Եթե նախորդ ԱԺ քառօրյաներին եւ արտահերթ նիստի սկզբում ՀԱԿ-ն անբաժան էր ԲՀԿ-ից, ապա այսօր, կարծես թե, վերջիններիս ՙջրերը մի առվով չեն հոսում՚: Կամ ՀԱԿ-ը հիասթափված է ԲՀԿ-ից, որ նրանք ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկած օրինագծին ՙձեռնպահ՚ քվեարկեցին, կամ էլ`
ՙԲարգավաճ Հայաստանը՚ հոգնել է իրենց շարքերում լեւոնզուրաբյանական ներկայությունից: Եվ այստեղ պարարտ հող է ստեղծվել ՕԵԿ-ի համար, ով ժամանակը չկորցրեց ու հարմար առիթի ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքում իրենց առաջարկին կողմ լինելու համար ԱԺ ամբիոնից մի լավ գովաբանեց ԲՀԿ-ին ու ընդդիմադիր գործընկերներին` հուսալով շահել քառյակում ընդգրկվելու ՙԳրին քարտը՚: Ավելին` փորձը փորձանք չէր, ՕԵԿ-ական շնորհակալություններին ի պատասխան` ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հաճախ մոտենում էր ՕԵԿ-ի ֆրակցիային ու հարցեր քննարկում: Մինչդեռ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայի կազմում էր, նման երեւույթ երբեւէ չի արձանագրվել: Չէ, ոչ իշխանական քառյակից կամ կմնան միայն հուշեր, կամ էլ` այն մոտ ապագայում կվերածվի դուետի եւ մանր-մունր սոլո երգողների: