լինեն ու վերստին անդրադառնան ՙՕվերտոնի պատուհանը՚ անունը կրող հայտնի աշխատությունը, ապա այդ ավստիրացի երիտասարդին կընկալեն ոչ ավելի ոչ պակաս` որպես պետության կազմաքանդման օվերտոնյան տեսության կիրառման ցայտուն օրինակ:
Այսինքն, շուրջ 200 միլիոն հեռուստադիտողին հրամցնում էին մի կերպար, որը պետք է որ խիստ բացասական զգացմունքներ առաջացներ, քանի որ այդ 200 մլն-ից, գոնե 180 մլն-ը կաթոլիկ, բողոքական եւ այլ քրիստոնեական եկեղեցիների հավատացյալներ են: Ցույց տրվեց մի կերպար, որը մեր հավատքով մերժելի է, ավելին` Հին կտակարանով կտրականապես անընդունելի է, եթե հիշենք Սոդոմի եւ Գոմորի կործանման պատմությունը: Երբ Կոնչիտայի նմանները մեծ թիվ կազմեցին, Աստված զայրացավ ու ավերակի վերածեց այդ քաղաքները: Հիմա միլիոնների դատին են հանձնել քրիստոնեական դավանանքին խորթ այդ տեսակը, իսկ հեռուստալսարանն էլ, սկզբում դա մարսում է տարակուսած, իսկ երբ ներկայացվում է եզրափակիչի օրը, արդեն այլանդակությունը դառնում է 37 երկրների կուռքի առարկա, ավելին` մարդկանց գիտակցության մեջ ներդրվում` որպես սովորական մի երեւույթ, որը վաղն արդեն սպասելի է մատաղ սերնդի ընդօրինակման` բոլորը դեպի Կոնչիտա` առանց սեռական պատկանելությունը հաշվի առնելու: Սա հեռուն տանող քաղաքականություն է, որի հիմքում ընկած է յուրաքանչյուր երկրի կայունության պայթեցումը ներսից, իսկ մեր պարագայում այդ կայունության երաշխիքը ընտանիքն է: Մի պահ պատկերացրեք, թե ինչ ողբերգություն կապրեն այն երեխաների ծնողները, որոնց ննջասենյակում հանկարծ կտեսնեն Կոնչիտայի լուսանկարը: Սա հատուկ քաղաքականություն է, որը հասկանալի է, թե որտեղից եւ ինչու է գալիս: Հասկանում ենք նաեւ, թե ինչու են կատաղի հարձակվում Ռուսաստանի նախագահի վրա, ով ասաց, թե եթե այդ ամենը ձեր սրտով է, թույլատրեք, իսկ մենք չենք թույլատրում: Նման ընդվզում էլ հարուցեցին գենդերային հավասարության մասին օրենքի որոշ դրույթների վերանայումն ու ճշգրտումը, համաձայն որոնց` օրենքով, ըստ էության, ամրագրվեց, թե բնությունը եւ Աստված են ստեղծել կին ու տղամարդ, եւ դա երբեք չպետք է խեղաթյուրել զանազան գենդերային խաբեություններով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում